ՄՕԿ-ն ի՞նչ գործ ունի Հայաստանի դրոշի հետ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 9, 2012 7:00

«Լոնդոն 2012» օլիմպիական խաղերի հետ կապված շատ հարցեր մութ են մնացել: Պատճառը ոչ միայն այն է, որ շատ բան կուլիսների հետևում է կատարվել, այլև այն, որ խաղերը ցուցադրող Հայաստանի հանրային հեռուստատեսությունն անգամ չի հեռարձակել ռեպորտաժներ որոշ մրցաձևերի պայքարից, որոնցում հանդես են եկել մեր երկրի ներկայացուցիչները: Ուշադրության կենտրոնում չեն եղել նաև Հայաստանի մարմնամարզության ներկայացուցիչները: Մինչդեռ տևական ընդմիջումից հետո Հայաստանի մարմնամարզիկն իրավունք էր ստացել մասնակցելու օլիմպիական խաղերին:

 Նախ զրուցեցինք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հետ:

Հետաքրքրվեցինք, թե ինչու  օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ նա մեր երկրի դրոշակակիրը չէր, թեպետ նախապես այդպես էր ծրագրվել: Հետագայում ակնարկ արվեց, որ կազմակերպիչները տարիքային սահմանափակում են կիրառել, և պատճառն այդ է, որ Ազարյանին փոխարինել է թհեքվանդոյիստ Արման Երեմյանը:

– Այդպիսի բան չկար,- ասաց Ազարյանը:

 Ուրեմն ի՞նչն էր պատճառը:

– Երբ հուլիսի 23-ին ժամանեցինք մրցավայր, հայտնեցին, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները որոշել են, որ դրոշակակիրները պետք է լինեն օլիմպիական խաղերի մասնակից մարզիկները: Հայաստանի պատվիրակությունը դժգոհություն հայտնեց, որ այդ մասին նախապես չի հայտնվել: ՀԱՕԿ-ը պաշտոնական գրություն ներկայացրեց, որ Ալբերտ Ազարյանը նախկին երեք օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն է եղել, և խնդրեց, որ թույատրեն 4-րդ անգամ այդ կատարեմ: Ասացին, որ 2 օրից կպատասխանեն: Իսկ հետո հայտնեցին, որ բացառություն չի արվելու, և խաղերի մասնակիցներից որևէ մեկը պետք է դրոշակակիր լինի:

Անկեղծ ասած, ինքս անցանկալի վիճակում էի, քանի որ նախապես շատերն ինձ շնորհավորել էին, որ դրոշակակիր եմ լինելու: Այդ է պատճառը, որ, կատարվածից հետո չցանկացա մնալ օլիմպիական խաղերի մայրաքաղաքում: Խնդրեցի, որ ինքնաթիռի տոմսս փոխեն, և Լոնդոնում 5 օր անցկացնելուց հետո վերադարձա Հայաստան: Կարծում եմ, որ կազմակերպիչների այդ որոշումն այնքան էլ հիմնավորված չէր: Բանն այն է, որ օլիմպիական պատվիրակության կազմում  երիտասարդ շատ մարզիկներ կան, և երբ  նրանք տեսնեին, որ դրոշակակիրն օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է, իրենք էլ կձգտեին  մեծ նվաճումների հասնել, որպեսզի հետագայում այդպիսի պատվի արժանանան: Իսկ այսպես ստացվում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է դառնալ դրոշակակիր:

ՄՕԿ-ն ի՞նչ կապ ունի Հայաստանի պատվիրակության ներքին խոհանոցի, ի վերջո, մեր դրոշի հետ և ինչո՞ւ պետք է թելադրի իր պայմանները, որոնք կապված են հանդիսավոր շքերթի ժամանակ այն տանելու հետ: Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները կատարվածից վրդովվել էին, բայց ոչ մի բան հնարավոր չէր փոխել: Մինչդեռ դրոշակակիրը պետք է լիներ այն մարդը, որին ցանկանում են տվյալ երկրի ներկայացուցիչները: Ի դեպ, Ալբանիայի պատվիրակության դրոշակակիրը մի տարեց անձնավորություն էր: Երբ հետաքրքրվեցի, թե ինչպես է այդ դերում հայտնվել, ինձ ասացին, որ նա մասնակցում է հրաձգության մրցումներին:

 Փաստորեն, 1956-ից սկսած, ամառային  օլիմպիական խաղերի մեծ մասին մասնակցել կամ ներկա եք եղել: Ինչո՞վ էր առանձնանում վերջին` Լոնդոնում կայացած ստուգատեսը:

– Ներկա չեմ գտնվել միայն 1964-ին Տոկիոյում և 1984-ին Լոս Անջելեսում կայացած օլիմպիական խաղերին: Ինչպես հայտնի է, վերջինիս ԽՍՀՄ-ի ներկայացուցիչները չէին մասնակցում: Իսկ այս օլիմպիական խաղերը  կազմակերպվել էին բարձր մակարդակով: Ուշագրավն այն է, որ օլիմպիական ավանում ծխելն արգելված էր: Դրա համար հատուկ սենյակներ էին առանձնացվել: Իսկ եթե որևէ մեկը փորձեր իր սենյակում ծխել, անմիջապես ազդանշանային համակարգ էր միանում և զգուշացնում, որ կարգը խախտողին խոշոր չափերի տուգանք է սպառնում: Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչների արդյունքներին, ապա այնքան էլ գոհ մնալ չենք կարող, քանի որ մերոնք կարող էին ոսկե մեդալակիր դառնալ, բայց չստացվեց:

 Իսկ ի՞նչ կարծիքի եք օլիմպիական խաղերի մասնակից մեր միակ մարմնամարզիկի` Արթուր Դավթյանի մրցելույթի մասին:

– Քանիցս ասել եմ, որ օլիմպիական խաղերն իրենց լարվածությամբ, մրցակցության մակարդակով տարբերվում են մյուս բոլոր ստուգատեսներից`աշխարհի, Եվրոպայի առաջնություններից: Որ 17-ամյա Դավթյանը մասնակցում էր օլիմպիական խաղերին, արդեն հաջողություն էր: Նրա առջև որևէ խնդիր դրված չէր, պարզապես պետք է ձգտեր լավ հանդես գալ: Եվ երեք մրցաձևում մրցելույթ ունեցավ, հետո ոտքը ցավեցրեց: Այդ պահին Հայաստանի պատվիրակության միակ բժիշկն այլ մարզաբազայում էր, և համապատասխան օգնություն չեղավ: Արթուրն այդ վիճակում շարունակեց մրցելույթները, և արդյունքներն էլ շատ բարձր չէին: Ի վերջո, 98 մասնակիցների պայքարում նա բազմամարտում 36-րդն էր: Իսկ վնասվածք մեր մարզիկը ստացավ օղակների վրա վարժությունների կատարումից հետո, երբ վայրէջք կատարեց մարմնամարզական ներքնակի վրա, որին սովոր չէր: Մրցավայրում դրանք նոր էին` չոր: Իսկ Հայաստանում մերոնք պարապում են արդեն փափկած, 12 տարի շահագործվող մարմնամարզական ներքնակների վրա:

 Ամռանը Հայաստանում անցկացվում էր Ալբերտ Ազարյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը, այն կայանալո՞ւ է:

– Մրցաշարը հետաձգվել է, այն կանցկացվի հաջորդ տարի: Ի դեպ, Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը ևս կայանալու է 2013-ին: Իսկ պատճառը ֆինանսների պակասն է:

Եթե չխանգարեր վնասվածքը

Օլիմպիական խաղերում մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կատարում էր մրցավարի պարտականություն: Նրան խնդրեցիք մարմնամարզության մրցաշարի, մեր մարմնամարզիկի մրցելույթի գնահատականը տալ:

– Մրցաշարը լավ էր կազմակերպվել: Հունվարին Լոնդոնի նույն մարզասրահում վարկանիշային մրցումնր էին կազմակերպվել, այնպես որ, անսպասելի ոչ մի բան չկար: Ընդ որում, այն հյուրանոցը, որում իջևանել էին մրցավարները, մոտ էր մրցավայրին` «Պորտու արենային»: Վերջինս տեղավորում է 20 հազար հանդիսական, և բոլոր օրերին տոմս գնելն անհնարին էր: Ի դեպ, Բրազիլիայից  Լոնդոն էր եկել մեր մարզիչ Սոս Սարգսյանի եղբայրը`  Վարդանը, իր սանի հետ միասին, և նրանք 500 ֆունտ ստեռլինգով չէին կարողանում տոմս գնել: Իսկ տոմսի արժեքը 95 ֆունտ ստեռլինգ էր:

 Իրականում ի՞նչ է կատարվել: Արթուրն ինչպե՞ս է մրցելույթ ունեցել:

– Դավթյանը երեք մրցահերթերից առաջինում էր մասնակցում: Նա կարող էր միայն մեկ կամ երկու մրցաձևում մասնակցել, սակայն նպատակահարմար գտնվեց, որ օլիմպիական խաղերում նորամուտ նշող մեր մարմնամարզիկը հանդես գա բազմամարտում և բոլոր մրցաձևերում էլ կարողությունները փորձի: Հույս կար, որ արդյունք կլինի: Ակնկալում էինք, որ նա առնվազն 24 լավագույնի թվում կլինի: Սպասում էինք նաև, որ Արթուրը հաջող հանդես կգա իր նախասիրած մրցաձևում` հենացատկերում: Նա լավ կատարեց ազատ վարժությունները (13,8), նժույգի վրա վարժությունները (13,9): Օղակների վրա վարժություններն էլ հաջող կատարվեցին, սակայն վերջում` վայրէջք կատարելուց հետո, նա այն տպավորությունը թողեց, որ կարող է ընկնել, երեք ավելորդ քայլ կատարեց (13,4): Ոտքը վնասել էր, մինչդեռ երկու օր առաջ հենացատկերը փորձարկելիս Արթուրն  իրեն հիանալի էր դրսևորել: Ընդ որում, նա նոր տարր էր ցուցադրել, իսկ այդ վարժությունների բարդությունը բարձր` 17 միավոր էր: Սակայն մրցումների ժամանակ Դավթյանին վնասվածքը խանգարեց, նրա թափավազքն արդեն այն չէր, գնահատականն էլ բարձր չէր` 14,1: Երկրորդ ցատկից հետո, որը 16,2  միավոր բարդություն ուներ, մեր մարզիկը ստացավ 15,5 գնահատական: Բայց բազմամարտի համար հաշվարկային էր հենացատկերի առաջին մրցափորձը: Եթե իմանայինք, որ մեր մարզիկը դժվարանալու է, ապա նրան խորհուրդ կտայինք առաջին  մրցափորձի ժամանակ ավելի պարզ ցատկ կատարել: Հետո նա լավ կատարեց զուգափայտերի վրա վարժությունները (14,250), պտտաձողի վրա վարժությունները (13,45): Դավթյանի համար վերջին մրցաձևն ամնաբարդն է, սակայն գնահատականը գոհացնող է: Ցավալին այն  է, որ իր նախասիրած մրցաձևում` հենացատկերում է Արթուրը ցածր գնահատական ստացել: Բազմամարտում մեր մարզիկը 82,850 միավորով 36-րդն է: Իսկ հենացատկերում նա  15-րդն է:  Այսինքն` նա եզրափակիչ մտնելու հանարավորություն ուներ: Այդուհանդերձ, Դավթյանի մրցելույթից գոհ եմ, թեկուզ միայն այն բանի համար, որ վնասվածքով էլ շարունակեց պայքարը:

 Խաղերում մրցավարներից դժգոհություններ չեղա՞ն:

– Ընդամենը երեք վիճահարույց դեպք է արձանագրվել: Առաջինը դժգոհել էին ճապոնացիները, երբ թիմային մրցումներւմ այդ երկրի հավաքականը հայտնվել էր 4-րդ տեղում: Աշխարհի չեմպիոն Կոե Կուչիմուրան նժույգի վրա վարժությունների կատարման ժամանակ մի փոքր սխալ էր թույլ տվել: Հնարավոր էր, որ տարրը հաշվվեր, սակայն սխալի համար միավորները պետք է  պակասեցվեին: Բողոքից հետո այդպես էլ արվեց, 0,7 միավորով նրա գնահատականը բարձրացվեց, և Ճապոնիայի հավաքականը տեղափոխվեց 2-րդ հորիզոնական: Երկրորդ ուշագրավ միջադեպը կապված է մրցավարների կողմից շնորհված գնահատականի հետ: Սովորաբար մարմնամարզությունում օրինաչափ է համարվում, որ մրցավարների  նշանակած գնահատականները տատանվեն 0,1-0,2-ի սահմաններում: Սակայն օղակների վրա վարժությունների կատարումից հետո անսպասելիորեն բրազիլացի մարմնամարզիկն այնպիսի գնահատականներ ստացավ, որոնց շնորհիվ չեմպիոն դարձավ, և այն դեպքում, երբ վարժության ավարտից հետո անգամ քայլեր էր կատարել: Մրցավարների դրսևորած շռայլության պատճառն անհասկանալի մնաց բոլորին: Իսկ տուժեց վարժությունները հիանալի կատարած չինացի մարմնամարզիկը: Բողոք էր ներկայացրել Գերմանիայի հավաքականը, սակայն այն չանցավ: Այդ երկրի ներկայացուցիչը նժույգի վրա վարժություններում չէր կատարել տարրերից մեկը: Ի դեպ, բողոքի համար մուծվում էր 300 դոլար:

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply