Ինտերնետն իսկական չարիք է անպտղության դեմ պայքարում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2012 15:53

Վերարտադրողական առողջությունն ու, ընդհանրապես, սեռական դաստիարակությունը բավականին կարևոր հոգեֆիզիոլոգիական երևույթ է: Խոսելով սեռական և վերարտադրողական առողջության մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս փաստը կարևորեց հոգեբան Աննա Բադալյանը:

“Ընդհանրապես խնդրին  պետք է անդրադառնալ դեռ դպրոցական տարիքից, նույնիսկ ավելի շուտ` վաղ մանկական տարիքից, իհարկե, յուրաքանչյուրին պետք է  կրթել իր տարիքին համապատասխան մտահորիզոնին ու վարքին համապատասխան”,- նշեց մասնագետը`  նկատելով, որ այսպիսի օրինակներ մենք արդեն ունենք, քանզի դպրոցներում արդեն սեռական դաստիարակության դասաժամեր կան, բարձր դասարաններում  ավելացել են նաև սեռական հարաբերությունների էթիկայի մասին դասեր:

Ասուլիսին ներկա մյուս բանախոս, “Ֆերթիլիթի սենթր” պտղաբերության կենտրոնի տնօրեն, բժիշկ Էդուարդ Համբարձումյանն էլ, խոսելով վերարտադրողական առողջության վերաբերյալ խնդիրների մասին` ասաց, որ սա ոչ թե միայն կնոջ և տղամարդու խնդիրն է, այլ պետության, քանի որ կա ազգաբնակչության վերարտադրողության խնդիր. “Ամուսինների մոտ խնդիր լինելու դեպքում պետք է նրանք միասին դիմեն բժշկի, և ոչ թե, ինչպես Հայաստանում է տարածված, միայն կնոջն ուղարկեն”:

Է. Հանբարձումյանը նաև խոսեց անպտղության բուժման գների մասին` նշելով, որ Հայաստանում այս համարվում է ամենաթանկ բուժվող հիվանդություններից մեկը և կարող է արժենալ ընդհուպ 3000 դոլար և տևել նույնիսկ մի քանի տարի:

“Անկախ”-ի այն հարցին, թե ժամանակակից տեխնիկայի ու ինֆորմացիայի ազատ հոսքի պայմաններում, երբ երեխաներն ազատ կարողանում են ինտերնետի, հեռուստատեսության ու տարատեսակ գրականության միջոցով ինքնասեռակրթվել` հաճախ ստանալով իրենց տարիքին ոչ համապատասխան սեռական կրթություն, արդյոք դա հոգեկան շեղումներ չի առաջացնի նրանց մոտ կամ ազդի անձի հոգեվիճակի վրա, հոգեբան Աննա Բադալյանն ասաց, որ միանգամայն համաձայն է այս դիտարկմանը, և հիմնական խնդիրը այս հարցում դրված է ծնողների վրա, որ կարողանան ճիշտ դաստիարակել իրենց երեխաներին, քանի որ չի բացառվում, որ վաղ տարիքում առաջացած նման հոգեբանական տրավմաները հետագայում հենց անպտղության պատճառ դառնան :

Վերջում երկու բանախոսներն էլ անպտղության հարցում իսկական չարիք համարեցին ինտերնետը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply