Կրոնական ճնշումներ Ադրբեջանում` մզկիթ այցելելու համար մարդկանց հոգեբուժարան են ուղարկում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | February 22, 2010 10:44
Իրավապաշտպան Մալահաթ Նասիբովան ասում է, որ Ադրբեջանում մարդկանց պատժելու համար հոգեբուժարան են ուղարկում
«Մեզ մոտ սովորույթ է մարդկանց պատժելու համար ուղարկել ոչ թե բանտ, այլ հոգեբուժարան»,- ասում է Ադրբեջանի «Դեմոկրատիայի և ՀԿ-ների զարգացման ռեսուրս կենտրոնի» ղեկավար Մալահաթ Նասիբովան:
Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի ինքնավար մարզում վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունենում զանգվածային բռնություններ: Բռնությունների ալիքը սկիզբ է առել դեռ 2009-ի դեկտեմբերին, երբ Ջուլֆա շրջանի Բանանյար գյուղի 2000 բնակիչների նկատմամբ ճնշումներ գործադրվեցին Աշուրա կրոնական տոնին մասնակցելու համար: Դեկտեմբերի 28-ին ձերբակալվել են Բանանյար գյուղի բազմաթիվ բնակիչներ, որոնց որոշ ժամանակ կալանքի տակ են պահել, ոմանց էլ մի քանի օր բռնի հոգեբուժարանում են պահել: «Ռեգնում» գործակալության տվյալներով` ձերբակալվել և կտտանքների է ենթարկվել գյուղի 15 ավագանի:
Ոստիկանական տեղամաս այցելած կանանց և երեխաներին, ովքեր փորձել են ճշտել իրենց ձերբակալված հարազատների հետագա ճակատագիրը, նույնպես վախեցրել են և սպառնացել:
Նախիջևանի իշխանությունները նախ արգելել են երիտասարդներին այցելել մզկիթ` նշելու շիա մահմեդականների Աշուրա տոնը դեկտեմբերի 26-ին և 27-ին: Մարդու իրավունքների տեղական պաշտպան Մալահաթ Նասիբովան http://www.forum18.org/ կայքին ասել է, որ ականատես է դարձել, թե ինչպես քաղաքացիական հագուստով ոստիկանները շրջում են մզկիթներում և երիտասարդներին ստիպում տուն գնալ: Նասիբովայի խոսքերով՝ ուսանողներին և պետական հիմնարկների աշխատողներին նախապես են զգուշացրել, որ չմասնակցեն Աշուրայի տոնակատարությանը: Նա նշել է, որ բացի Նախիջևանի մի քանի գյուղերից, տոնակատարությունը սահմանափակվել է մզկիթների տարածքում և թույլ չի տրվել, որ փողոցներով թափոր անցնի:
Աշուրան շիա մահմեդականների կողմից մահմեդական մուհարրամ ամսվա 10-րդ օրը նշվող կրոնական տոնակատարություն է, որ երբեմն նաև կոչում են Շահսեյ-վահսեյ: Աշուրան շիա մահմեդականների համար սգո օր է .այս օրը նրանք հիշում են 680 թվականին Քերբելում սպանված իմամ Հուսեյնին՝ մարգարե Մուհամմեդի թոռանը: Այս օրը փողոցներով անցնում են սգո թափորներ, որոնց ուղեկցող և սպիտակ խալաթ կրող հավատավոր մահմեդականները ծանր մետաղյա շղթաներով ու մտրակներով խարազանում են իրենց և կանչում` «Շահ Հուսեյն, վահ, Հուսեյն» (Արքա Հուսեյն, ախ, Հուսեյն):
Ադրբեջանական իշխանությունները արգելել են, որ մարդիկ իրենց մտրակահարեն մինչև արյունահոսելը, արգելել են նաև Իրանից կամ որևէ այլ երկրից մտրակների ներմուծումը: Դրա փոխարեն խոշոր մզկիթներում արյուն հանձնելու գործընթաց են կազմակերպել:
Արդեն 2010-ի hունվարի 5-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության զորքերը ներխուժել են Բանանյար, կատարել զանգվածային ձերբակալություններ:«Մարդկանց ձերբակալել են իրենց գիշերային հագուստով: Եթե ոմանք հրաժարվել են դուռը բացել` զինվորականները կոտրել են այն»,- http://www.forum18.org/-ին ասել է Բաքվում գործող մարդու իրավունքների պաշտպան Սաադաթ Բանանյարլին: Նրա հաշվարկներով, ձերբակալվել է շուրջ 150 մարդ` այդ թվում և կանայք: Ներքին գործերի նախարարության զորքերը և ոստիկանության ուժերը շրջափակել են գյուղը՝ արգելելով ելումուտը:

Աշուրա տոնակատարությունը Հնդկաստանում. Ադրբեջանում Աշուրայի օրը արգելել են սգո թափորի երթը փողոցներով
Նասիբովայի հաղորդմամբ՝ ձերբակալվածներից 7-ին պահել են հոգեբուժարանում, սակայն նրանց բռնի կերպով որևէ դեղ չի ներարկվել: Նասիբովան ասում է, որ սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի իշխանությունները մարդկանց որպես պատիժ պահում են հոգեբուժարանում:
Մամուլում իրադարձությունը լուսաբանելուց հետո, զորքերը հեռացվել են տարածքից, սակայն գյուղը դեռևս մնում է ոստիկանության խիստ հսկողության ներքո:
Բանանյարը դեռևս խորհրդային տարիներից հայտնի է իր կրոնական նվիրվածությամբ: Աշուրա տոնի ժամանակ անգամ գյուղի նախկին բնակիչներն են վերադառնում` իրենց հարազատների հետ կրոնական տոնը նշելու:
Շատերը հավատացած են, որ ճնշումներ են տեղի ունեցել հենց Աշուրա տոնի ժամանակ, քանի որ հենց այս ժամանակ է, որ գյուղում մարդկանց թիվն առավելագույնի է հասնում: Ոմանց կարծիքով էլ , ճնշումների իրական նպատակն է` խեղդել պոտենցիալ քաղաքական ընդդիմությունը:
Նասիբովան հավատացած է, որ Նախիջևանի իշխանությունները փորձում են այդպիսով արգելել հավաքները և ճնշումներն անխուսափելի կլինեին` անկախ դրանց, կրոնական կամ քաղաքական բնույթից. «Սա բռնություն է` հավաքների և կրոնի ազատության նկատմամբ»:
«Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ հարցաքննությունների ժամանակ մարդկանց կտտանքների են ենթարկել, ստիպելով խոստովանել, որ Բանանյարում տեղի ունեցած միջոցառումների հեղինակը «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության Ջուլֆայի շրջանային մասնաճյուղի ղեկավար Ռզա Նուրիևն է:
Նախիջևանում գործում է 250 շիա ուղղության մզկիթ և միայն մեկ սուննիական մզկիթ, որը կառուցվել է թուրքական կառավարության ֆինանսավորմամբ:
Սակայն 2009-ի նոյեմբերին անգամ սուննիական մզկիթից ձերբակալվել է 3 երիտասարդ և 15 օրով ազատազրկման մեջ պահվել խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Նասիբովան ասում է, որ ձերբակալության հավանական նպատակն է եղել հասնել այն բանին, որ երիտասարդներն այլևս մզկիթ չգնան:






Facebook
Tweet This
Email This Post
