«Le Monde». Ադրբեջանին մարդասպանի արտահանձնումը միջազգային սկանդալ է առաջացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 7, 2012 15:18
Ադրբեջան վերադառնալու պահից ի վեր լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը դասվեց ազգային հերոսների շարքին: Նա արժանացավ մայորի կոչման, ստացավ բնակարան եւ հունգարկան բանտում իր ութ տարվա «ծառայության» համար աշխատավարձը, գրում է «Le Monde»-ը:
Սաֆարովը հունգարական կողմից Ադրբեջանին էր փոխանցվել պայմանով, որ հայրենիքում կշարունակի կրել պատիժը: 2004թ-ին դաժան սպանության էթնիկ բաղադրիչը միջազգային սկանդալ էր առաջացրել. Սաֆարովը ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնով սպանել էր քնած հայ սպային:
Սաֆարովի ազատ արձակումը բուռն արձագանք է առաջացրել հայկական իշխանությունների կողմից: «Մենք նախկինի պես սառը պատերազմի իրավիճակում ենք գտնվում: Մթնոլորտը ծայրահեղ լարված է»,-պարզաբանում է Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իշխանյանը:
Երեւանը զայրույթով արձագանքեց Սաֆարովի ներմանը` խզելով դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն եթե ստիպված լինենք պատերազմել, ապա կպայքարենք եւ կհաղթենք»:
Ինչո՞ւ Հունգարիան համաձայնեց արտահանձնել Սաֆարովին:
Բուդապեշտը պնդում է, թե հետեւել է դատապարտյալների արտահանձնման միջազգային նորմերին եւ ոչ մի օրենք չի խախտել: Հունգարիան «չի սպասել», որ մարդասպանին ներում կշնորհեն: Ադրբեջանի արդարադատության նախարարը հունգարական իշխանություններին վստահեցրել էր, որ առնվազն 25 տարի Սաֆարովը կկրի իր պատիժն Ադրբեջանում:
Սակայն իր հերթին հունգարական ընդդիմությունը կարծում է, որ Վիկտոր Օրբանի կառավարությունը գործել է Բաքվի հետ գաղտնի համաձայնությամբ: Հայկական իշխանությունները մեկ անգամ չէ, որ Բուդապեշտին նախազգուշացրել էին այն մասին, որ Սաֆարովը հայրենիքում ազգային հերոս է հռչակվել: Վիեննայում Հայաստանի դեսպանը բազմիցս է զգուշացրել, որ իշխանությունները չպետք է բանակցություններ վարեն ադրբեջանական կողմի հետ եւ վստահեն նրան:
Հունգարիայի նախկին վարչապետ, սոցիալիստ Ֆերնանդ Դյուրչանը, ով կառավարությունը ղեկավարել է 2006 թ-ին` Սաֆարովի դատապարտման ժամանակ, վկայել է, որ ադրեբջանական իշխանությունները մշտապես փորձել են կապ հաստատել հունգարական իշխանությունների հետ` Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանակցությունների համար: «Մեզ վրա մեծ ճնշում էր գործադրվում: Սակայն մենք այդ քայլին չգնացինք, քանի որ գիտեինք, ինչպիսին է լինելու արդյունքը: Մենք նաեւ վստահ էինք, որ դա սկանդալ կառաջացնի»,-հայտարարել է նա:
Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարություննրի միջեւ բանակցությունների փաստը հաստատել է նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Հունգարիայի համար ադրբեջանական գազը շարժառիթ է երկարաժամկետ հեռանկարի համար:
Բացի այդ, հնարավոր է, որ ադրբեջանական ֆինանսական օգնությունը թեթեւացրել է հունգարական պարտքի բեռը` առանց ԱՄՀ-ին դիմելու, ինչն էլ ազդել է Հունգարիայի որոշման վրա. 4,7 մլրդ եվրո վարկի մարման ժամկետն ավարտվում է 2012թ-ին:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
