Սեպտեմբերի 15-ին Հայաստանը միասին կմաքրենք աղբից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 7, 2012 17:29

Հաշված օրեր են մնացել «Մենք կարող ենք» (Let’s do It! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության իրականացմանը: Այս առիթով «Մենք կարող ենք» (Let’s do It! Armenia) շարժման ղեկավար, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի նախագահ Արսեն Գասպարյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի տնօրեն (WWF- Armenia) Կարեն Մանվելյանը և «էյ Թի Փի» ԲՀ (Հայաստան ծառատունկ ծրագիր) ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը հանդիպում ունեցան լրագրողների հետ և ավելի մանրամասն ներկայացրին ծրագրի բովանդակությունն ու նպատակները:
“Let’s do It! Armenia” շարժման հիմք է դարձել 2008-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում 50.000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացել են մաքրել Էստոնիան ավելի քան 10.000 տոննա կենցաղային աղբից:
“Let’s do It! World” համաշխարհային շարժման մասնակից երկների թվում է նաև Հայաստանը, որտեղ ավելի քան 50 հասարակական, բնապահպանական, պետական և այլ կազմակերպությունների ջանքերով ձևավորվել է «Մենք կարող ենք» (Let’s do It! Armenia) շարժումը:
“Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի նախագահ Արսեն Գասպարյանն ասաց, որ աքրման աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի տարբեր մարզերի 50 կետերում: Ներկա դրությամբ շարժմանը կմասնակցի շուրջ 2600 մարդ, այդ թվում 52 կազմակերպություն և 10 դպրոց. “Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողովն իրականացնում է “Երևանը մեր տունն է” ծրագիրը, որի շրջանակներում սեպտեմբերի 15-ին շուրջ 400 երիտասարդ ևս կմասնակցեն մաքրման աշխատանքների: Այսպիսով, ընդհանուր առմամբ “Հայաստանն առանց աղբի” նախաձեռնությանն արդեն միացել է 3000 մարդ”:
Ա. Գասպարյանը նշեց, որ իրենք աջակցության խնդրանքով դիմել են նաև նախագահ Սերժ Սարգսյանին, նախագահականից հանձնարարություն է ուղարկվել տարածքային կառավարման նախարարություն, սակայն այնտեղից դեռևս համապատասխան արձագանք չի ստացվել:
Գասպարյանի խոսքով իրենք ունեն նաև աղբահավաք մեքենաների տրամադրման խնդիր, որը խոստացել է լուծել Երևանի քաղաքապետարանը` տրամադրելով աղբահավաք մեքենաներ և ձեռնոցներ:
Վահե Մակարյան

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply