Ա. Աշոտյան. Մեզ համար ընդունելի է ցանկացած առողջ առաջարկ՝ օգնելու բուհին և գործատուին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2012 18:06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Ուսուցման ազգային հիմնադրամի “Ուսուցում՝ հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի” խորագրով առաջին համաժողովին: Բացման խոսքում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է  աշխատաշուկայի և մասնագիտական կրթության փոխադարձ կապի անհրաժեշտությունը, նշելով որ այժմ մեր երկրում այդ կապը խզված է և լիարժեք չի գործում: “Անհրաժեշտ է այդ կապը թարմացնել կամ նորովի ստեղծել”,- նշել է  նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով բուհերի տասնյակ հազարավոր շրջանավարտներ չեն կարողանում աշխատանք գտնել, որովհետև շատ դեպքերում նրանք չունեն աշխատաշուկայի պահանջները բավարարող հմտություններ:
“Որակյալ աշխատուժի խնդիրն աշխարհի ոչ մի զարգացած երկրում բացառապես պետության հոգածությամբ չի լուծվում: Շատ կարևոր է մասնավոր հատվածի՝ իրական գործատուների մասնակցությունը որակյալ աշխատուժի ձևավորման գործընթացին: Առաջնային խնդիր է պարզել, թե որքանո՞վ է Հայաստանում այսօր պահանջված որակյալ աշխատաուժը,  և որքանով է գործատուն պատրաստ իր մասնակցությունն ունենալ կրթական ծրագրերում՝ նպաստելու որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորագույն խնդրին: Կարևոր է, որ  մեր խոշոր գործարարները գիտակցեն, որ կրթական համակարգում իրենց կողմից ներդրումների ապահովումը բարեգործություն չէ: Կրթության համակարգին բարեգործություն պետք չէ, կրթության համակարգին պետք են երկարաժամկետ ներդրումներ, որոնք  ժամանակի ընթացքում վերածվում են որակյալ աշխատուժի և որպես  տնտեսական արդյունք ի վերջո վերադառնում գործատուին”,- նշել է նախարարը և հավելել, որ Հայասատանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների մեծ մասը դեռևս հրաժարվում է կրթական գործընթացներում մասնակցություն ունենալուց: Նախարարի խոսքով համաժողովը նպատակ ունի  փոխել և բեկել հոգեբանությունը. “Մոնոպոլացման աստիճանի նվազմանը զուգահեռ տնտեսության իրական հատվածում պետք է ավելանա որակյալ աշխատուժի պատրաստման նկատմամբ շահագրգռությունը”,- վստահություն է հայտնել նախարար Ա. Աշոտյանը և հավելել.
“Ժամանակն է, որ մենք կարողանանք ստեղծել, թեկուզ փոքր, բայց հաջողության պատմություններ: Ես վստահ եմ, մեր  ուժերի համախմբումը և տնտեսության զարգացումը բերելու են կրթական ծառայությունների փոփոխության: Մեզ համար ընդունելի է ցանկացած առողջ առաջարկ՝ օգնելու բուհին և գործատուին”,- շետել է նախարարը՝ մեկ անգամ ևս գործոտուներին կոչ անելով համագործակցել կրթական համակարգի հետ:
ՀՀ կառավարության կողմից 2011թ. հոկտեմբերի 27-ի No 1550 որոշմամբ հիմնադրված  Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈՒԱՀ) նպատակ ունի նպաստել աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցությանը,  խթանել հարատև և շարունակական ուսուցման մեջ կատարվող ներդրումները, նպաստել մարդկային ռեսուրսների շարունակական կատարելագործումը:
ՈՒԱՀ գերակա  խնդիրն է օժանդակել Հայաստանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացմանը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։

Դիտվել է 3056 անգամ:
Print Friendly

Leave a Reply