Դանակն արդեն ոսկորին է հասել. բնապահպան Կարինե Դանիելյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 15:02
“Անկախությունից հետո, հատկապես` քաղաքաշինության բուռն շրջանում, մեր կանաչ տարածքների մինչև 70%-ը կորցրել ենք”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստեց բնապահպան, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը:
Նշենք, որ քաղաքապետի որոշմամբ Երևանի քաղաքաշինական խորհրդին առընթեր ստեղծվել է էկոլոգիական հանձնաժողով, որը բնապահպանների հետ միասին կփորձի վերացնել մայրաքաղաքում տիրող էկոլոգիական աղետալի վիճակը:
Դանիելյանը նշեց, որ բնապահպաանականից բացի քաղաքաշինական խորհրդին կից ստեղծվել են ևս մի քանի հանձնաժողովներ:
“Մենք մտնում ենք պատերազմի մեջ, եթե մինչև հիմա փողոցներում ենք պայքարել, արդեն ավելի մեծ հնարավորություններ կունենանք: Իրավիճակը պետք է փոխվի, կհաջողվի՝ կհաջողվի, չի հաջողվի` մարդկանց կասենք հաջողություն”,- ասաց Դանիելյանը` ընգծելով, որ դանակը արդեն ոսկորին է հասել:
Քաղաքապետարանի հրամանը հուլիսի 27-ին է եղել, որտեղ հիմնականում ընդգրկվել են ՀԿ-ների ներկայացուցիչներ և գիտության կրթության մարդիկ, այսինքն՝ մասնագետներ: Առայժմ խոսվել է կանոնակարգի վերաբերյալ, որը դեռևս մշակված չէ:
Կարինե Դանիելյանի խոսքով մարմինը կրում է խորհրդատվական բնույթ, իսկ թե ինչ իրավասություններ կունենա, առայժմ պարզ չէ. “Քննարկման փուլում են մեր իրավասությունները: Դրանականն այն է, որ սա առաջին դեպքն է, երբ մեզ կանչեցին և ասացին՝ եկե՛ք փորձենք, տեսնենք: Մենք ենք միշտ դռները թակել և մեզ ասել են՝ հանգիստ թողեք”:
Հանձնաժողովն իր հերթին բաժանվել է ենթախմբերի՝ ընդգրկելով թափոնների, սեյսմիկ իրավիճակի, կանաչապատման, ջրային ռեսուրսների և նույնիսկ պատմամշակութային խնդիրներով զբաղվող առանձին խմբեր:
Ասուլիսին ներկա մյուս բանախոս Ռուզաննա Ղազարյանը, ով հանձնաժողովի անդամներից է, բոլորին խորհուրդ է տալիս ակտիվ մասնակցությունն ցուցաբերեն իրենց նպատակների իրականացման գործում` քաղաքի շրջակա միջավայրը ազատելով այս էկոլոգիական խնդիրներից:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
