Ո՞վ է տալու Սիլվայի փողերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 7, 2012 14:30

Ըստ «ՉԻ» աղբյուրների, Սյունիքի մարզում նոր սկանդալային իրավիճակ է հասունանում: Բայց այս անգամ առանցքում ոչ թե ՏԻՄ ընտրություններն են, այլ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի նոր բիզնես մտահղացումը, որն, ըստ էության, Աժ պատգամավոր Վահե Հակոբյանին ծանր կացության մեջ է գցել:
Մանրամասնենք, Սյունյաց մարզպետը օրեր առաջ Վ. Հակոբյանին ու նրա հորը Մաքսիմ Հակոբյանին պատկանող Զանզեզուրի պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել 102 մլն դրամ արժողությամբ այն սարքը, որի համար ամիսներ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը մեծ աղմուկ բարձրացրեց` ասելով, որ այղ սարքը իրեն պատկանող գործարանից առևանգել է մարզպետ Խաչատրյանը` դրա դիմաց ոչինչ չվճարելով:
Իսկ թե ինչու է պատգամավոր Վ. Հակոբյանը գնել «անիծված» այդ սարքը և թե ի վերջո ո՞վ է տալու Համբարձումյանին «գցած» փողերը, «ՉԻ»-ն այս հարցով դիմել է Սյունյաց մարզպետ Ս. Խաչատրյանին, որն էլ գերադասել է չպատասխանել այդ հարցին, փոխարենը անջատել է հեռախոսը` ասելով, «հետո, հետո կխոսամ»:
Պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ոչնչով չի զիջել մարզպետ Խաչատրյանին` իր կողմից պահպանելով քար լռությունն ու հեռախոս չվերցնելու հայկական ավանդույթը: Թեև թերթի ունեցած տեղեկություններով, պատգամավոր Հակոբյանին, երբ գործից տեղյակ մարդիկ հարցրել են, թե ի՞նչ է անելու ինքն այդ սարքի ու դրա հետ կապված պատմությունների հետ, վերջինս ասել է, թե ինքը «սպրավչնին չի, որ սաղի հարցերին պատասխանի»:
Այս հարցով դիմեցինք գարծարար կնոջ՝ Սիլվա Համբարձումյանի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանին: Նա «ԱՆԿԱԽ»-ին ասաց, որ առավոտյան կարդացել է թերթի հրապարակումն ու տեղեկացրել այս օրերին արտերկրում գտնվող Սիլվա Համբարձումյանին:
– Այս պահի դրությամբ որևէ մեկնաբանություն անել չեմ կարող,- կարճ ասաց Մ. Ահարոնյանը և հավելեց,- Առաջիկայում տիկին Համբարձումյանի հետ քննարկումներ կիրականացնենք և կտեղեկացնենք լրատվամիջոցներին՝ մեր ապագա քայլերի մասին:
– Իսկ ինչպես է հաջողվել Սյունաց առաջնորդին վաճառել 102 մլն դրամ արժողությամբ «գողոնը»,- հետաքրքրվեցինք մենք:
Միքայել Ահարոնյանը նշեց.
– Չեմ կարող ասել: Այդ հարցին կարող է պատասխանել հենց պարոն Սուրեն Խաչատրյանը: Ասեմ միայն, պաշտոնապես սարքը պետք է գտնվի կալանքի տակ:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply