Մի շարք կարևոր խնդիրներ` վարչապետի ուշադրության կենտրոնում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2012 18:20

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ներկայացնել բյուջեի կատարողականի հիմնական ցուցանիշներն այս տարվա ութ ամիսների համար:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան– Եթե անդրադառնանք բյուջեի կատարողականին, ապա ութ ամիսների ընթացքում պետական բյուջեն ունեցել է 576 մլրդ 156 մլն դրամի եկամուտ, այդ թվում հարկեր, տուրքեր և սոցվճարներ` 552 մլրդ 109 մլն դրամ: Մեր նախանշած ցուցանիշների համեմատ հունվար-օգոստոսի արդյունքները գերազանցում են շուրջ 4 միլիարդ դրամով: Միայն օգոստոսին ունենք 390 մլն դրամի հարկերի և տուրքերի գերակատարում` նախանշած ցուցանիշների համամետ: Այս արդյունքները համապատասխանում են մեր տնտեսական ակտիվությանը, այսինքն, չորրորդ եռամսյակում մուտքերը կլինեն ավելի բարձր:

Պետք է նշել, որ բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ ծրագրվածի և բոլոր հիմքերը կան պնդելու, որ այն իրատեսական է և կկատարվի: Ինչ վերաբերվում է ծախսերին, ապա հունվար-օգոստոսին դրանք եղել են 574 մլրդ 148 մլն դրամ, ընդ որում, օգոստոսին` 72 մլրդ 232 մլն դրամ: Այս տեմպերով շարունակելու դեպքում մեզ մոտ դեֆիցիտը կլինի ավելի ցածր, քան պլանավորված էր: Մենք այս պահին ամբողջությամբ ԾԻԳ-ի տվյալները չենք կարող ասել, սակայն մեր կանխատեսումներով` նախատեսված 132 մլրդ դրամից մեր դեֆիցիտը մի քանի տասնյակ միլիարդով տարեվերջին ավելի ցածր կլինի: Այսպիսով, բյուջեի կատարողականի տեսակետից կարող ենք փաստել, որ չվճարված ստանձնած պարտավորություն գոյություն չունի, միևնույն ժամանակ, եկամուտների հավաքագրումն ընթանում է ըստ սցենարի` մի փոքր գերակատարումով:

Վարչապետ Տիգրան Սարգսյան– Շատ լավ: Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ անդրադառնալ Մրցունակության համաշխարհային զեկույցին, որը հրապարակվեց երեկ: Համաձայն այդ զեկույցի` Հայաստանը զգալի բարելավում է արձանագրել, մասնավորապես, 10 դիրքային կետով ի համեմատ նախորդ տարվա զեկույցի մենք բարելավել ենք մեր դիրքերը: Սակայն, ես կարծում եմ, որ մենք չենք կարող բավարարվել այս ցուցանիշով, որովհետև զեկույցի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք դեռևս ունենք բազմաթիվ խոցելի կետեր և անելիքներ: Միևնույն ժամանակ, զեկույցում կան մեզ համար անհասկանալի գնահատականներ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի հասանելիության վերաբերյալ: Հասկանալի չէ, թե ինչու են զեկույցի հեղինակներն օգտվել 2009 թվականի տվյալների բազայից, այն պարագայում, երբ անցած տարի մենք այս խնդրին անդրադարձանք, և Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնատար անձանց պատժեցինք այն բանի համար, որ նրանք համապատասխան տեղեկատվությունը չէին ներկայացրել, սակայն ինձ զեկուցում են, որ այդ տեղեկատվությունն այս տարի կայքերում տեղադրված է: Այդ ցուցանիշը, որով մենք էապես մեր դիրքերը վատթարացրել ենք, պայմանավորված է այն հանգամանքով, որ օգտագործվել են 2009 թվականի ցուցանիշները: Պարոն Նազարյան կխնդրեմ Ձեզ ներկայացնել, թե ինչպիսին են այդ ոլորտում մեր ցուցանիշները:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան– Շնորհակալություն պարոն վարչապետ, ինչպես Դուք նշեցիք, ինձ համար նույնպես անհասկանալի պատճառներով զեկույցում տեղ են գտել այնպիսի թվեր, որոնք չեն համապատասխանում մեր 2011 թվականի ցուցանիշներին: 2011-2012 թվականների Մրցունակության համաշխարհային զեկույցում ունենք տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հետևյալ գնահատականները. կարդում եմ հայաստանյան մասը. Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել շարժական և ինտերնետային կապի ոլորտում: Հեռահաղորդակցության ոլորտի ինտենսիվ մրցակցությամբ պայմանավորված արագընթաց զարգացումները խթանեցին Հայաստանի մրցունակությունն այս բնագավառում: Հեռահաղորդակցության միջազգային միության վերջին հաշվետվությունում Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը դասակարգվում է առավել դինամիկ զարգացողների շարքում: Մասնավորապես, այստեղ աղյուսակ է տպագրված, որտեղ համեմատական է արվում հաղորդակցության ենթակառուցվածքների կատարողականի և փոփոխությունների վերաբերյալ` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև:
Բջջային կապի բաժանորդագրություն 100 բնակչի հետ կապված ցուցանիշում Հայաստանի վարկանիշը 33 է, Ադրբեջանինը` 75, Վրաստանինը` 104: Ինտերնետից օգտվողների ցուցանիշով 100 բնակչի հետ կապված Հայաստանն ունի 68-րդ, Ադրբեջանը` 73-րդ, Վրաստանը` 85-րդ վարկանիշը:
Զեկույցում նշվում է , որ մեր երկիրը բարելավվել է իր դիրքերը ենթակառուցվածքային տարրերի բոլոր ցուցիչներով: Վերջին հինգ տարիներին բջջային կապի բաժանորդների թիվը եռապատկվել է. 2007 թվականի 1,2 միլիոնից հասնելով 3,3 միլիոնի, ինչի արդյունքում զեկույցի կողմից գնահատված երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է 33-րդ տեղը 100 բնակչին ընկնող բջջային կապի բաժանորդների քանակով:
Ինտերնետային ծառայությունների ոլորտում թերևս գրանցվել է աննախադեպ առաջընթաց, մասնավորապես, վերջին չորս տարիների ընթացքում ինտերնետից օգտվողների քանակի քառապատիկ աճ է գրանցվել: Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է: Ինտերնետի օգտագործման մակարդակով Հայաստանն ունի 37 տոկոսի ցուցանիշ, Ադրբեջանը` 36, Վրաստանը` 17, ԱՊՀ միջին երկրները` 29 տոկոս: Մրցակցության և շարժական ինտերնետային ծառայությունների ընդլայնման արդյունքում կտրուկ նվազել են ինտերնետային ծառայությունների մանրածախ գները, իսկ մեծածախ գները 2008-ի 1,2 մլն դրամից հասել է 50 հազարի, այսօր դա կազմում է 15 հազար դրամ:
2011-2012 թվականների զեկույցում գրված է, որ իրենք վերցրել են 2009 թվականի տվյալները: Երեկ և այսօր մենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ աշխատել ենք և ճշտել, որ մեր տրամադրած տվյալները հասել են տեղ, բայց պաշտոնական տեղեկագրում այս ամենն առկա է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պաշտոնական հարցում է անցկացրել ITU-ին, որպեսզի հասկանանք, թե ինչու են վերցվել մեր 2009 թվականի տվյալները: Եթե վերցնեին 2011-ի տվյալները, ապա ես համոզված եմ, որ մեր այս առաջընթացն ավելի բարձր կլիներ, քան Դուք նշեցիք:

Վարչապետ Տիգրան Սարգսյան– Շատ լավ: Պարոն Բեգլարյան լավ կլինի, որ ծառայողական քննություն սկսեք հասկանալու համար, թե ինչու է միջազգային հաղորդակցության միությունն օգտագործում 2009 թվականի տվյալները, եթե Ձեր նախարարությունը ժամանակին ներկայացրել է տվյալները: Պետք է հասկանանք, որտեղ է այդ թերացումը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան– Արդեն սկսել ենք պարոն վարչապետ:

Վարչապետ Տիգրան Սարգսյան– Շատ լավ: Հարգելի գործընկերներ, 144 երկրների շարքում մենք 92-րդ տեղից տեղափոխվել ենք 82-րդ տեղը: Հասկանալի է, որ դա մեզ չի կարող բավարարել: Մեր հիմնական թերություններն են տեղական մրցակցության ուժգնության, բիզնես կրթության չափանիշները, մաքսային գործընթացների բեռը, արտասահմանյան շուկաների ինդեքսը, բուհ-արդյունաբերություն համագործակցության ցուցանիշը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը, ֆինանսավորում տեղական կապիտալի շուկայի միջոցով ցուցանիշը, գիտահետազոտական հետազոտությունների որակը, ընկերությունների հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերը, դատական համակարգի անկախությունը և կորպորատիվ խորհուրդների արդյունավետությունը: Սրանք հիմնական ամենավատ ցուցանիշներն են և ինչպես նկատեցիք, կարևորագույն ցուցանիշը մրցակցությունն է և մրցունակությունը: Պարոն Շաբոյան ինչ են Ձեր վերլուծությունները ցույց տալիս:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան- Շնորհակալություն պարոն վարչապետ, Մրցունակության համաշխարհային զեկույցում երեք ցուցանիշներ առանձնացվել են մրցակցության ոլորտը բնութագրելու համար: Առաջին ցուցանիշը գերիշխող դիրքերի ազդեցությունն է մրցակցության վրա: Ասեմ, որ այս ցուցանիշի գծով մենք բավականին լուրջ առաջընթաց ենք արձանագրել. 43 կետով առաջ ենք գնացել: Երբ համեմատում ենք այլ երկրների հետ, ապա մեր հարևան Վրաստանն 9 կետով ետ է գնացել, Ռուսաստանը`6, ԱՊՀ շատ երկրներ ևս հետընթաց են արձանագրել այս ցուցանիշի գծով: Համեմատելով Արևելյան Եվրոպայի երկրների հետ, ապա շատ երկրներ կրկին հետընթաց են արձանագրել, մասնավորապես, ամենամեծ հետընթացն արձանագրել է Հունգարիան` 29 կետով: Ասեմ, որ 144 երկրների շարքում ամենամեծ աճն արձանագրել ենք մենք, այսինքն` 43 կետով մենք առաջ ենք գնացել:
Երկրորդ ցուցանիշը վերաբերում է հակամենաշնորհային քաղաքականության ուժեղությանը և հակամենաշնորհային մարմնի գործունեության արդյունավետությանը: Այս ցուցանիշով մենք առաջ ենք գնացել 23 կետով, այն դեպքում, երբ մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը հետընթաց են արձանագրել: Ամենամեծ հետընթացն ԱՊՀ երկրների շարքում գրանցել է Ռուսաստանը, որը 13 կետով հետ է գնացել: Արևելյան Եվրոպայի շատ երկրներ ևս հետընթաց են արձանագրել: Ամենամեծ հետընթացն ունեցել է Ռումինիան` 23 կետով:
Երրորդը ներքին շուկային մրցակցության ինտենսիվության ցուցանիշն է: Պարոն վարչապետ, այս գծով մենք 9 կետով ենք առաջ գնացել: Ճիշտ է, մեր հարևաններ Ադրբեջանն ու Վրաստանն առաջընթաց ունեցել են, բայց փոքր չափերով: Այսինքն 1 կամ 2 կետով է եղել առաջընթացը:
Ասեմ, որ մրցակցության այս 3 ցուցանիշների գծով նախորդ տարիներին Հայաստանն այս զեկույցում մշտապես հետընթաց է ունեցել: Սա առաջին տարին է, որ այս ցուցանիշների գծով մենք առաջընթաց ենք արձանագրել և ինչպես վիճակագրական ցուցանիշներն են ցույց տալիս` մեր առաջընթացն զգալի է: Պետք է ասեմ, որ այս ուսումնասիրության արդյունքները հիմնվում են հիմնականում հարցման արդյունքների վրա, որոնք անցկացվում են միջազգային կազմակերպությունների կողմից գաղտնի կերպով: Հիմնականում այս հարցումներն իրականացվում են բիզնեսի շրջանակներում:

Վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, հարգելի գործընկերներ, իհարկե 10 կետով առաջ գնալը կարևոր հանգամանք է մեզ համար, բայց նորից եմ ցանկանում կրկնել` սա մեզ չի բավարարում: 110 ցուցանիշով գնահատվում է Հայաստանի Հանրապետության մրցունակությունը, այսինքն բոլոր գերատեսչություններն այստեղ անելիքներ ունեն: Հանձնարարվում է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին իրենց ցուցանիշները վերցնել հսկողության տակ: Ինչպիսի միջոցառումներ մենք պետք է իրականացնենք, որպեսզի այդ ցուցանիշները բարելավվեն և Հայաստանում մրցունակությունը բարելավվի: Կան ցուցանիշներ, որտեղ աշխարհի 40 մրցունակ երկրների կազմում ենք, բայց կան նաև ցուցանիշներ, որտեղ ցավոք մենք գտնվում ենք 120-130 տեղերում և դա մեզ համար անընդունելի է: Խնդրում եմ ձեզ, ուշադրության կենտրոնում պահել, թե ինչպիսի միջոցառումներ մենք իրականացնենք, որ բարելավվենք այս ինդեքսը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան– Պարոն վարչապետ, ես մի խնդրանք, առաջարկ ունեմ: Քանի որ ITU ուղարկվող ցուցանիշների մեջ կա մի կետ, որը վերաբերվում է ինտենետից օգտվողների քանակին: Մենք կարողանում ենք մեր գործառույթների շրջանակներում հատկացնել բաժանորդների քանակը, իսկ ինտերնետից օգտվողների քանակը որոշելու համար անհրաժեշտ է որոշակի մեթոդ մշակել և մոտեցում ճշգրտել: Ցանկանում եմ Ձեր հանձնարարականը Տրանսպորտի և կապի նախարարությանը, մեզ և Հայաստանի վիճակագրական ծառայությանը տալ, որպեսզի մոտեցում մշակվի և մենք ավելի հստակ պատկերացում ունենանք:

Վարչապետ Տիգրան Սարգսյան– Շատ լավ, արձանագրային որոշումն այսօր կներկայացվի: Եվ երրորդ հարցը, հարգելի գործընկերներ, սննդի անվտանգության և որակի խնդիրն է: Հիշում եք` մենք այս դահլիճում մեկ անգամ քննարկեցինք այդ հարցը, մասնավորապես, վարչապետի վերահսկողության ծառայությունը ստուգումներ էր իրականացրել սննդամթերքի ոլորտում և բացահայտել էր այնպիսի թերություններ, որոնք ուղղակի անհանդուրժելի էին: Տրվել են համապատասխան հանձնարարականներ սննդի անվտանգության ծառայությանը, որպեսզի այն ձեռնարկությունները, որոնք մատակարարում են մեր սպառողներին վտանգավոր սննունդ` պատժվեն: Եվ այդ բացահայտումները մենք իրականացնում ենք լաբորատոր ստուգումներ իրականացնելով: Եվ մենք տվեցինք ժամանակ տնտեսվարող սուբյեկտներին ` հայտարարելով, որ այն լրանալուց հետո` 2012-ի սեպտեմբերի 1-ից հրապարակելու ենք սննդամթերքի տեսակները և այն ձեռնարկություններին, որոնք մեր սպառողների համար վտանգավոր սննդամթերք են մատակարարում: Եվ մեր սպառողները պետք է իմանան, որոնք են այդ ձեռնարկությունները և որոնք են այդ ապրանքատեսակները: Համեցեք պարոն Բախչագուլյան, առաջին անգամ մենք կարող ենք հրապարակել Ձեր ուսումնասիրության արդյունքները:

Սննդամթերքի անտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան– Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրողների մոտ ուսումնասիրություն թե իրացման ցանցում, թե բուն արտադրական գործընթացի ընթացքում: Հում կաթի և պաստերիլիզացված կաթի նմուշներն ուղարկել ենք համապատասխան լաբորատորիաներ և խնդրել իարականացնել փորձաքննություն` սոդայով կեղծվածության, բուսական յուղի և կաթի փոշու առկայության վերաբերյալ: Թվով 11 ընկերությունների արտադրած կաթում սոդայով կեղծվածություն է հայտնաբերվել, որոնք են` «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու Տոհմային ԹԽՏ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ըներկությունները: Ներկայում իրականացվում են տեսչական ստուգումներ իմ կողմից թվարկված բոլոր ընկերություններում` պարզելու համար թե սոդայի կեղծվածության գործընթացը որ փուլում է տեղի ունեցե , քանի որ տնտեսվարողները նաև փաստում են, որ սոդայի կեղծվածությունն իրականացնում են ոչ թե իրենք, այլ այն կազմակերպությունները, ովքեր մթերում են իրենց հում կաթը: Սակայն մենք նաև իրականացրել ենք նմուշառում հում կաթից մինչև տեխնոլոգիական գործընթաց անցնելու փուլը և հում կաթում սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել: Ասեմ, որ կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգով պաստերիլիզացված կաթում սոդայի առկայություն չի թույլատրվում, քանի որ սոդան, որպես այդպիսին իջեցնում է կաթի թթվայնությունը և հնարավորություն չի տալիս կաթին այն ժամանակահատվածում, որը նախատեսված է կաթի պահպանման համար, այն փչանա: Այսինքն` դրանով փորձում են թույլ չտալ, որպեսզի այս ամառվա շոգերին թթվի:
Իրականացրել ենք նաև նմուշառում թթվասերի և կաթի փոշու նկատմամբ, լաբորատոր փորձաքննություն: Թվով 3 ընկերություններում հայտնաբերվել է կաթի փոշի, սակայն պետք է նշեմ, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը չի արգելում կաթի փոշու օգտագործում թթվասերի մեջ, սակայն պարտադրում է, որպեսզի տնտեսվարողները մակնշեն դրա առկայության վերաբերյալ: Կաթի փոշի հայտնաբերվել է «Անի Թամարայում» և «Դուստր Մարիաննայում», նաև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մակնշումը համապատասխանում է իրականությանը և կաթի փոշու վերաբերյալ մակնշում տվյալ ընկերության կողմից արտադրված արտադրանքում առկա է: Կաթի փոշի հայտնաբերվել է նաև «Մուլտի Ագրոյում», որտեղ մակնշումը բացակայում է:
Նաև իրականացրել ենք լաբորատոր փորձաքննություն բուսական յուղի առկայության հետ կապված և «Արզնու Տոհմային ԹՏԽ»-ի կողմից արտադրված թթվասերում հայտնաբերել ենք բուսական յուղ: Կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը սահմանում է թթվասերի բաղադրությունը, որտեղ բուսական յուղի առկայություն չի թույլատրվում, քանի որ թթվասերը կենդանական ծագման սննդամթերք է, իսկ բուսական յուղի օգտագործումը թույլատրվում է կաթնային արտադրանքում, այլ ոչ թե թթվասերում: Ներկայում իմ թվարկված 7 կազմակերպություններում իրականացվում են տեսչական ստուգումներ` ամբողջ արտադրական գործըթացի վերահսկողության, հումքի մթերման, բաղադրությունների և բաղադրագրերի համապատասխանության գնահատման հետ կապված:
Վարչապետ Տիգրան Սարգսյան -Եթե կաթի փոշով են արտադրում թթվասերը` դա նվազեցնո՞ւմ է ինքնարժեքը:

Սննդամթերքի անտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Պարոն վարչապետ, խնդիրը հետևյալն է` կաթի փոշով արտադրելը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին պահեստավորել կաթի փոշին և իջեցնել կաթի փչացման ռիսկերը: Այսինքն` կաթի փոշին երկար պահպանության ժամկետ ունեցող հումք է, իսկ կաթը` կարճ պահպանության ժամկետ ունեցող հումք: Կաթի փոշու միջոցով մեր տնտեսվարողները, ովքեր նաև զբաղվում են կաթի փոշու արտադրությամբ, կաթի գերարտադրության ժամանակ մթերում են կաթ, այն դարձնում են փոշի և պահեստավորում սակավ մթերման սեզոնի համար:
Վարչապետ Տիգրան Սարգսյան – Ես ցանկանում եմ հասկանալ` ինչու արտադրողը չի հայտարարում դրա մասին, եթե դա օրենքով թույլատրելի է: Նա խախտում է, որպեսզի սպառողին թյուրիմացության մեջ է գցի: Այսինքն` սպառողը երբ գնում է թթվասերը, կարդում ու տեսնում է, որ պատրաստված է կաթից, այն պարագայում, երբ պատրաստված է կաթի փոշուց: Խաբելու իմաստն ինչում է կայանում:
Սննդամթերքի անտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան- Խաբելու իմաստն սպառողին թյուրիմացության մեջ գցելն է: Նախորդ տարի կաթի փոշի հայտնաբերվել էր «Դուստր Մարիաննայում» և «Թամարա Անիում»: Տվյալ ընկերություններն արդեն ոււղղեցին իրենց սխալը և մեր երկկխոսության ժամանակ ես փորձեցի նաև ճշտել` արդյոք նվազել են սպառման ծավալները ճիշտ մակնշելու դեպքում: Երկու ընկերության ներկայացուցիչները պնդեցին, որ սպառման ծավալները չեն նվազել, որովհետև մեր սպառողը, այնուհանդերձ, այդքան մշակույթ չունի և բաղադրությունը մեկ է չի կարդում: Սակայն կա այն մտավախությունը, որ եթե հայտարարեն, որ ոչ թե թարմ կաթից, այլ կաթի փոշուց է պատրաստված կաթնային արտադրանքը, ապա սպառման ծավալներն, ըստ տնտեսվարողների, կնվազեն:

 

Դիտվել է 1528 անգամ:
Print Friendly

Leave a Reply