Դուռը փակել և դուրս գալ միշտ էլ կարելի է. Կարինե Դանիելյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 14:21
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևանի քաղաքաշինական խորհրդին առընթեր ստեղծվել է էկոլոգիական հանձնաժողով, որի նպատակն է սերտացնել բնապահպանների և քաղաքապետարանի համագործակցությունը, մասնավորապես` քաղաքաշինության ոլորտում:
Այսօր կայացած մամլո ասուլիսում այս մասին հայտարարեց Քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը:
Վերջինս նախ նշեց, որ Երևանի բնակիչներից որևէ մեկը, ում իրենք հարցում են արել, քաղաքի շրջակա միջավայրի վիճակը լավ չի գնահատել: Ուստի իրենք հիմա այս հանձնաժոովի միջոցով փորձելու են առավել ակտիվ աշխատանքներ տանել քաղաքապետարանի հետ միասին` վիճակը շտկելու համար: Հանձնաժողովում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների, գիտության եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Դանիելյանը նշեց, որ սա առաջին դեպքն է, երբ երկու կողմերը փորձում են համատեղ աշխատել և կենտրոնացնել ուժերը. “Դուռը փակել և դուրս գալ միշտ էլ կարելի է, սակայն ևս մեկ անգամ հօգուտ մեր քաղաքի աշխատելը կարևոր է”:
Բանախոսը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ առաջին հերթին հանձնաժողովն իր գործունեությունը պետք է ուղղի կցակառույցների, դպրոցների «գլխին կանգնած» բարձրահարկ շենքերի ապամոնտաժմանը և նման ապօրինի շենքերի կառուցման կանխմանը. “Նման շինարարություններ կան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, մասնավորապես` Կենտրոնում: Առհասարակ, քաղաքների համար ամենախոցելի տեղը կենտրոնն է, իսկ մենք այն ավելի կանաչապատելու փոխարեն խտացրել ենք շենքերով, հսկայական քանակությամբ մեքենաներով”:
Ասուլիսի մյուս բանախոս, քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Երիցփոխյանն էլ իր հերթին ավելացրեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների, քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը այժմ սերտորեն համագործակցում է մյուս վարչությունների հետ և ոլորտի բացթողումները պատրաստ է լուծել փոխադարձ համագործակցության միջոցով:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
