Հաագայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 7, 2012 10:25

ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը սեպտեմբերի 6-ին Հաագայում, Հունգարիայի դեսպանության առջև կազմակերպեց բողոքի ցույց՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու փաստի առնչությամբ: Մոտ 7 տասնյակի հասնող ցուցարարներ հավաքվել էին Հունգարիայի դեսպանության առջև, իրենց ձեռքին ունենալով ցուցապաստառներ հետևյալ գրություններով՝

-Հունգարիայի արդարադատությունը վաճառքի է հանված,

-Եվրոպական արժեքները ավելի փոքր են քան նավթը,

-Հունգարիան նավթի սովով է տառապում,

և այլն: Ցուցարարները հնչեցնում էին «Ամոթ Հունգարիային», «Արդարություն՝ Գուրգեն Մարգարյանի համար», «Սաֆարովը պետք է բանտ վերադառնա» և այլն լոզունգները: Ժամը 12:30-ին Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությանը ընդունեց դեսպան Սումեխին և ներկայացրեց հայության համար անընդունելի՝ Հունգարիայի իշխանությունների տեսակետը այն մասին, որ Հունգարիան գործել է միջազգային օրենքներին համապատասխան:

Պատվիրակությունը հայտնեց պարոն դեսպանին, որ եթե Հունգարիան իսկապես զղջում է կատարվածի համար, ապա կարող է այն իրական քայլերով ապացուցել, օրինակ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումով: Դեսպանի պատասխանը այն էր, որ Հունգարիան պահպանում է չեզոք դիրք և չի միջամտի այս հակամարտությանը: Հայ Դատի ներկայացուցիչը պատասխանեց, որ Հունգարիան արդեն միջամտել է հակամարտությանը այս խայտառակ արարքով:

Դեսպանը խոստացավ Հայ Դատի հանձնախմբի նամակը նաև գրավոր, պաշտոնապես պատասխանել:

Ցուցարարները շարունակեցին բողոքի արտահայտությունները մինչև ժամը 13:30: Հանրահավաքի փակումից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակ սպա՝ Գուրգեն Մարգարյանի հիշատակը: Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց հանրահավաքին մասնակցելու համար:



Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply