Հայ-թուրքականը հարաբերությունները՝ «անհույս» վիճակում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 18, 2010 16:59

Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերցման հնարավորությունը գնալով  ավելի է նվազում, ինչն էլ փաստում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի խորը ճգնաժամային վիճակի մասին: Այսօր այս մասին ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Թուրքական կողմի վերաբերմունքի փոփոխությունների հիմքում Իսկանդարյանի կարծիքով մի շարք գործոններ են. «Թուրքիան ի սկզբանե այնքան էլ ճիշտ չէր հաշվարկել Ադրբեջանի արձագանքը: Նրանք հասկանում էին, որ արձագանքը բացասական կլինի, բայց ոչ այսքան: Բացի այդ, Թուրքիայում իշխող կուսակցության վարկանիշն ընկել  է` 30 %-ից պակաս է , իսկ առջևում խորհրդարանական ընտրություններն են»,-ասում է Իսկանդարյանը:

Քաղաքագետը նշում է, որ Թուրքիայի վրա ճնշումներ միանշանակ կատարվում են, սակայն մեծ է հավանականությունը, որ դրանք չեն բավարարի`հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար:

Իսկանդարյանն օրերս է վերադարձել Թուրքիայից, որտեղ, իր խոսքերով` քաղաքագետները ներկա իրավիճակը բնորոշում են hopless` «անհույս» բառով. «նրանք ասում են, որ գործընթացն արդեն դադարել է»: Եթե այս իրավիճակը ձգձգվի ևս 1-2 ամիս, ապա,  ըստ քաղաքագետի, գործընթացը կդադարի ու հետագայում ստիպված պետք է լինի սկսել զրոյից:

«Հայաստանը միայն մի տարբերակ ունի`գործընթացի ներկա վիճակի վրա ազդելու ու Թուրքիային անհարմար դրության մեջ դնելու. Հայաստանը կարող է վավերացնել արձանագրություններն ու փաստել, որ իր կողմից ամեն քայլ կատարվել է»,-ասում է Իսկանդարյանը:

Դիտվել է 2165 անգամ:
Print Friendly

Leave a Reply