«Ոստիկանությունը զբաղված է փող հավաքելով» Էդուարդ Հովհաննիսյան՝ վարորդների թև ու թիկունքը

Հարցազրույց | | September 13, 2012 7:52

Արդեն երկար ժամանակ է, ինչ Երևանի փողոցներում երթևեկությունը վերահսկող տեսախցիկներ են տեղադրվել:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում արձանագրվել է մոտ 22.5 հազար խախտում:

«Անկախի» հետ զրույցում «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասում է, որ տեսախցիկների տեղադրման մասով վարորդների կողմից բազմաթիվ դժգոհություններ կան...

 Իհարկե, տեսախցիկների վերաբերյալ էլ, արագաչափերի վերաբերյալ էլ բազմաթիվ դիմում-բողոքներ ենք ստանում, մեր վարորդները շատ են դժգոհում: Ասեմ, որ սկզբնական շրջանում արձագանքը քիչ էր, վարորդները դեռ ուզում էին հասկանալ՝ ինչն ինչոց է, հիմա արդեն անդադար զանգեր ենք ստանում: Ստացվում է այնպես, որ զանգերն ու դիմումներն ավելի շատ են, քան, ասենք, տեսուչների կողմից կայացրած որոշումները: Դա, անշուշտ, մտահոգող հանգամանք է, քանի որ, մեր կարծիքով, խախտումներ որոշողներն այնքան էլ պատրաստված չեն. ասածս վերաբերում է Ճանապարհային ոստիկանության կանոնների 18 և19 կետերին:

Այսինքն՝ եթե դեղին լույսն արգելող ազդանշանը վառվում է, վարորդը չի կարողանում կանգնեցնել տրանսպորտային միջոցը, երթևեկության կանոնն ասում է, որ վարորդը կարող է շարունակել երթևեկությունը: Մենք բազմիցս ասել ենք, բայց Ճանապարհային ոստիկանությունը խախտում է օրենքը ու տուգանքներ սահմանում:

Այնինչ, երբ վարորդն անցել է «կանգ» գիծը, դա համարում են խաչմերուկների անցման կանոնների խախտում և տուգանք նշանակում: Չեն գործում նաև խաչմերուկների անցման վերաբերյալ կանոնները: Հիմա ընթացքում ունենք նմանօրինակ երեք դատական գործ:

 Նման անճշտությունների դեպքում առաջինն ո՞ւմ եք դիմում 

– Ճանապարհային ոստիկանությունը հիմնականում ասում է, որ իրենք որոշումը ճիշտ են կայացրել: Հիմնականում դիմում ենք դատարան՝ մեր վարորդների իրավունքները պաշտպանելու համար: Ճանապարհային ոստիկանության կողմից 13 տարվա ընթացքում ոչ մի դիմում-բողոք չի բավարարվել: Անգամ՝ ակնհայտը, ասում են՝ չէ՛, խախտում է արել: Ստիպված դիմում ենք դատարան, դատական` կարգով այդ հարցերին լուծում տալու համար:

 Արագաչափերի հարցն անճշտությունների դարբնոց կարծես լինի: Երբեմն տեսախցիկներն արձանագրում են նաև 75-ը...

– Այո՛, նման դեպքերի հանդիպում ենք: Դատարանն է որոշում: 81-ն արդեն վիճարկելի է, քանի որ այդ արագաչափի տեխնիկական տվյալները +/- 1 կմ/ժ է, հետևաբար եթե վարորդը 81 է երթևեկել, ապա կարելի է դա վիճարկել և ասել, որ այդ արագաչափն անճշտություն ունի` այդ պահին մեկ կմ արագ է չափել: Նման գործով դեռ դատարան չենք մտել, բայց եթե լինի մի վարորդ, որը համաձայնի այդ դեպքում դիմել դատարան, մենք պատրաստ ենք:

Գիտեմ, որ տեսախցիկներով երթևեկության վերահսկողությունը վաղուց արդեն ընդունված գործելակերպ է բազմաթիվ զարգացած երկրներում: Մեր երկրում ընդունված կարգ կա, որ պետավտոտեսուչի աշխատավարձի որոշ մասը գոյանում է նաև նրա արձանագրած խախտումներից: Ի՞նչ եք կարծում, վտանգ չկա՞, որ տեսախցիկների ավելացումը և որոշ փողոցներում ավտոտեսուչների «անհետացումը» կարող է վերջիններիս դրդել, ասենք, ավելի կտրուկ քայլերի դիմել վարորդների նկատմամբ:

– Դե, ամեն որոշում կայացնողը դրա համար կրում է պատասխանատվություն: Այսինքն՝ եթե տեսուչը որոշումը սխալ է կայացրել, պետք է պատասխանատվության ենթարկվի: Ոստիկանությունում բոլոր դատական գործերը հաշվառվում են, և եթե պարզվում է, որ կա տեսուչի մեղավորությունը, ապա կարծում եմ՝ ոստիկանությունը միջոցներ ձեռնարկում է այդ առնչությամբ, թե չէ էլ ինչո՞ւ է իրականացվում վերահսկողությունը:

Ինչ վերաբերում է տեսուչների կողմից սխալմունքներին, դա գալիս է նաև օրենքի կիրառումից, որովհետև այսօր ապացույցը պետք է ներկայացնի վարչական մարմինը: Տեսուչները ապացույց չեն ներկայացնում, դատարանում վկայություն են տալիս: Իսկ այդ վկայությունը սուտ ասելու համար պետք է կրեն քրեական պատասխանատվություն: Բայց մեր փորձից կարող եմ ասել, որ դեռ ոչ մի տեսուչ չի կրել այդ քրեական պատասխանատվությունը, որովհետև դատավորները դա, մեղմ ասած, կուլ են տալիս: Այսինքն՝ եթե անգամ դատաքննության ընթացքում պարզվում է, որ, այնուամենայնիվ վարորդն էր ճիշտ, դատարանը որոշում չի կայացնում, որ տեսուչը սխալ ցուցմունքներ է տվել:

 Պրն Հովհաննիսյան, հիմա խախտումներն ավելի շատ են, չէ՞:

– Չէի ասի, բարեբախտաբար նվազել են: Բարձրացել է կանոնավոր երթևեկությունը:

Օրինակ՝ Դավթաշենի կամրջում ամիս չէր լինում, որ մի քանի վթար չլիներ: Հիմա մի քանի ամսվա մեջ ընդամենը մի վթար է եղել: Առանձին դեպքեր պատահում են, բայց դրանք եզակի են: Ուրախ եմ, որ վարորդները սկսում են սովորել երթևեկության կանոնները:

 Վարորդների ամենացավոտ հարցերից մեկը բարձրացնեմ՝ տուգանքներԻնչո՞ւ են այդքան արագ վերելք ապրում թվերը...

– Այո՛, տուգանքները մեծ են, դրանք ուղղակի սպանում են վարորդներին: Ախր տուգանքները համաչափ չեն: Պատիժը պետք է համապատասխան լինի զանցանքին:

Ճանապարհային ոստիկանությունը նույնիսկ եռապատիկ, հնգապատիկ է դարձնում տուգանքի չափը, և ստացվում է՝ օդից գումարներ են հավաքում: Ոստիկանությունը ուղղակի զբաղված է դրամահավաքությամբ: 60-րդ օրը լրանալուց հետո տուգանքը դառնում է 50 000 դրամ, ՃՈ-ից բացատրում են, որ դա  Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում ընդունված բան է, բոլորն այդպես են անում: Դրսում անգամ օրենք կա, որ եթե չես վճարում, քեզ բանտ են նստեցնում: Ռուսաստանում կրկնապատիկ է դառնում, բայց նրանք հազվադեպ դեպքերում են դա կիրառում: Դատարանները կիրառում են դա հարուստ մարդկանց նկատմամբ` իմանալով, թե որտեղ են աշխատում և այլն:

Բայց չէ՞ որ այդ նույն Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում դրույթ կա, որ ասում է՝ եթե դու շուտ ես վճարում, քեզ զեղչ ենք անում: Բա դա մեր երկրում ինչո՞ւ չեն կիրառում, եթե այն մեկը կիրառում են, ուրեմն պետք է սա էլ կիրառեն:

 Ի վերջո, մեկ տարվա փորձից հետո ինչպե՞ս կգնահատեք ԱՊՊԱի ներդրումը Հայաստանում: Մի տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց մեր երկրում:

– Հիմա դժվար է ասել: Գնահատական կարելի է տալ մի քանի տարի անց: Օրինակ՝ մեր հարևան Վրաստանում երկու-երեք տարի անցավ, հասկացան, որ դեռ շուտ է, վերացրին ԱՊՊԱ-ն: Այստեղ թե ոնց կլինի, չեմ կարող ասել: Մեր երկրում գործընթացը շարունակվում է, կամաց-կամաց մտնում է հունի մեջ, բայց երևի այս տարեվերջին կտեսնենք վնասը… Գուցե մեծ լինի, և նվազագույն դրույքաչափերը մի փոքր ավելանան: Սա ընդամենը կանխատեսում եմ:

 Անցած տարի Դուք կանխատեսել էիք ԱՊՊԱի սակագների աճ: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն այսօր: Գո՞հ են արդյոք վարորդներն ապահովագրական ընկերությունների մատուցած ծառայություններից:

Այո, 25-30% աճ էինք նախատեսել: Սակայն ստացվեց, որ վնասաբերությունը այդքան էլ մեծ չէր, որովհետև նախ՝ 8 ամսվա կտրվածքով սկսեցին թվաբանություն անել, այդ հարցը բարձրացվեց նաև ԱԺ-ում: Մենք ասացինք, որ համենայն դեպս տվյալներ դեռ չկան, որ գերշահույթ կա, բողոքներ էլ առանձնապես չկային:

Այստեղ էլ տուգանքներն էլի շատ սահմանվեցին. մի բանի համար, որ մարդիկ պարտադիր ապահովագրեին իրենց մեքենաները: Սա ևս մի մաֆիա էր, որը շարունակվեց նաև տեսախցիկների մասով: Տուգանքներ սահմանեցին՝ խոշոր չափի գումարներ, օրինակ` հենց արագությունը գերազանցելու համար: Գուցե խախտումների համար պետք է վարորդն ավելի շատ վճարի, քան ապահովագրության:

Անցնեմ հարցի երկրորդ մասին. շատերը գոհ են ապահովագրությունից, հատուցումը նորմալ գնում է: Առանձին դեպքերում պատահում են ուշացումներ, բայց հիմնականում դժգոհություններ չկան: Ապահովագրական բոլոր ընկերությունների մատուցած ծառայություններից էլ մարդիկ գոհ են, ինձ որ նմանօրինակ բողոքով որևէ քաղաքացի չի դիմել: Բոլոր ԱՊՊԱ ընկերությունները տուգանվում են՝ վարորդներին չվճարելու, գումարները ժամանակին չտալու համար: Սա ես վստահեցնում եմ. դեպքեր եղել են: Ասեմ, որ այդ տուգանքներն էլ են մեծ: ԱՊՊԱ ընկերությունները չեն ցանկանա խախտել օրենքը, որովհետև ստացվում է, որ պետք է վճարեն կրկնակի: Եղել են դեպքեր, որ անգամ մեկ կամ երկու միլիոն դրամ տուգանք է նշանակվել. ես այդ բյուրոյի անդամներից եմ, գիտեմ:

 Պրն Հովհաննիսյան, ասենք նաև, որ Ճանապարհային ոստիկանությունը վերջերս լուրջ բարեփոխումներ իրականացրեց: Մշակեց նոր ռեժիմներ՝ հնարավորինս «փակելով» կոռուպցիոն դաշտը...

– Կարծեմ մարտի վերջերին էր, որ բարեփոխումներ եղան: Հիմա ո՛չ հերթեր կան, ո՛չ՝ կաշառք: Այդ մասով, ես գոհ եմ: Անգամ մաքսատանը կից ստեղծվել է մի բաժանմունք, որտեղ մաքսազերծումն անելուց հետո անմիջապես կարող ես համարները ստանալ, մի քանի րոպեի ընթացքում, առանց որևէ կաշառքի: Կոռուպցիոն ռիսկերը փաստորեն վերացրել են: Այ, եթե մնացած ստորաբաժանումներում էլ դա կատարվի, հրաշալի կլինի:

Ո՞ր ստորաբաժանումների մասին է խոսքը:

Օրինակ՝ կոռուպցիոն ռիսկեր կան տուգանային հրապարակներում, տեսչությունում: Վարորդական վկայական ստանալն էլ այսօր հեշտ է: Քննություն ես տալիս` վերահսկում է համակարգիչը: Անցար` գնում ես երկրորդ փուլ: Այ, գործնական քննության ժամանակ պատկերը մի քիչ այլ է. այդտեղ գուցե կոռուպցիոն ռիսկերը շատ են: Չնայած բոլորն էլ գիտեն, թե ինչպես վերջերս իրավապահները մի ոստիկանի կաշառք վերցնելու պահին բռնեցին, երևի մյուսները կվախենան, ու այդ փուլն էլ արդար կլինի:

Վրաստանում երկրորդ փուլի քննության ժամանակ տեսախցիկն է նկարահանում: Հիմա էլ արդեն մտցրել են սենսորային մշակույթը: Այսինքն՝ եթե դու վարեցիր մեքենան, ու սենսորները քեզ չասացին, թե ինչ սխալ ես արել, մի քանի րոպեում կստանաս քո վարորդական վկայականը:

Եվ վերջին հարցը. Ռուբինյանցի գործն ի՞նչ եղավԼրատվամիջոցները, համենայն դեպս, բավական ակտիվ լուսաբանում էին:

– Այո՛, այդ գործը դեռ ընթացքի մեջ է: Խնդիրը կապված էր Ռուբինյանց փողոցի տեսախցիկի հետ: Տեսախցիկի վահանակը տեսանելի չէ, ինչպես սահմանված է ՀՀ կառավարության 16.9Ն 2006 թ. որոշման համաձայն. վահանակը պետք է վարորդին տեսանելի լինի 100 մետրից: Ցավում եմ, որ Ճանապարհային ոստիկանությունը, այնուամենայնիվ, չվերադարձրեց բոլոր վարորդներին ապրիլի 20-ից մինչև մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում տեսախցիկի պատճառով արձանագրած խախտումների գումարները: 4000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ դիմել էին ոստիկանություն: Դիմողները 4000-ից ավելի էին: Մեր կարծիքով` այդտեղ գրանցված է եղել մոտ 24 000 խախտում:

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

 

Դիտվել է 3344 անգամ:
Print Friendly

Leave a Reply