Համաշխարհային հեղինակություն վայելող պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլն առաջին անգամ Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 7, 2012 10:31

Բացառիկ հնարավորություն մասնակցելու լեզվաբանության ոլորտի ականավոր գիտնականի դասախոսություններին

Համաշխարհային հռչակ վայելող, հեղինակավոր լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը ժամանում է Հայաստան: Հոկտեմբերի 7-ից – 10-ը Դեյվիդ Քրիսթլը հանդես կգա չորս դասախոսությամբ և Շեքսպիրին նվիրված կարճ ներկայացմամբ, որոնք բաց կլինեն բոլոր ցանկացողների համար` նախնական գրանցմամբ: Դասախոսությունները նվիրված են անգլերեն լեզվի տեսությանը, կիրառմանն ու դասավանդմանը: Դեյվիդ Քրսթլը Հայաստան է ժամանում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հրավերով:

«Դեյվիդ Քրիսթլն անգլերեն լեզվի առաջատար մասնագետն է»,-գրում է հանրահայտ The Guardian-ը: Լեզվաբան, գրող, խմբագիր, դասախոս և հաղորդավար Դեյվիդ Քրիսթլը հրատարակել է ավելի քան 100 հեղինակային գրքեր և ճանաչելի դարձել գլխավորապես իր՝ անգլերեն լեզվի ուսումնասիրության հետազոտական աշխատություններով: Դեյվիդ Քրիսթլն առավել հայտնի է իր երկու «The Cambridge Encyclopedia of Language» և «The Cambridge Encyclopedia of the English Language» հանրագիտարանների շնորհիվ:  Շեքսպիրագիտության վերաբերյալ կատարած այլ աշխատանքների մեջ մտնում են բազմաթիվ հոդվածներ Շեքսպիրի Globe թատրոնի Around the Globe ամսագրում: «Think on My Words: Exploring Shakespeare’s Language» լույս է տեսել 2008 թ.-ին:

«Դեյվիդ Քրիսթլն ազգային հարստություն է»,-նշել է լրագրող Ջոն Համփրեյը: Տասը տարի շարունակ Քրիսթլը եղել է Րեդինգի համալսարանի ամբիոնի վարիչը, իսկ այժմ Ուելսի համալսարանի Լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր է: Ներկայումս նա իր ժամանակի մի մասը նվիրում է լեզվի ուսումնասիրությանը, իսկ մյուսը` համացանցային ծրագրերին: Դեյվիդ Քրիսթլը եղել է մի շարք ռադիո և հեռուստանախագծերի խորհրդատու, մասնակից կամ հաղորդավար: Դրանց թվում են «The Story of English» (BBC հեռուստաընկերություն, խորհրդատու, 1986թ.), «The Story of English» (ռադիո տարբերակ, BBC World Service, հեղինակ և հաղորդավար, 1987) և այլն: 2005թ. նա BBC Voices նախագծի խորհրդատուն էր, իսկ նախորդ տարի հանդիսացել է Բրիտանական գրադարանի «Evolving English: One Language, Many Voices» ցուցահանդեսի  խորհրդատուն   և այդ միջոցառման հետ առնչվող գրքի հեղինակը:

«Նրա աշխատանքների հիմքում կրթելու իղձն է»,-գրել է լրագրող Մայքլ Ռոսեն: Ներկայումս Դեյվիդ Քրիսթլը Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների միջազգային ասոցիացիայի (IATEFL) և Լեզվի ուսուցման ասոցիացիայի (ALL) հոգաբարձուն է, Լեզվաբանների ինստիտուտի և Խմբագիրների ու սրբագրիչների կազմակերպության պատվավոր փոխնախագահը: 1995 թ.ին Դեյվիդ Քրիսթլը մատուցած ծառայությունների համար թագուհու կողմից արժանացել է Բրիտանական Կայսրության Օրդերի: 2000 թ.-ին դարձել է Բրիտանական Ակադեմիայի անդամ:

Դեյվիդ Քրիսթլի դասախասություններին մասնակցելու դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը: Մանրամասն տեղեկությունները Բրիտանական խորհրդի կայքում են:

 

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply