Բռնցքամարտի առաջնությունն անցավ անարդար. հայ կանայք առաջին անգամ` ռինգում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 18, 2010 16:12

Բռնցքամարտի Հայաստանի 2010-ի առաջնությունը կմտապահվի այն առումով, որ առաջին անգամ մասնակցեցին կանայք:

Անցած շաբաթ կայացած մրցումներում կանայք ընդամենը 7-ն էին, իսկ տղամարդ բռնցքամարտիկները` 98-ը: Մարզուհիներից չեմպիոններ դարձան Հայկուհի Նահապետյանը (57 կգ), Արմինե Սինաբյանը (69 կգ), Աննա Հովհաննիսյանը (75 կգ): «Առայժմ մեր մարզուհիները թույլ են: Նրանք դժվարությամբ էին երկու ռաունդ աշխատում,-ասում է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը,- մեր նպատակն է` շնորհալի մարզուհիների  ի հայտ բերելը, նրանց ` 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մեկնարկներին նախապատրաստելը: Ինչպես հայտնի է, առաջին անգամ օլիմպիական ռինգում իրենց կարողություններն են փորձելու նաեւ կանայք: Ինքս հույսեր եմ կապում Աշխեն Սիմոնյանի (75 կգ) հետ, որը եզրափակչում ստացած վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը, եւ Արմինե Սինաբյանի հետ, ով Շվեդիայից է եկել»:

Այժմ մի քանի մտահոգող փաստերի մասին: Առաջնության անցկացման վայր էր դարձել Երեւանի մարզահամերգային համալիրը: Ինչպես հայտնի է, բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահն Արման Մուրադյանն է, որը Երեւանի մարզահամերգային համալիրի բաժնետերերից է: Եվ ահա, միջոցառման կազմակերպման  համար մրցավայր էր ըտրվել նրա  օբյեկտը: Սակայն հանդիպումներն անցկացվեցին, ոչ թե մարզասրահում, այլ ճեմասրահում, որտեղ  աթոռներ էին տեղադրվել և  ոչ բոլորն էին նստելու տեղ գտել ու, առաջնության ընթացքին  մարզասերներից շատերը ստիպված էին հետեւել ոտքի վրա կանգնած: Սակայն, ինչպես բռնցքամարտի սիրահարները,այնպես էլ բոլոր մասնակիցները մրսում էին, քանի որ մարզասրահը չէր ջեռուցվում: Հատկապես դժվար էր մարզիկ-մարզուհիների համար, ովքեր մրցում էին թեթեւ մարզաշապիկներով:

Անվանի բռնցքամարտիկներից երկուսը բացակայում էին: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանին (60 կգ) խանգարել էր մրսածությունը: Իսկ Եվրոպայի չեմպիոն Էդիկ Համբարձումյանը (64 կգ) հոնքի վնասվածք ուներ եւ մնացել էր իր բնակավայր Սոչիում:

Տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ 11 հանդիպումներից երկուսը չկայացան: Դժվար է ասել, թե որն էր պատճառը, սակայն 75 կգ քաշայիններ, էջմիածնեցի Անդրանիկ Հակոբյանի եւ լոռեցի Արթուր Ուլիխանյանի մրցամարտը չկայացավ: Հայտարարվեց, որ վերջինս վնասվածք է ստացել եւ չի մրցի աշխարհի գավաթակրի, աշխարհի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսները կրող Հակոբյանի հետ: Գերծանր քաշային կարգում իրար հետ Հայաստանի չեմպիոնի կոչումը պետք վիճարկեին գյումրեցի եղբայրներ Բագրատ եւ Հովհաննես Օհանյանները:  Ավագը` Բագրատն առանց ռինգ դուրս գալու հաղթանակը զիջեց  Հովհաննեսին, ով անցյալ տարի դարձել էր Հայաստանի չեմպիոն եւ սպորտի վարպետի նորման լրացնելու համար անհրաժեշտ էր մեկ անգամ, եւս կրկնել այդ հաջողությունը:

Իսկ 28-ամյա Բագրատի մասնակցելը առաջնությանը զարմացրել էր մասնագետներին, քանի որ տարիներ առաջ, աշխարհի երիտասարդների չեմպիոն դառնալուց հետո նա բախտ էր որոնում ամերիկյան պրոֆեսիոնալ ռինգում, իսկ մեկ այդպիսի հանդիպում անցկացրած բռնցքամարտիկն այլեւս իրավունք չունի բռնցքամարտիկների սիրողական  մրցումներին  մասնակցել: Եվ ահա, 4 տարվա պարապուրդից հետո, նա  կրկին մրցումերի էր մասնակցում:

Մյուս քաշային կարգերում չեմպիոններ դարձան Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Կարեն Այլազյանը (54 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ), Արմեն Եփրեմյանը (69 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ), Ցոլակ Անանիկյանը (91 կգ):

Եթե Եվրոպայի փոխչեմպիոն  Անանիկյանը հինգ գլխով մրցակիցներից բարձր էր, ապա մեր մյուս տիտղոսակիրները, կարելի է ասել, եզրափակչում կասկածելի հաղթանակներ տարան: 48 կգ քաշայիններ` Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի հանդիպումից հետո մրացավարները կարող էին հաղթանակը շնորհել նաեւ 18-ամյա Հովհաննիսյանին: Թվում էր, թե պարտվել է նաեւ Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ`54 կգ քաշային Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կարեն Այլազյանը, որի մրցակիցը Մանվել Սարգսյանն էր: Սակայն մրցավարներն այն կարծիքի էին, որ առավելություն են ունեցել Դանիելյանը եւ Այլազյանը: Սարգսյանի մարտավկաները դժգոհեցին, աղմկեցին, բայց ոչինչ չփոխվեց: Կասկածներ թերեւս շատ չլինեին, եթե մրցավարությունը կատարվեր համակարգիչների օգնությամբ, սակայն Հայաստանում  չտեսնելու են տալիս այն, ինչը վաղուց կիրառվում է ողջ աշխարհում. մեր երկիրն առայժմ առաջնությունների մրցավարության ժամանակ էլեկտրոնային սարքավորումներ չի կիրառում:

Փետրվարի 15-21-ին Բուլղարիայում անցկացվելու է միջազգային մրցաշար, որին մասնակցելու են Դանիելյանը (48 կգ), Համբարձումյանը (64 կգ), գերծանր քաշային Բագրատ Օհանյանը: Մինչեւ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելը դեռ զգալի ժամանակ կա: Այն կայանալու է հունիսի 4-13-ին, Մոսկվայում:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply