Ո՞վ պետք է պատասխան տա Լոնդոնում կատարվածի համար

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 8, 2012 16:44

«Լոնդոն 2012» օլիմպիական խաղերը վաղուց ավարտվել են, սակայն Հայաստանի պատվիրակների մրցելույթների մասին  սոսկ  խոսակցություններ են, պաշտոնական գնահատական տվող չկա: Իսկ անցած օրերին  մամուլի տարբեր ակումբներում լրագրողներին են հանդիպել միայն Հայաստանի  հունահռոմեական ոճի ըմբշամարտի, ծանրամարտի ներկայացուցիչները, որոնք մեդալներ են բերել:

Ուշագրավն այն է, որ լռությանն են ապավինում մեր երկրի մարզական բնագավառի ներկայացուցիչները, ղեկավար այրերը, քաղաքական գործիչները:

Եվ  ահա ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, խախտելով այն, էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ եթե Հայաստանի ներկայացուցիչները նախորդ օլիմպիական  խաղերում 78-րդն էին, ապա այս անգամ 60-րդ տեղում են: Եվ պարզաբանել է, որ պատճառն այն է, որ 2008-ին Պեկինում մերոնք միայն բրոնզե մեդալ ունեին, իսկ այս անգամ կա նաև արծաթե պարգև, որն էլ նպաստել է այդ տեղաշարժին: Մինչդեռ, ակնհայտ տեղատվություն է, որ նախորդ խաղերին 6 մեդալ ենք ունեցել, իսկ այս անգամ միայն 3-ը:

Ծառուկյանը հայտնել է, որ անուղղակի քննադատական խոսքեր են հնչեցվել իր հասցեին: Նա նշել է միայն, որ ինքը` որպես ՀԱՕԿ-ի նախագահ, շահ չունի, ոչ էլ պաշտոնի խնդիր, և դա իր համար լրացուցիչ ծանր աշխատանք է` «անձնական, սեփական միջոցների ներդրմամբ և մեր մարզաշխարհին օգուտ տալու հնարավորություն»: Իսկ խորհուրդ տվողներին նա հարց է ուղղել, թե ուր էին նրանք 4 տարի շարունակ: Նշվել է, որ արդյունքների վերլուծություններ կատարվելու են և հետևություններ արվելու են, քանի որ առջևում նոր մրցումներ են:

Այսուհանդերձ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում շատ բան չի փոխվի, և դժգոհությունները կշարունակվեն սպորտում իրականացվող քաղաքականությունից, նաև` կադրային:

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա թեև հաճախակի հայտարարվում է, որ ԲՀԿ-ն իշխանության մեջ չէ, այդ կազմակերպության ղեկավարը պարտավորվածություն է դրսևորում, խնամակալություն, տնօրինում հայկական սպորտի, բոլոր մարզաձևերի ճակատագիրը, բացառությամբ` ֆուտբոլի: Մինչդեռ, բոլոր մարզաձևերի ֆեդերացիաները կարող են ինքնիշխան լինել:

Օլիմպիական  մի շարք մարզաձևերում (ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ) Հայաստանի ներկայացուցիչների տապալվելու գործում դեր է խաղացել ՀԱՕԿ-ի ներկայացուցիչների միջամտելու, վարչարարական, կադրային քաղաքականությունը: Եվ պարզ չէ, թե ով պետք է պատասխան տա կատարվածի համար:

 

 

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply