Ուղեցույց վահանակների տեղադրումն անհրաժեշտություն է Մայրուղիների որոշ հատվածներում դրանք առհասարակ բացակայում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 7, 2012 6:08

Հանրապետության ավտոճանապարհների ու մայրուղիների բարեկարգված լինելն ու նորերի կառուցումը, բնականաբար, թե՛ տնտեսական առումով, թե՛  առաջին հերթին վարորդների համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերից է: Ու որքան էլ ավտոճանապարհները ժամանակ առ ժամանակ վերանորոգվում են, բաց  է մնում ուղեցույց վահանակների կարգավորման խնդիրը: Այսինքն` մայրուղիների որոշ հատվածներում բացակայում են ճանապարհատար ցուցանակները` երբեմն մոլորության մեջ գցելով անցորդներին: Խոսքն այն վահանակների մասին է, որոնք տարանջատում են մայրուղիներն իրենց ուղղություններով ու բնակավայրերի անվանումներով: Շատ գյուղաբնակների տեղեկացմամբ` իրենք հաճախ են ստիպված լինում անցորդներին ճանապարհը ցույց տալ կամ ուղղորդել այս կամ այն բնակավայր, քանի որ ուղեցույց վահանակների բացակայության կամ ոչնչացման պարագայում վարորդները կորցնում են կողմնորոշումը  ու մոլորվում:

Սովորաբար ավտոճանապարհները տարանջատվում են ըստ իրենց նշանակության և ենթակայության: Դրանք լինում են միջպետական, հանրապետական և տեղական նշանակության, որոնց ուղեցույց վահանակերի կարգավորմամբ զբաղվում են թե՛ մարզպետարանները, թե՛ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Դեռևս 2005 թ. հանրապետության բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար մշակվել է հատուկ ծրագիր,  որի շրջանակներում հատկացվել են գումարներ ճանապարհներն անհրաժեշտ նշաններով կահավորելու համար: Այսինքն` իրականացվել են երթևեկության կարգավորման և ուղեցույց նշանների տեղադրման աշխատանքներ: Ուղեցույց նշանները ներառում են բնակավայրերի անուններ, շարժման հիմնական ուղղություններ, գետերի և լեռնանցքների անուններ և այլն: Բացի այդ, վերջին երկու տարվա ընթացքում թե՛ նախարարության, թե՛ ՀԿ-ների կողմից  դեպի պատմական հուշարձաններ և վանական համալիրներ տանող ճանապարհների վրա տեղադրվել են ուղեցույց նշաններ: Այսօր դեպի բոլոր պատմական հուշարձաններ տանող գրեթե բոլոր ճանապարհների վրա կան այդ ցուցանակները: Իսկ թե ինչու են որոշ վայրերում դրանք բացակայում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  «Հայաստանի  ավտոմոբիլային ճանապարհներ» տնօրինության ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանի պարզաբանմամբ, մի քանի պատճառ կա:

Նախ` ժամանակի ընթացքում ոչ բոլոր վահանակներն են պահպանվում: Այսինքն` երբեմն  այդ ցուցանակները պատահարների հետևանքով, երբեմն  էլ դիտավորյալ վնասվում են: «Այս առումով հատկապես թիրախ են դարձել երթևեկության արագությունն արգելող նշանները, որոնց մի մասը որոշ վարորդներ գողանում են, որպեսզի տուգանքներից և ավելորդ պատասխանատվությունից զերծ մնան»,- ասում է Հ. Քոչինյանը` հավելելով, որ դրանք  հայտնաբերելուց հետո անմիջապես վերականգնվում են: Նրա պարզաբանմամբ` երբեմն նույնիսկ իրենց աչքի սրությունը փորձելու համար մարդիկ կրակում են ցուցանակների վրա կամ իրենց անունները վրան գրում` փչացնելով դրանք: Երբեմն այդ վահանակներն ուժեղ քամուց ծռվում են և պոկվում, կամ ձյան մաքրման աշխատանքների ժամանակ վնասվում ու ջարդվում: Նա ցավով մատնանշում է, որ բացի պետական հոգածությունից, առհասարակ որևէ դրական վերաբերմունք չկա հասարակության կողմից: Դրանք պետք է, բնականաբար, ժամանակ առ ժամանակ թարմացվեն, սակայն Ֆինանսական սուղ պայմանների պատճառով այս ոլորտը, զրուցակցիս հավաստմամբ, հաճախ ուշադրությունից դուրս է մնում:

Ինչպես նշվեց, մարզպետարանները ևս ունեն իրենց իրավասության տակ առնված ճանապարհներ` և՛ տեղական, և՛ հանրապետական նշանակության: «Մենք ճանապարհները պայմանագրերի համաձայն հանձնել ենք սպասարկող մասնավոր ընկերությունների, սակայն պատասխանատուն դարձյալ մեկ գերատեսչությունն է, որը հսկում է պայմանագրային պարտավորությունները: Ցուցանակները տեղադրելուց հետո պետք է նաև հետևողական և կարգապահ լինել, սրտացավ լինելու համար գումար պետք չէ»,- համոզմունք է հայտնում զրուցակիցս: Օրինակ` մետաղային արգելափակոցների վրա  տեղադրել են Գերմանիայից  ներմուծված լուսային անդրադարձիչներ: Միայն 1  ամսվա ընթացքում տեղադրված 4000 անդրադարձիչներից արդեն 40-ը գողացել են իրացման տարբեր նպատակներով: Ուստի համատարած հսկելը հնարավոր չէ, պարզապես պետք է անցորդների վերաբերմունքը փոխել:

Ի՞նչ դեր ունեն այս հարցում մարզպետարանները, և ին՞չ են անում նրանք վնասված կամ անհետացած վահանակները վերականգնելու ուղղությամբ: Մարզպետարաններից մի քանիսում «Անկախին» տեղեկացրին, որ առհասարակ նման գործառույթների իրավասություն ունի միայն համապատասխան գերատեսչությունը: Ու թեպետ որոշ ճանապարհահատվածներ իրենց ենթակայության տակ են, իրենք զերծ են նմանատիպ միջամտություններից: Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացրին, որ եթե նման խնդիր ծագում է քաղաքի ավտոճանապարհներին, ապա հարցով պետք է անհապաղ զբաղվի տվյալ համայնքի քաղաքապետարանը, իսկ այլ նշանակության ճանապարհների հարցով` միայն նախարարությունը:

«Դեպի համայնքեր  ցույց տվող նշանները հիմնականում տեղադրվել են խոշորացված, այսինքն` մենք Երևան-Մեղրի ճանապարհին տեղադրել ենք վահանակ դեպի Մասիս կամ Արտաշատ, Գորիս, Սիսիան տանող ուղղությամբ: Այս պարագայում հնարավոր է, որ որոշ խոշոր բնակավայրերի անուններ բաց թողնված լինեն: Սակայն միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների վրա տեղադրված են ցուցանակներ թե՛ բնակավայրից առաջ, թե՛ հետո: Իսկ տեղական նշանակության ճանապարհների վրա ոչ միշտ են առկա լինում ուղղորդող ցուցանակներ: Անցյալ տարի Երևան-Մեղրի ուղղության վրա բոլոր մեծ խաչմերուկներում տեղադրվեցին մեծ վահանակներ, որոնցում գրված է կմ-երի չափը: Դա միանվագ ակցիա էր, որի  համար ծախսվել է մոտ 7 մլրդ դրամ»,- ասաց Հենրիկ Քոչինյանը` տեղեկացնելով նաև, որ Տաթևի ճոպանուղու շահագործման ժամանակ այդ ճանապարհը տանող ուղղության վրա ևս տեղադրվել են խոշոր վահանակներ, որպեսզի բոլոր այցելուների, այդ թվում նաև օտարերկրյա զբոսաշրջիկների համար հստակ ուրվագծվի դեպի այդ վայրը տանող ճանապարհը:

Ջերմուկ քաղաքն էլ, որպես խոշոր զբոսաշրջային կենտրոն, ուշադրության կենտրոնում է: «Այստեղ ընդհանուր քաղաքականության մշակման խնդիր կա, այդ թվում նաև` միջոցների և հնարավորությունների, և յուրաքանչյուրը` թե՛ մեր գերատեսչությունը, թե՛ մարզպետարանները, իրենց հնարավորությունները օգտագործելով, կարողացել են այս հարցը լուծել»: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  «Հայաստանի  ավտոմոբիլային ճանապարհներ» տնօրինության ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը տեղեկացրեց նաև, որ լինում են դեպքեր, երբ ծայրամասային գյուղերի համայնքապետերը սեփական նախաձեռնությամբ վահանակներ են տեղադրում ճանապարհային հատվածում տվյալ գյուղի տեղը անցորդներին ցույց տալու կամ ճանաչելի դարձնելու նպատակով:

Ամեն դեպքում, բացի պետական հոգածությանը ապավինելուց, փորձենք մենք էլ մեր չափով նպաստել արդեն տեղադրված վահանակների պահպանմանը, չկոտրենք ու չփչացնենք դրանք, քանի որ օրերից մի օր գուցե հենց մեզ պետք գան:

Լ.Ն

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply