Անորսալի որսորդնե՞ր, թե՞ օրենքի թուլություն…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 12, 2012 11:00

Օգոստոսի 25-ին մեկնարկեց որսաշրջանի սեզոնը, որը կտևի մինչև փետրվարի 28-ը: Սեզոնի բացմանը զուգընթաց ակտիվացան խոսակցությունները որսագողությունների, արգելված որսատեսակների նկատմամբ որսի իրականացման և ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ:

Որսորդությունը հնագույն մասնագիտություն է` առաջացած մարդկանց կարիքները բավարարելու պահանջի հետևանքով: Սակայն այն նաև դարեր շարունակ համարվել է էլիտար զբաղմունք իշխանական տների ու թագավորական ընտանիքների համար: Թեպետ այսօր Հայաստանում որսի մշակույթն այնքան էլ զարգացած չէ, սակայն որսորդությամբ ժամանակին բավականին բարձր մակարդակով զբաղվել են նաև հայերը: Այն սիրելի զբաղմունք էր ինչպես շատ երկրների, այնպես էլ Հայաստանի վերնախավի համար: Որսորդության նկատմամբ նման էլիտար հակումները շարունակվում են նաև այսօր մերօրյա իշխանական վերնախավի, ինչպես նաև հասարակ գյուղացիների ու որսի սիրահարների կողմից: Կենդանական աշխարհի նկատմամբ նման «բնական» հակումները, սակայն, երբեմն իրենց խիստ վնասակար հետևանքներն են թողնում հայրենի բնության ու կենդանական աշխարհի աճի, ինչպես նաև մեր երկրում որսի կուլտուրայի իսկապես բարձր մակարդակով կայացման ու զարգացման վրա:

«Օրինական որսի ակումբ» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Սարիբեկյանը ահազանգում է իր իսկ աչքով տեսած, ինչպես նաև իր ականջին հասած բազմաթիվ օրինախախտումների ու որսագողության դեպքերի մասին` դժգոհելով, որ այս խնդիրների նկատմամբ պետական մակարդակով պատշաճ ուշադրություն չի դարձվում:

Ըստ նրա` ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հետևողական լուծման կարիք ունեն, և հապաղումը կարող է հանգեցնել Հայաստանում առկա որոշ կենդանիների վերացմանը, որոնք  գրանցված են «Կարմիր գրքում», սակայն համապատասխան մարմինները ինչպես հարկն է միջոցներ չեն ձեռնարկում այդ և այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Բնապահպանության նախարարությունը ևս այն կարծիքին է, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն համամիտ չէ այն տեսակետին, թե ոչինչ չի արվում:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը փաստեց, որ ոլորտում իսկապես կան խնդիրներ, որոնցից առաջնային են հատկապես տեսուչների վերազինման, վառելիքի, պատժամիջոցների, տեխնիկական միջոցների  հետ կապված հարցերը: Բացի այդ, սրանց զուգահեռ, տարեցտարի նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Սակայն պարոն Բեգլարյանը հավաստիացրեց, որ ամեն տարի այս խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում:

Աշխատանքներ, իհարկե, տարվում են, սակայն խնդիրները կարծես մնում են չլուծված ու դեռ մի բան էլ ավելանում: Էդիկ Սարիբեկյանը մատնանշում է ոլորտը կարգավորող օրենսդրական բացերը և ճիշտ է համարում ոչ թե որսի արգելումը, այլ դրա օրինականացումը` խիստ վերահսկողությամբ: Սարիբեկյանի կարծիքով` ոլորտում օրենսդրական ու նաև որոշակի ֆինանսական ներդրումներ կատարելով` հնարավոր է որսորդությունը դարձնել էական նշանակություն ունեցող եկամտաբեր զբաղմունք պետության համար` ամեն տարի պետբյուջե մուտքագրելով հսկայական գումարներ: Մինչդեռ այսօր որսագողերն անարգել մուտք են գործում որսահանդակներ ու որսում արգելված որսատեսակներ կամ նախատեսվածից շատ կենդանիներ, թռչուններ ու ձկներ:

Ճիշտ է, այնպես չէ, որ նմանատիպ դեպքերը չեն բացահայտվում ու չեն պատժվում օրենքով: Բեգլարյանի տված տեղեկատվությամբ` տարեկան միջինը 150-160 որսագողության ու օրինախախտման դեպքեր են արձանագրվում, որոնցից մոտ 10-12 մլն դրամի տուգանք է գանձվում: Միայն այս տարի, դեռ որսաշրջանը նոր մեկնարկած, արդեն 60 նմանատիպ դեպք է բացահայտվել` բյուջեն համալրելով 4 մլն դրամով: Սակայն, ըստ Սարիբեկյանի, օրինախախտման դեպքերի առյուծի բաժինը մնում է ստվերում, քանի որ որսագողերի մեջ լինում են այնպիսի դեմքեր` պետական պաշտոնյաներ, օլիգարխներ, որոնք կա՛մ փոխպայմանավորվածությամբ են իրականացնում իրենց արգելված որսը, կա՛մ էլ բնապահպանության նախարարության տեսուչներն ի զորու չեն լինում նրանց դեմն առնել:

Բնապահպանության նախարարության աշխատակիցը, սակայն, հակառակն է փաստում` ասելով, որ մեր որսի սիրահար պաշտոնյաներն ու էլիտար վերնախավն ավելի օրինապահ են, և նրանց հետ ավելի հեշտ է աշխատել: Բայց և չի բացառում, որ երբեմն նրանց կողմից ևս տեղի են ունենում օրենքի խախտումներ, որոնք անպայման հայտնաբերվում են, և որսագող կամ օրինախախտ այդ չինովնիկները պատժվում ու տուգանվում են օրենքի սահմաններում:

Վերջերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ արտասահմանյան որոշ կազմակերպություններ իրենց կայքերում հայտարարություն են տեղադրում` խոստանալով որոշակի գումարի դիմաց կազմակերպել հայկական մուֆլոնի որս Հայաստանի անտառներում: Այն, որ մուֆլոնը գրանցված է «Կարմիր գրքում», և դրա որսն արգելված է, գիտեն բոլորը, առաջին հերթին` նախարարությունը, սակայն, տեղեկությունների համաձայն` արտասահմանյան այդ կազմակերպությունները կարողանում են ներքին կարգով կամ ինչ-ինչ անօրեն ճանապարհներով օտարերկրյա որսասերներին «հրամցնել» կենդանի հայկական մուֆլոն:

Արթուր Բեգլարյանը ևս զարմացած է այս փաստով և չնայած մի փոքր անհավանական է համարում տարածված լուրերի ճշմարտացիության հարցը և պնդում, որ որսի արտոնագիրն իրենք են տալիս, և իրենք տեղական կամ արտասահմանյան ոչ մի որսորդի ու կազմակերպության մուֆլոնի որսի արտոնագիր չեն տրամադրել երբեք, սակայն կոչ է անում բոլոր նրանց, ովքեր կհայտնաբերեն նման դեպքեր, ապա անպայման դիմեն իրենց, որպեսզի համատեղ ուժերով «որսան» աներևույթ որսագողերին:

Սակայն այս հարցն իր հերթին այլ հարցերի տեղիք է տալիս` թելի կծիկը հասցնելով մինչև երկրի մաքսային մարմիններ: Է. Սարիբեկյանը նշում և Ա. Բեգլարյանն էլ հաստատում է, որ օտարերկրացին Հայաստանում չի կարող գալ ու անարգել որս կատարել, քանի որ կբախվի մի շարք խնդիրների, այդ թվում` զենք կրելու թույլտվության խնդրին: Բայց եթե  որսագողությունն այնուամենայնիվ տեղի է ունենում, ապա ձեռք բերած ավարը, որն, ի դեպ, բավականին մեծ արժեք ունի (մասնավորապես մուֆլոնի եղջյուրները շատ թանկ են գնահատվում շուկայում), որևէ կերպ երկրից դուրս է գալիս, չէ՞: Այստեղ էլ պետք է բախվի մաքսային օրենսդրության համապատասխան պատնեշներին: Բայց պարզվում է, որ մաքսայինի պատնեշներն այնքան էլ ամուր չեն կամ գուցե գոյություն էլ չունեն: Ակնհայտ է, որ եթե իսկապես տեղի է ունենում հայկական մուֆլոնի անարգել անօրինական որս արտասահմանցիների կողմից, ապա այստեղ գոյություն ունի ներքին համագործակցություն: Բնապահպանության նախարարության աշխատակիցն այս խաղում իրենց մասնակցությունը բացառում է` «հրացանի փողը» ուղղելով մաքսայինի վրա: Դե մաքսայինն էլ, բնականաբար, պետք է հերքի ու հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: Փաստորեն, հարցը մնում է օդում կախված: Այս դեպքում ավելի ճիշտ է ասել` օդում կրակված….

Հիշեցնենք մեր որսագողերին ու օրենքը հրացանի մեկ զարկով շրջանցողներին, որ Հայաստանում ձկնագողության համար տուգանքի չափը նվազագույնը կազմում է 50-100 հազար դրամ, իսկ բնությանը հասցված վնասը 3000 դրամը գերազանցելու դեպքում` 150-200 հազար դրամ և ավելի, իսկ որսագողության համար սահմանված է նվազագույնը 150-250 հազար դրամ վարչական տուգանք` գումարած բնությանը պատճառված լրացուցիչ վնասի փոխհատուցումը:

Սակայն մարդկանց թեթև ձեռքով բնությանը ծանր վնասներ հասցնելը միշտ չէ, որ վարչական տուգանքներով ու օրենքի առաջ ընդամենը մի քանի կոպեկով պատասխան տալով կարող է փոխհատուցվել: Մի օր գալու է հենց իր` մայր բնության առջև պատասխան տալու ժամանակը, երբ ոչ պաշտոնական դիրքն ու պետական կամ քրեաօլիգարխիկ կապերը կարող են փրկել, ոչ էլ հազարավոր դրամներով տուգանքների վճարումը….

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply