Սաֆարովյան ճգնաժամը. ողջ Եվրոպան միաձայն դատապարտում է Ադրբեջանի հակահայկական քսենոֆոբիան. Ղարաբաղյան հակամարտությունը սրելու սադրանքները պետք է խելացի պատասխան ստանան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 7, 2012 21:12
Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (www.EuFoA.org) խորապես ողջունում է Ադրբեջանի հակահայկական քսենոֆոբիայի աննախադեպ դատապարտումները եվրոպական բոլոր կառույցների և միջազգային հանրության կողմից (տես ցուցակը ստորև): Մենք սարսափած ենք այն փաստից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացահայտ սադրանքները և ուժի սպառնալիքները Հայաստանի և աշխարհի հայության դեմ հասցրել են ղարաբաղյան հակամարտությունը լարվածության սրման հաջորդ մակարդակին: Սա կարող է կարճաժամկետ կտրվածքում ծառայել Ադրբեջանի նախագահի ներքին շահերին՝ 2013 թ.-ին սպասվում են նախագահական ընտրությունները: Հաշվի առնելով նրա ինքնիշխան և մինչ օրս չվիճարկվող կառավարությունը, ռիսկը իր և իր երկրի համար, ինչպես նաև հասցված վտանգը չեն կարող համեմատվել հայատյացության և քսենոֆոբիայի միջոցով ձեռք բերված կարճաժամկետ քաղաքական օգուտների հետ:
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոքը` Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամը, մեկնաբանել է. «Ես խորապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին Բաքու ժամանելուց անմիջապես հետո ներում շնորհելու, ինչպես նաև նրան հրապարակավ փառաբանելու, մայորի կոչում շնորհելու, 8 տարվա աշխատավարձը վճարելու և նրան բնակարան առաջարկելու որոշմամբ: Ադրբեջանը գրավոր խոստում էր տվել Հունգարիայի իշխանություններին, որ Սաֆարովը կշարունակի ցմահ ազատազրկման պատիժը կրել առնվազն ևս 25 տարի Ադրբեջան վերադառնալուց հետո: Այժմ Ադրբեջանը խախտել է իր խոստումը: Սաֆարովը ադրբեջանցի զինվոր է, ով սպանել է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի ուսուցողական ճամբարում Բուդապեշտում 2004 թ.-ին: Նրան ազատ արձակելու որոշմամբ Ադրբեջանը շրջանցում է ԵՄ անդամ-երկրի դատարանի վավեր դատավճիռը և նրան ներկայացնում որպես օրինակ Բաքվում հավաքված ողջունով երիտասարդներին:» Հատկանշական է այն, որ Սաֆարովը սպանել է Մարգարյանին գլխին հասցված կացնի 16 հարվածով այն ժամանակ, երբ վերջինս քնած էր և դատապարտման ժամանակ որևէ զղջում չի ցուցաբերել:
Այս իրադարձությունների լույսի ներքո և Եվրատեսիլ մրցույթի ժամանակ ակնհայտ դարձած ճնշումները հաշվի առնելով` ՀԵԲ-ը պահանջում է, որ ԵՄ-ն վերջապես ընդունի, որ Ադրբեջանին ավելի քննադատաբար պետք է վերաբերվել, քան Բելառուսին, որը, ինչպես հայտնի է, ունի նմանատիպ ներքաղաքական ռեպռեսիվ ռեժիմ բայց առանց Ադրբեջանում առկա պատերազմատենչության և պետության կողմից սատարվող քսենոֆոբիայի: Մենք տեղյակ ենք և խորապես ողջունում ենք այն փաստը, որը ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները քննարկելու են այս հարցը իրենց առաջիկա հանդիպման ժամանակ և այն, որ Եվրախորհրդարանը քննարկելու է իրավիճակը և հնարավոր է բանաձև ընդունի հաջորդ շաբաթ:
«Ինչու ենք իրականացնում ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրեր նավթով հարուստ և անկհայտորեն հակադեմոկրատական Ադրբեջանի կառավարության հետ այն դեպքում, երբ մենք պատժամիջոցներ ենք կիրառում Բելառուսի դեմ: Սա հնարավոր չէ բացատրել եվրոպական ընտրողներին», – մեկնաբանում է ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Միխայել Կամբեքը: «Հայաստանին մենք միայն կարող ենք ուղղել Ալիևի սադրիչ թակարդը չընկնելու զգուշացում: Ես կիսում եմ Ադրբեջանի դեմ խիստ քայլեր ձեռնարկելու հիմքում ընկած զգացմունքները, սակայն գտնում եմ, որ Հայաստանը պետք է վարվի խելացի շախմատ խաղացողի նման և ապահովի իր երկարաժամկետ շահերը»:
ՀԵԲ-ը նաև կոչ է անում, որպեսզի Հուգարիայի հետ հարաբերությունները ժամանակին վերականագնվեն: Չնայած այն հանգամանքին, որ Սաֆարովի հանձնման որոշումն առնվազն շատ միամիտ քայլ էր, Հունգարիան ու Հայաստանն ունեն հարյուրավոր տարիների պատմական կապեր և երկուսն էլ հին քրիստոնեական պետություններ են: Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանի կեղտոտ խաղերը քանդեն այս կապերը: Հունգարիան կամուրջներից մեկն է հանդիսանում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի միջև և Հայաստանի կարիքն է ունենալու այս դերակատարումը ընդլայնելու համար: Հայաստանը Հունգարիայի աջակցության անհրաժեշտությունը կունենա ԵՄ վիզաների հեշտացման որոշման և հետագայում նաև ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագրի առումով: Մեզ համար ողջունելի է Հուգարիայի կառավարության կողմից հրապարակված խիստ հորդորանքն, ինչպես նաև Հայաստանի նախագահի կոչը՝ չայրել Հունգարիայի դրոշները: Այժմ, որոշ քայլեր են անհրաժեշտ կատարել՝ խնդիրը հաղթահարելու համար:
Բոլոր պաշտոնական հայտարարությունների ցանկը.
· Ռամիլ Սաֆարովի հարցով Հայաստան-ԵՄ, Ադրբեջան-ԵՄ և Վրաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ՝ Միլան Ցաբրնոխի հայտարարությունը (6 սեպտեմբերի 2012)
· Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը մտահոգված է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խիստ վատթարացմամբ (5 սեպտեմբերի 2012)
· Էլմար Բրոկ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ. “Ադրբեջան: Ռամիլ Սաֆարովի ներումն ու փառաբանումը” (5 սեպտեմբերի 2012)
· Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Յագլանդ. Սպանության մեջ մեղադրվողին հերոս դարցնելն անընդունելի է (4 սեպտեմբերի 2012)
· Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը մտահոգված է սպանության մեջ մեղադրվող Ադրբեջանցի սպայի ներմամբ” (4 սեպտեմբերի 2012)
· Եվրախորհրդարանի նախագահ Շուլցը Ռամիլ Սաֆարովի Ադրբեջանում ներման վերաբերյալ (4 սեպտեմբերի 2012)
· Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի hայտարարություն` Ադրբեջանում ատելության հանցանքի համար դատապարտված անձին ներում շնորհելու վերաբերյալ (4 սեպտեմբերի 2012)
· ԵՄ-ի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ (3 սեպտեմբերի 2012)
· Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը` «Ադրբեջան. Սաֆարովին ներում է շնորհվել» (3 սեպտեմբերի 2012)
· ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ (3 սեպտեմբեր 2012)
· Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Հունգարիայի կողմից ադրբեջանցի զինվորի արտահանձման վերաբերյալ (3 սեպտեմբեր 2012)
· Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունը Արդբեջանի իշխանությունների կողմից հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակի մասին (3 սեպտեմբեր 2012)
· ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հայտարարությունը` «Ադրբեջանցի զինվորի ներումը» (31 օգոստոս 2012)
· ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից արված հայտարարությունը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման վերաբերյալ (31 օգոստոս 2012)
Վերը նշված հայտարարությունները կարող եք գտնել այստեղ:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը սիրով կտրամադրի մեկնաբանություններ կամ անհրաժեշտ վերլուծություններ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով: Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները նույնպես պատրաստակամ են մեկնաբանություններ տրամադրել: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեր քարտուղարություն:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության և Եվրոպա-Հայաստան խորհրդի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք սեղմե՛ք այստեղ:
Լուսանկարները հասանելի են մեր կայքում, ինչպես նաև կտրամադրվեն ըստ պահանջի: Հեղինակային իրավունքի սահմաններում նկարների օգտագործումը թույլատրվում է: Օգտագործումն անվճար է, «Copyright: www.EuFoA.org» նշելը` պարտադիր






Facebook
Tweet This
Email This Post
