Նակոլկա. բանակային մշակույթի կարևոր ատրիբուտներից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 26, 2010 11:19

Գաղութ նստած-հելած նորակոչիկի «ТУЗ» դաջվածքը խոսակցությունների առիթ էր դարձել: Բանակում կարծում էի, թե «ТУЗ» դաջվածքը նշանակում է туалетный уборщик зоны:  Խոսակցությունները ցրվեցին, երբ այդ տղան  հեղինակություն ձեռք բերեց իր զորամասում, իսկ երբ արդեն ես նրա հետ մտերմացա, հարցրի, թե ինչ է նշանակում «ТУЗ»-ը. тюрьма уже знакома  ,- պատասխանեց նա:

Երբ նորակոչիկ էի, բոլոր նորակոչիկներին շարեցին շարահրապարակում (պլացում), մինչև տրուսիկ հանվացրին (դեկտեմբեր ամիսն էր), ու ռազմական ոստիկանները սկսեցին զննել մեր մարմինները: Ում վրա դաջվածք էին տեսնում` գրանցում էին մոտները: Հետո ժամանակ առ ժամանակ նորից էին գալիս ստուգման, որ տեսնեն` զինվորների մոտ դաջվածք ավելացե՞լ է, թե՞ չէ: Եթե ավելացած էր լինում, ու պարզվում էր, որ զորամասում է արվել` զինվորին ու դաջողին կկալանավորեին: Բայց  հիմնականում բոլորը մի ձև գտնում են տակից դուրս գալու, ասում են, որ արձակուրդին են խփել կամ դուրս են եկել զորամասից, ազատ արձակում(ուվալնենի)` քաղաքում խփել:

Մինչև դաջելը, դաջվածքի նկարն են նկարում:Շատերը ծոցատետրերում ունեն այն նկարը, որը համապատասխան  մասին են դնում, մի լավ օճառում,ինչից նկարն արտատպվում է մարմնին ու սկսում են դաջվածքն անել: Շատ են եղել դեպքեր, երբ սպաներից կամ ոստիկաններից մեկը հայտնաբերել է այդ նկարը զինվորի գրքույկի միջից ու ավելորդ պրոբլեմներ են ստեղծվել:

Մեր զորամասում ամենատարածված դաջվածքներից մեկը վագրի գլուխն էր` ատամներին շղթայով խաչ գցած, որը նշակում է` «սրբությունս ատամներով կպահեմ», այն խփում էին բազկին կամ կրծքավանդակին: Բայց ոչ բոլոր զորամասերին է բնորոշ վագրի գլուխը: Կան  զորամասեր, որտեղ ոչ ոք վագր «չուներ» ու եթե մեկը հայտնվեր վագրով, ապա  պիտի պատասխան տար դրա  համար, այսինքն` պիտի բացատրեր, թե ինչի է խփել:

Պատմություն կա, որ ռազմական ոստիկանը տեսնելով զինվորի վագրի դաջվածքը` հարցնում է.

– Էդ նակոլկեդ ի՞նչ ա նշանակում:

Զինվորն ասում է.

– Սրբությունս ատամներով կպահեմ:

Ոստիկանն էլ ասում է.

– Տո չէ հա՞, այ  բ-ի տղա:

Ու ինքը վագրի տեսքով անզոր է լինում պահել սրբությունը` մոր պատիվը:

Մեր զորամասում զինվորներից մեկին, որն ուներ  վագրի դաջվածք, զորամասը ինքնակամ լքելու համար, հրամանատարներից մեկն ամբողջ զորքի դիմաց վիժվածք անվանեց: Փաստորեն,վիրավորվեց զինվորի սրբությունը, սակայն նա ոչ մի բան չարեց, այսինքն` իրեն չպահեց իր դաջվածքի գաղափարին համապատասխան, սրբությունը ատամներով չպահեց:

Բացի վագրի գլխից, ամենատարածված դաջվածքներից է խաչը` տարբեր ձևերի, տարբեր նախշերով: Խաչի տեսակ կա, որի վրա շոր է գցած.  այդ շորը  Քրիստոսի պատանքն է:  Մեկ այլ դաջվածքի տեսակ կա, ուր խաչն ափերի մեջ է, որ նշանակում է` «աղոթող ունեմ»:

Շատ են նաև Հիսուսի գլուխը կամ Հիսուսը խաչի վրա:

Քրիստոսի գլուխն էլ է տարբեր ձևերի լինում` վերև նայող, ներքև նայող, պրոֆիլից, աղոթելիս, աչքերից հոսող արցունքով, գլխին փշեպսակով` ճակատին արյուն, լինում է, որ արյունը կարմիր գույնով է:

Զինվորներից մեկը Քրիստոսի գլուխը դաջելուց հետո, ցանկանում էր նաև դաջել «Հիսուս Նազովրեցի թագավոր հրեաների» հապավումը բնագրով: Երբ պարզեց, որ այդ նախադասության հապավումը լատիներեն կլինի «Inry», Քրիստոսի գլխի տակ դաջեց այն ու ուրախությամբ բոլորին ցույց էր տալիս:

Շատ են դաջում Մարիամ Աստվածածնին` երեխային գրկած կամ աղոթելիս:

Մեջքներին դաջում են աչք` հոսող արցունքով, որ նշանակում էր «հետևիցս լացող կա» կամ անուն գրում (հոր կամ եղբոր), վերևը` թագ, որն էլ  նշանակում է` «մեջքիս մարդ կա կանգնած»:

Կան դաջվածքներ, որոնք հապավում են: Օրինակ, «մամա» դաջվածքի հապավումը բացվում է` մայրական արցունքները մոռանալ անկարող եմ, «лорд»- любимый очень подной дом  կամ  легавым отомстят родные дети , «золото»`- знай однажды люди оставят тебя один:

Ընկերս, որն իրենց զորամասում դաջվածքներ է խփել, պատմում է, որ իր համբավն այնպես էր տարածվել, որ քաղաքացիականները գալիս էին մոտը դաջվածք խփելու ու, նույնիսկ ,մի սպա խնդրել էր, որ իր ձեռքի անհաջող դաջվածքն ուղղի: Նա պատմում է, որ եթե դաջվածքը սրբություն է խորհրդանշում, ինչքան էլ վատ ստացված լինի, ոչ ոք դա չէր խոստովանի: Սրբություն խորհրդանշող դաջվածքը պետք է լինի ձախ ձեռքին. իմաստն այն է, որ կռիվ անելիս չի կարելի այն ձեռքով խփել, որի վրա սրբության պատկեր կա, ուրեմն անդաջվածք աջն է խփելու համար: Մյուս պատճառն էլ  այն է, որ աջ ձեռքով  օնանիզմով են զբաղվում:

Այսուհանդերձ, եթե ձախ ձեռքին դաջվածք են արել, ցանկալի է, որ աջին էլ խփեն:Բայց զույգ դաջվածքը վատ նշան է համարվում ու ստիպված  երրորդն էլ են խփում` մարմնի որևէ մասի վրա:

Ընկերս, որ դաջվածքի մասնագետ է դարձել, ասում է, որ իրենց դաջվածքների նշանակությունը շատերը չգիտեն կամ սխալ գիտեն: Օրինակ ` վարդի մեջ խրած դանակը, որ հիմնականում ոտքին են դաջում, որոշ մարդիկ կարծում են, թե նշանակում է`«մահ բոզերին»,  բայց, իրականում նշանակում է` «դավաճանությանը արյունով հատուցել»:

Դաջվածքն  ընդհանրապես երկու տակ են խփում, բայց լինում են դեպքեր, երբ պատվիրատուն երկուսից ավել է ցանկանում խփել:Երբեմն դրա հետևանքով  շատերի մոտ սպիներ են մնում:

Լինում է, որ դաջվածքի սարքից ինֆեկցիա է անցնում զինվորին ու բոլորից թաքուն տանում են բժշկի մոտ` բուժելու, քանի որ եթե սպաներն իմանան, որ դաջվածքից է վարակվել` լուրջ պրոբլեմներ կառաջանան:

Եթե չկա դաջվածք անելու սարք,ապա  դրանից պատրաստում են զորամասում: Սարքը բաղկացած է շարժիչից, որը վերցնում են կամ էլեկտրական սափրիչից կամ մագնիտաֆոնից կամ էլ dvd փլեյերից: Շարժիչը դնում են գրիչի կամ ատամի խոզանակի վրա, գրիչի ծայրին էլ ասեղ են դնում: Ասեղին կարող է փոխարինել կիթառի լարը: Կա ոչ էլեկտրական, ավելի հասարակ սարքի տեսակ` կազմված ասեղից ու թելից. թելը փաթաթում են ասեղի վրա, թաթախում ներկի մեջ ու ստեղծագործում:

Ներկը ստանում են տուշից, գրիչի թանաքից, փրինթերի ներկից կամ զինվորական կոշիկի տակացուից վերցնում են մի փոքր շերտ, վառում, մոխիրն էլ բացում ջրի հետ: Ամենատարածվածը գրիչի թանաքից  դաջվածքն է:

Դիտվել է 14924 անգամ:
Print Friendly

Leave a Reply