ՆԱՄ-ը 8 տարեկան է. միջոցառումներ` նվիրված Գրիգոր Նարեկացուն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 9, 2012 12:27


Փրկի՛ր ինձ, գթա’ծ, լսի’ր, ողորմա’ծ,
Մարդասիրաբար ներիր ինձ, ներող,
Խնայիր, երկայնամիտ, պաշտպանիր, ապաւեն,
Բարերարիր, հզօր, ազատիր, ամենակալ,
Կեանք տուր, նորոգող, վերականգնիր, ահաւո՛ր,
Լուսաւորիր, երկնային, բժշկի՛ր, ձեռնահաս, քաւի՛ր, անքնին,
Պարգեւատրիր, առատաձեռն, շնորհազարդիր, աննախանձ,
Հաշտուիր, անախտակիր, ընդունիր, անոխակալ,
Ջնջիր պարտքերս, օրհնեա՜լ….
Գրիգոր Նարեկացի
«Ս. Գրիգոր Նարեկացի անունն ենք որդեգրել մեր կենտրոնի համար, որ ստանանք տիրոջ օրհնությունը, որ ծառայենք մշակույթին, որ նարեկյան վեհությամբ եւ այդ ներշնչումով հավատարիմ մնանք Սուրբի անվանը՝ աշխատելով հայ մշակույթի զարգացման համար»,-Նարեկացի արվեստի միության մասին ասում է ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Այդ համոզմամբ 2004 թվականի սեպտեմբերի 5-ին իր դռները բացեց Նարեկացի արվեստի միությունը:
8 տարի անց կենտրոնը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած սկզբունքին՝ ծառայել հայ մշակույթին, աջակցել արվեստագետներին, նպաստել հայապահպանությանը: 8 տարիների ընթացքում ՆԱՄ-ում տեղի են ունեցել 3000-ից ավելի միջոցառումներ՝ բոլորն էլ նվիրված մշակույթին:
ՆԱՄ 8-ամյակի կապակցությամբ այս պահին կենտրոնում անցկացվում է Գրիգոր Նարեկացուն նվիրված միջոցառումների շարք, որոնք մեկնարկեցին սեպտեմբերի 5-ին:
Միջոցառումների հանդիսավոր բացումն սկսվեց ԱՄՆ-ից ժամանած հայր Անտոն Ադամյանի օրհնանքով` ՆԱՄ-ին երկար տարիների խաղաղ ու բեղմնավոր աշխատանք մաղթելով:
«Գիտեք, մեր կենտրոնում հրաշքներ են հաճախ լինում Աստծո կամոք: Ես նախախնամություն եմ տեսնում մեր շուրջը, հենց դրա շնորհիվ էլ մենք բոլորովին պատահաբար ծանոթացանք հայր Անտոնի հետ, ում միջոցով Տերն իր օրհնանքը բերեց մեզ: Այդպես նախախնամության շնորհիվ մենք բազմաթիվ հրաշալի մարդկանց հետ ծանոթացանք, ովքեր իրենց ներդրումն ունեցան ՆԱՄ-ի զարգացման հարցում: Վերջին նման դեպքն եղավ Շուշիում օրեր առաջ, երբ նշում էինք ՆԱՄ Շուշիի կենտրոնի 6-ամյակը, հանդիսավոր միջոցառումը պետք է սկսվեր տեր հոր օրհնությամբ, սակայն նա չեկավ: 25 րոպե անց որոշեցինք առանց նրա սկսել, ու հանկարծ մեկ այլ հոգեւոր հայր եկավ, բոլորովին անսպասելի: Հենց նա էլ տերունական աղոթքով սկսեց միջոցառումը: Եթե նախախնամություն չէ, ապա ի՞նչ է»,-ասաց Նարեկ Հարությունյանը՝ նշելով, որ թեեւ վերջին 2 տարիների ընթացքում մեծ փորձություններ են եղել, սակայն Աստծո օգնությամբ իրենք կկարողանան հաղթահարել:
Հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ նարեկագետ Թոմաս Սամուելյանը, ով իր խոսքում նախ ներկայացնելով Գրիգոր Նարեկացուն` նշեց, որ վերջինիս մեծությունը կայանում է նրանում, որ նա չփորձեց մեղքն իրենից հեռացնել, ինչպես Ադամն ու Եվան, այլ ընդունեց իր մեղավոր լինելն ու ներում հայցեց Աստծուց ի խորոց սրտի:
Միջոցառմանը հնչեցին նաեւ Նարեկյան տաղեր երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ՝ թափանցելով մինչեւ հոգու խորքը, նույն տաղերից թավջութակով կատարեց Գրիգոր Առաքելյանը, նվագեցին «Նարեկացի» ժողովրդական նվագարանների սաներ դուդուկահարներ Արսեն Պետրոսյանն ու Գեւորգ Գազազյանը:
Հանդիսավոր բացման արարողությանը հետեւեց «Նարեկյան պատկերակերտումներ» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին մասնակցում են Հակոբ Հակոբյանը, Արմեն Խոջոյանը, Նարեկ Ավետիսյանը, Գոհար Թումասյանը, Հերիքնազ Գալստյանը, Տիգրան Ասատրյանը, Հովնան Սարգսյանը, Արամ Հունանյանը, Մուշեղ Մխիթարյան, Սևան Նագգաշյանը, Վիգեն Ավետիսը: Այս բոլոր արվեստագետների համար ոգեշնչման աղբյուր է եղել Նարեկացին:
Այս կապակցությամբ ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստաբան Նելլի Խաչատրյանը նշեց, մասնակից արվեստագետներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր մեջ եղած Նարեկացուն, Նարեկացու հույսը, հավատքը, ողբը, լույսը, տառապանքը:
«Ամեն մի արվեստագետ փորձել է ներկայացնել ոչ թե հենց Նարեկացուն, այլ այն Նարեկացին, որ կա իր մեջ, նրա հետ խոհերը, Նարեկացու ըմբռնումը, եւ այդ պատճառով էլ ցուցահանդեսը բազմատարր է, քանի որ մենք տարբեր ենք, Նարեկացին էլ է տարբեր: Ցուցահանդեսին մասնակից արվեստագետներից ոմանք տեսնում են Նարեկացու մեջ աստվածայինը, միստիկը, այդ պատճառով դիմում են սիմվոլների, ոմանք տեսնում են Նարեկացու մեջ պոետը, եւ կան մարդիկ, որ երկխոսության մեջ են Նարեկացու հետ, այսինքն սեփական ողբն են ապրում, եւ մեր կարիքը չունեն, երկխոսություն է, ավելի անձնական է»,-ասաց արվեստաբանը:
«Նկարել եմ Գրիգոր Նարեկացուն՝ մերկ ու վերքերով պատված: Երբ նա խոսում է Աստծու հետ` ասելով. «Բոլոր մեղքերը գործել եմ ես, մեղքը նույն վերքն է մարմնի վրա, մեղավոր մարդը վիրավոր է զգում իրեն, եւ ուզում է, որ Աստված բուժի իր վերքերը` ների մեղքերը»,-ասում է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը:
Ցուցահանդեսի մասնակիցներից գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանն էլ նշեց, որ Նարեկացին եւ հայ քրոստոնեությունը յուրաքանչյուր հայ մտածողի համար նույնական արժեքներ են: «Նարեկ գաղափարը սրբացված է մեզնում, այնքան որ նույնիսկ բուժվում են նրանով: 21-րդ դարում արվեստագետի համար Նարեկը ոգեշնչող եւ նոր գաղափարներ ու հույսեր տվող մեծագույն կերպար է»,-ասաց նա:
Ցուցահանդեսի կուրատոր, ՆԱՄ գեղանկարչական մասով գեղարվեստական ղեկավար Սեւան Նագգաշյանը ցուցահանդեսի մասին ասաց. «Ցուցահանդեսի մասնակիցներս նաև պոեզիայով և երաժշտութեամբ ապրող նկարիչներ ենք, և մեր անմիջական կյանքի մաս են կազմում Նարեկացին` իր անծայրածիր տիեզերային լույսով, Թումանյանը, Չարենցը, Կոմիտասը, Արամ Խաչատրյանը` յուրաքանչյուրն իր գույներն ավելացնելով մեր նկարների մեջ…»:
Գրիգոր Նարեկացուն նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց նաեւ սեպտեմբերի 6-ին: ՆԱՄ-ում Գիրգոր Նարեկացուն նվիրված դասախոսություն կարդաց հայր Անտոն Ադամյանը:
«Նարեկացին մտքի եւ հոգու պարծանք է, ոչ միայն հայ, այլեւ միջազգային չափանիշ է, միստիկ գրականության մեծագույն արտահայտումն է մեր մեջ, որոնք առանձին դաս են կազմում գեղեցիկի գրականության մեջ, քանի որ զգայականով են հավատում, ոչ երեւակայությամբ: Դարի մեծագույն հեղափոխականները, Քրիտոսոտից հետո եկավ, 2-րդ մեծ հեղափոխականը՝ Գրիգոր Նարեկացին՝ ծնված հայ ժողովրդից»,-իր դասախոսության ընթացքում ասաց հայր Անտոն Ադամյանը: Դասախոսության ընթացքում նա ներկայացրեց Նարեկացու կյանքի մանրամասները, նրա ստեղծագործական կյանքն ու խոսեց նրա ստեղծագործության հարատեւության մասին:
Դասախոսության ընթացքում իր անզուգական կատարումներով հանդիսատեսին դարձյալ հիացրեց Գրիգոր Առաքելյանը:
Վերջում ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը դարձյալ շնորհակալություն հայտնեց ներկաներին, իսկ հայր Անտոնին հանձնեց ՆԱՄ խորհրդանշական նվերները` մաղթելով առողջություն եւ հույս հայտնելով, որ ՆԱՄ-ում գոնե տարին մեկ անգամ կկարողանանք նրան տեսնել:
Նարեկ Հարությունյանը ՆԱՄ խորհրդանշական նվեր հանձնեց նաեւ Գրիգոր Առաքելյանին ու «Մշակույթ» ՀԿ-ի նախագահ Անի Զախարյանին: Ի դեպ, հենց վերջինիս, ինչպես նաեւ Վարանդ Պետրոսյանի շնորհիվ էլ ծանոթություն հաստատվեց հայր Անտոնի հետ:
«Իսկապես երեւանյան եւ ընդհանրապես հայ հասարակության համար մի իրական փարոս է Նարեկացի արվեստի միությունը, որ տանում է դեպի լույս: Հենց այստեղ է, որ բացահայտվում է ակունքը մեր, մեր մշակույթի, մեր իրական արմատները»,-ասաց Անի Զախարյանը՝ եւս մեկ անգամ բոլորին շնորհավորելով ՆԱՄ 8-ամյակի կապակցությամբ:
ՆԱՄ 8-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց նաեւ սեպտեմբերի 7-ին. ՆԱՄ-ում կայացավ կինոդիտում ՝ «Նարեկացի որոնելիս», որից հետո եղավ քննարկում ֆիլմի ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հետ:
Տոնական միջոցառումներ են նախատեսվում նաեւ այսօր ու վաղը` սեպտեմբերի 9-ին:
Սպասվող իրադարձությունների մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ` այցելելով հետեւյալ հղումով.


http://www.naregatsi.org/new/arm/events/events_info.php?event_month=September&year=2012&place=yerevan
Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply