Հայաստանի 440 համայնքներ պատրաստվում են կիրակնօրյա քվեարկությանը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 14:01
Հայաստանի Հանրապետության հինգ մարզերում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ լռության օր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԿԸՀ պաշտոնական կայքը, սեպտեմբերի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Արարատի եւ Արմավիրի 97, Լոռու մարզի` 113, Շիրակի` 119, Սյունիքի` 109 համայնքներում: Արտահերթ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արարատի մարզի Սիփանիկ համայնքում: Արարատի մարզում գրանցված են 129 թեկնածուներ, Արմավիրում` 103, Լոռիում` 166, Շիրակում` 174, Սյունիքում` 144:
Գրանցված թեկնածուներից 289-ն անկուսակցական են, 342-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ: ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի 48 թեկնածու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են, 20-ը` Հայ հեղափախական դաշնակցությունից: Տասներկու թեկնածու «Օրինաց երկիր» կուսակցությունից են եւ մեկական թեկնածուներ ունեն` «Ժառանգություն», Ռամկավար ազատական, Միացյալ ազատական ազգային, «Ազգային ժողովրդավարական միություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները:
Հինգ համայնքների ղեկավարի թեկնածուների գերակշռող մեծամասնությունը 40-60 տարեկան են. Արարատում` 95-ը, Արմավիրում` 75, Լոռիում` 108, Շիրակում` 120, Սյունիքում` 97-ը: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար դառնալ ցանկացողներից 53-ը` 60-ից բարձր տարիքի են, 168-ը` մինչեւ 40 տարեկան: Համայնքի ղեկավարի կին թեկնածուների մեծ մասը` 13 հոգի առաջադրված են Սյունիքում: Ընդհանուր առմամբ` գրանցված է 33 կին թեկնածու: Արական սեռի ներկայացուցիչների թիվն անհամեմատ մեծ է` 683 թեկնածու:
ՏԻՄ ընտրություններին 19 կազմակերպության կողմից կհետեւեն 1150 դիտորդներ: Կարճաժամկետ դիտորդական առաքելություն կիրականացնեն նաեւ միջազգային դիտորդները, ովքեր սեպտեմբերի 6-7-ին արդեն ժամանել են Հայաստան, իսկ ընտրության օրը կլինեն տեղամասերում, կհետեւեն ընթացքին: ՀՀ ԿԸՀ տվյալների համաձայն` հինգ մարզերում համայնքների ղեկավարի պաշտոններում նախապես առաջադրված 950 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել 218-ը, ավագանու անդամների 4251 թեկնածուներից` 166-ը:
ՏԻՄ ընտրություններին գրանցված շուրջ 800 թեկնածուներն իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել օգոստոսի 16-20-ը: ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը ԿԸՀ-ն կատարել է էլեկտրոնային վիճակահանության միջոցով: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 376-ական, «Բարգավաճ Հայաստան»-ը` 264-ական, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը` 66-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 47-ական, «Օրինաց Երկիր» կուսակցությունը` 47-ական, «Ժառանգություն» կուսակցությունը` 47-ական նախագահ եւ քարտուղար:
Նախընտրական քարոզչությունն իրականացվել է օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը: Քվեարկությունը կսկսվի սեպտեմբերի 9-ին` ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 14-ին:






Facebook
Tweet This
Email This Post
