Վաղը Հայաստան կժամանի Սիրիայի նախագահը` տիկնոջ հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | հունիսի 16, 2009 16:00

Բաշար Ալ-Ասադը եւ տիկինը` Ասմա Ալ-Ասադը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ–Ասադը եւ տիկինը` Ասմա Ալ–Ասադը:

Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Սիրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար Ալ–Ասադի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հունիսի 17-ի երեկոյան նախագահները տիկնանց հետ կմասնակցեն պաշտոնական ընթրիքի:

Պաշտոնական այցի շրջանակում Բաշար Ալ–Ասադը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Հունիսի 18-ին Հայաստանի եւ Սիրիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ–սիրիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:

Հայաստան այցի օրերին նախագահ Բաշար Ալ–Ասադը կայցելի նաեւ Մատենադարան: Հունիսի 18-ին Սիրիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

Դիտվել է 1091 անգամ:

Leave a Reply