Ի՞նչ է էքստրադիցիան

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | September 13, 2012 7:13

Հանցանք կատարած անձանց հանձնելու խնդիրը հանգամանորեն կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով:

Հանցանք կատարած անձին հանձնելը հանցանք կատարած անձին այն պետությանը հանձնելն է, որի տարածքում կատարվել է հանցանքը կամ որի քաղաքացին է հանցանք կատարած անձը:

ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետության տարածքում հանցանք կատարած քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար:

Ոչ ոք չպետք է հանձնվի օտարերկրյա այն պետությանը, որտեղ լուրջ վտանգ կա, որ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ:

Եթե հանցանք կատարած անձին հանձնելը պահանջող երկրի օրենքներով տվյալ հանցագործության համար մահապատիժ է նախատեսված, ապա հանցանք կատարած անձանց հանձնումը կարող է մերժվել, եթե պահանջող կողմը պահանջ ստացող կողմին բավարարող երաշխիքներ չներկայացնի, որ մահվան դատավճիռ ի կատար չի ածվի:

Հանցանք կատարած անձին հանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Միջազգային իրավական ակտերով սահմանվում են այն պայմանները, որոնց դեպքում հանցավորի հանձնում չի թույլատրվում կամ պետությունը կարող է հրաժարվել հանցանք կատարած անձին հանձնելուց: Դրանք են`

  1. չեն հանձնվում սեփական քաղաքացիները,
  2. չեն հանձնվում քաղաքական հանցագործները,
  3. պետությունը կարող է հրաժարվել հանցանք կատարած անձին հանձնելուց, եթե հանցանքը կատարվել է իր տարածքում,
  4. չի հանձնվում այն անձը, որի նկատմամբ տվյալ պետությունում օրինական ուժի մեջ է մտել համապատասխան դատավճիռ կամ որոշում` քրեական գործը կարճելու մասին,
  5. պետությունը չի հանձնում հանցանք կատարած անձին, եթե իր օրենքներին համապատասխան հնարավոր չէ նրան քրեական պատասխանատվության ենթարկել` վաղեմության ժամկետներն անցնելու կամ այլ օրինական հիմքերի պատճառով:

Էքստրադիցիայի կամ արտահանձնման համար անհրաժեշտ է ևս մի նախապայման. դատավճիռը պետք է օրինական ուժի մեջ մտած լինի: Դրանից բացի, հանձնման համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները. կատարված արարքը հանցագործություն է ճանաչված և՛ հանձնող, և՛ պահանջող պետության քրեական օրենսդրությամբ, անձը դատապարտվել է ազատազրկման 6 ամսից ոչ պակաս ժամկետով:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply