Հայ-թուրքական արձանագրությունները դեռևս ԱԺ նստաշրջանի օրակարգում են
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2012 13:08Սեպտեմբերի 10-ին կմեկնարկի հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը:
Առաջին նիստում խորհրդարանի հաստատմանը կներկայացվեն նստաշրջանի և սեպտեմբերի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք ձևավորվոլ են ԱԺ-ի սեպտեմբերի 7-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված է 35 հարց և 16 միջազգային պայմանագիր: Հարցերից 26-ը և պայմանագրերից 15-ը ընդգրկված են ԱԺ-ի սեպտեմբերի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Քառօրյայի օրակարգի նախագծում չընդգրկված միակ պայմանագիրը 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն են:
Դրանք դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում` 2010թ.-ի փետրվարի 15-ից, ընդգրկված են նստաշրջանի օրակարգում: Փետրվարի 22-ից արձանագրություններն ընդգրկվեցին նաև քառօրյա նիստերի օրակարգ, սակայն երկու ամիս անց` ապրիլի 22-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն, կասեցվեցին և հանվեցին քառօրյա նիստերի օրակարգից:
Արդյունքում` արդեն երկուսուկես տարուց ավելի արձանագրությունները մնում են նստաշրջանների օրակարգում, ինչն այս ընթացքում յուրաքանչյուր անգամ օրակարգի հաստատման ժամանակ խորհրդարանական ընդդիմության դժգոհության առիթ է հանդիսանում: Մասնավորապես, «Ժառանգություն»-ը յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգի մասին որոշմանը դեմ է քվեարկել` դրանում արձանագրությունների առկայության պատճառով:
Ակնհայտ է, որ այս անգամ ևս վիճահարույց այս հարցը չի շրջանցվի:
Փաստինֆո







Facebook
Tweet This
Email This Post
