Այ տղա, խելքդ գլուխդ հավաքի, էս ի՞նչ ես անում. Ըստ Վարդան Այվազյանի` այսպես կասեր հայր Ալիևը որդուն, եթե կենդանի լիներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2012 18:03

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված առաջարկում է սառը գլխով դատել:

“Էմոցիոնալ հայտարարություններով որևէ հարցում որևէ խնդիր չես կարող լուծել, և, իրականում, քննարկումների ընթացքում առաջ են գալիս բազում տեսակետներ, ի վերջո Ազգային ժողովը իր հայտարություններով որոշակիորեն հստակ ձևակերպումներ արեց”-ասաց Այվազյանը` նկատելով, որ ավելի ճիշտ է ասել, ոչ թե պաշտոնապես խզում ենք մեր հարաբերությունները Հունգարիայի հետ, այլ կասեցնում ենք:

“Պետք է ՀՀ արտգործնախարարությունն ընդգծի այն շրջանակը, որտեղ իրականացվում է այդ կասեցումը”,- նշեց հանրապետական պատգամավորը:

Այվազյանը նաև նկատում է, որ տեղի է ունեցել ոչ թե գործարք, այլ 3 մլրդ դոլարի ներդրում: Այսինքն` Ադրբեջանի նավթային ընկերությունը պարտավորվել է 3 մլրդի չափով գնել Հունգարիայի պարտատոմսերը, որից, սակայն, հետո հրաժարվել է:

Վարդան Այվազյանը հռետորական հարց է հնչեցնում բոլորին, թե ինչի՞ց ենք մենք զարմացել, Ադրբեջանի՞ց. “Մենք պետք է հիմա հստակ ձևավորենք մեր քայլերը` միշտ հիշելով, որ թշնամին ոչ մի անգամ չի քնում: Ինչի՞ց ենք մենք զարմացել, Ադրբեջանի՞ց, որի գլխավոր հերոսը քնած մարդուն կացնահարած անձն է”:

Պատգամավորը նաև առաջարկում է ՆԱՏՕ-ից փոխհատուցում պահանջել Գուրգեն Մարգարյանի մահվան դիմաց նրա հարազատների համար, քանի որ այդ դեպքը ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ է տեղի ունեցել:

Վերջում Այվազյանը, քննադատելով կրտսեր Ալիևին ու մատնանշելով նրա տխմարությունները` նկատեց, որ եթե հայր Ալիևը կենդանի լիներ, անպայման որդու վրա մատ թափ կտար` ասելով. “Ա’յ տղա, խելքդ գլուխդ հավաքի, էս ի՞նչ ես անում”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply