ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակին նվիրված ընդունելություն

Պաշտոնական, Օրվա լուր | | September 7, 2012 23:09


Այսօր արտաքին գործերի նախարարությունը և ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակը կազմակերպել էին Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամ 25 դեսպաններ, Երեւանում դիվանագիտական ներկացուցչությունների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ԵԱՀԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. «Անկախությունից անմիջապես հետո Հայաստանի առաջին քայլերից էր անդամակցությունը ԵԱՀԿ –ին: Այդ կազմակերպությունը միտված է անվտանգության դաշտ ստեղծել Վանկուվերից Վլադիվոստոկ: Հայաստանը կազմակերպության աշխատանքներին ակտիվ իր մասնակցությամբ նպաստում է միասնական եւ անբաժաման եվրատլանտյան և եվրասիական անվտանգության ապահովմանը: Առաջին իսկ օրվանից մենք ակտիվ կերպով մասնակցել ենք տարբեր մակարդակներով բազմաթիվ հանդիպումների և հավաքների և նպաստել ենք բոլոր հիմնական փաստաթղթերի և որոշումների բանակցմանն ու ընդունմանը:

Առավել քան տասը տարի գործող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում: Արդյունավետ համագործակցությունը է հաստատած Հայաստանի կառավարության եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջեւ:

ԵԱՀԿ-ին անդամակցության քսան տարիների ընթացքում Հայաստանը կայուն առաջընթաց է ապրել, ինչի արդյունքում այժմ ամուր հիմք է դրված մեր երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար: Բայց դեռ բավական անելիքներ կան եւ այս գործում մենք կշարունակենք ակնկալել նաեւ ԵԱՀԿ աջակցությունը:»

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Իռլանդիայի դեսպան Էոին Օ՛Լիրին:

Ընդունելության ընթացքում տեղի ունեցավ նաև ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply