Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | September 6, 2012 22:08

Հանրապետության ղեկավարը Թուրքմենստանի փոխվարչապետի այցը և դրա շրջանակներում Երևանում հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը համարել է երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրվածության հաստատում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքմենստանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու հումանիտար կապերի ընդլայնումը բխում են երկու բարեկամ ժողովուրդների շահերից: Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու և զարգացնելու այդ հարաբերությունները:

Փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևն արդյունավետ է համարել միջկառավարական հանձնաժողովի երևանյան նիստի աշխատանքը, որտեղ նրա խոսքով, քննարկվել են մի շարք ոլորտներում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցությանն ուղղված հարցեր:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին և, նրանց համոզմամբ, կողմերն այդ ուղղությամբ զգալի աշխատանք ունեն իրականացնելու:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply