ԱՌԱՋԻՆ ՍԵՔՍԸ. սեքսաբանը ներկայացնում է առաջին «անգամվա» խնդիրները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 22, 2010 10:46

Առաջին սեռական հարաբերության  անհաջողությունը կարող է  սեռական խախտումների, սեռական ցանկության նվազման  կամ՝ տղամարդկանց դեպքում, սեռական թուլության պատճառ դառնալ

ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասում է, որ «առաջին անգամը» շատ կարեւոր է եւ կնոջ, եւ տղամարդու հետագա սեռական կյանքի համար:

Շահրամանյանն ասում է, որ ժամանակակից հայերը բավական շատ անհանգստություններ ունեն առաջին գիշերվա հետ կապված: Դրա  հիմնական պատճառն այն է, որ չկա  ճիշտ եւ գրագետ տեղեկատվություն:

«Եւ տղամարդիկ, եւ կանայք շատ են անհանգստանում այս հարցի կապակցությամբ, որովհետեւ չունեն հստակ ինֆորմացիա, թե ինչ է իրենից ներկայացնում դեֆլորացիան(կուսազրկումը)», – ասում է սեքսաբանը:

Շահրամանյանն ասում է, որ մեր հասարակության մեջ շատ են տարածված, մասնավորապես, կուսաթաղանթի տեղադրվածության եւ ձեւի, ինչպես նաեւ սեռական օրգանների չափի, եւ տեղադրվածության մասին սխալ պատկերացումները: Օրինակ, շատերը կարծում են, որ կուսաթաղանթը գտնվում է ինչ-որ «խորքերում» եւ իրենից ինչ-որ բարակ սպիտակ թաղանթ է ներկայացնում:

Եւս  մեկ տարածված մոլորություն է, որ բոլորը սպասում են, թե կուսազրկման ժամանակ տանջալի ցավեր եւ արյան հեղեղներ են լինում:

«Բոլորը, չգիտես ինչու, կուսազրկումից հետո փորձում են փնտրել արյան հետքեր, – ասում է բժիշկը: – Իրականում բոլորովին էլ պարտադիր չէ, որ կուսազրկման ժամանակ արյուն լինի: Կուսաթաղանթն իրականում շատ աղքատ արյունամատակարարում ունի, եւ եթե կնոջ անոթներն էլ խորը դասավորվածություն ունեն, ապա արյունահոսություն կարող է ընդհանրապես չլինել»:

Ըստ սեքսաբանի, ցավի եւ արյան առկայությունը կուսազրկման ժամանակ կախված է նաեւ կուսաթաղանթի կառուցվածքից եւ գուգընկերոջ վարքից. որոշ դեպքերում կուսազրկումը կարող է իրոք շատ ցավոտ լինել եւ զուգակցվել արյան հեղեղներով, մինչդեռ, այլ դեպքերում, կարող են բոլորովին բացակայել եւ ցավը, եւ արյունը: «Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ», – բացատրում է բժիշկը:

Ըստ Շահրամանյանի, եթե կուսաթաղանթը շատ առաձգական է, այն կարող է չպատռվել ոչ միայն սեռական ակտից, այլ նաեւ գինեկոլոգիական հայելիների միջոցով հետազոտությունից: Այս տիպի կուսաթաղանթը կպատռվի միայն ծննդաբերության ժամանակ:

«Որոշ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել շատ ամուր եւ խանգարել առնանդամի ներթափանցմանը», – ասում է սեքսաբանը եւ ավելացնում, որ նման խնդիրներ, որպես կանոն, առաջանում են այն կանանց մոտ, ովքեր համեմատաբար ուշ են սկսում սեռական կյանքը: Բանն այն է, որ կուսաթաղանթը, ինչպես եւ մարմնի բոլոր մյուս հյուսվածքները, տարիքի հետ կորցնում է իր առաձգականությունը:

Ըստ Շահրամանյանի, երբեմն հանդիպում են նաեւ կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Խիստ պահպանողական ընտանիքներում նման դեպքերը՝ մարդկանց ճիշտ սեռակրթության եւ գիտելիքների բացակայության ժամանակ կարող են կոնֆլիկտների, նույնիսկ ամուսինների բաժանման պատճառ դառնալ:

Մեկ այլ սխալ պատկերացման համաձայն, աղջիկները կարծում են, որ նույնիսկ առաջին սեռական փորձը մի աննկարագրելի հաճույք է լինելու (նման աղջիկները, որպես կանոն, հիասթափվում են առաջին փորձից հետո, եւ սա կարող է հետագա սեռական խնդիրների պատճառ դառնալ): Սակայն հայտնի է, որ կանանց 98%-ն առաջին մերձեցման ժամանակ օրգազմ չի ապրում՝ հիմնականում վախի եւ լարվածության պատճառով: Որոշակի ժամանակ եւ ճիշտ մոտեցում է անհրաժեշտ, որ կինը սկսի սեքսից հաճույք ստանալ:

«Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում (ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից), բայց այդ կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` նվազել, ինչը կավելացնի հարաբերության տևողությունը», – ասում է Շահրամանյանը:

Բժիշկն ասում է, որ ամաչկոտ եւ կասկածամիտ տղամարդիկ կարող են իրենց վախերի եւ անվստահության պատճառով էրեկցիայի հետ խնդիրներ ունենալ: Այսպիսի դեպքերում երիտասարդ կնոջ վարքը շատ կարեւոր է, քանի որ հանդիմանությունները կամ անզգույշ դիտողությունները կարող են էլ ավելի մեծացնել տղամարդու անվստահությունը եւ հետագա խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

Սեքսաբանն ասում է, որ սխալ պատկերացումներից զերծ մնալու համար շատ կարեւոր է, որ երիտասարդները դեռ վաղ տարիքից ստանան գրագետ ինֆորմացիա եւ ճիշտ սեռական դաստիարակություն: «Մայրերը պետք է անպայման զրուցեն իրենց դուստրերի հետ, խոսեն դաշտանի, դրա ֆունկցիայի ու առաջին գիշերվա մասին: Նրանք պետք է բացատրեն, թե ինչ է կուսաթաղանթը եւ ինչ է իրենից ներկայացնում կուսազրկումը, – ասում է Շահրամանյանը: – Տղամարդիկ նույնպես պետք է տեղեկացված լինեն այս ամենի մասին եւ իմանան, թե ինչպես պիտի կատարվի կուսազրկումը՝ կնոջը շատ տհաճ զգացումներ չպատճառելու համար»:

Ըստ բժիշկ Շահրամանյանի, հայ տղամարդկանց մեծ մասը գիտելիքներ է ստանում բավականին կասկածելի արժեք ունեցող պոռնոֆիլմերից, եւ եթե նրանք առաջնորդվում են այդ «գիտելիքներով», ապա առաջին գիշերն իրենց կանանց համար իրոք լինում է եւ ցավոտ, եւ տհաճ, եւ բազմազան վատ հիշողություններ է թողնում:

«Առաջին գիշերը շատ կարեւոր է յուրաքանչյուր կնոջ համար, – ասում է սեքսաբանը: – Եթե առաջին անգամը լինի տհաճ, այն կարող է հետք թողնել կնոջ հետագա կյանքի վրա: Վախից եւ անհանգստությունից նա կարող է նաեւ հրաժարվել ամուսնու հետ հաջորդ մերձեցումներից»:

Սեքսաբանի խորհուրդները

Բժիշկ Վրեժ Շահրամանյանը խորհուրդներ է տալիս առաջին գիշերվա «հերոսներին»

1. Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում:

2. Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո: Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ դրանք լինեն, այնքան անցավ կանցնի «վիրահատությունը»: Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը: Զուգընկերուհուն դրան հասցնելու համար պետք է ամենաանմիջական ուշադրությունը դարձնել նրա ծլիկին: Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը` ծլիկային օրգազմը զուգընկերուհու մոտ առաջին սեքսուալ փորձից կթողնի հաճելի տպավորություն: Մի խոսքով` խրախուսելի է ավելի երկար ժամանակ տրամադրել սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները՝ նրան հնարավոր ցավից շեղելու համար:

3. Հեշտոցի խոնավացման համար երբեմն անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ՝ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար չափով կամ ,ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ: Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար:

4. Դեֆլորացիային ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա: Ներհրեք առնանդամն արագ, վստահ շարժումով, սակայն ոչ մի դեպքում` կտրուկ: Պետք է գործել շատ վստահ‘ վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին ամուսնական գիշերը կվերածեն իսկական փորձության:  Իսկ դա սպառնում է սեքսուալ նևրոզների մի ողջ փնջով: Հետևաբար, ցանկալի է, որ կուսազրկումը կատարի ինքնավստահ տղամարդը:

5. Առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե կնոջ ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը՝ լայնորեն կողմ տարված: Եթե ոտքերը պարզված պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ:

6. Առնանդամի ներթափանցման պահին ցանկալի է, որ կինը մի թեթև լարի որովայնի մկանները՝ կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել: Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը: Իսկ եթե զուգընկերն էլ սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը:

7. Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկնման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ:

8. Կուսազրկումը ցանկալի է կատարել պահպանակով՝ բորբոքումներից եւ այլ նման խնդիրներից զերծ մնալու համար: Հետո, եթե զույգը ուզում է շուտ երեխաներ ունենալ, պահպանակից կհրաժարվեն:

9. Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում, որ ավելի վաղ հարաբերություն ունենան:

10. Բարդ և խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է՝ նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպել:

«Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ և տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է», – ասում է բժիշկ- սեքսաբան Շահրամանյանը:

Դիտվել է 209944 անգամ:
Print Friendly

Leave a Reply