Ադրբեջանահունգարական սև գործարքն ու Հայաստանի անելիքները

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 6, 2012 16:25

Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը hայաստանյան իշխանությունները գրեթե բացառում էին` հավատալով համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական կառույցների հավաստիացումներին: Սակայն կատարվեց տրամաբանության ու բարոյականության հետ որևէ կապ չունեցող մի գործարք, որն ապացուցեց հակառակը. Հունգարիան հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ազերի գազան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին:

Ինչպես և սպասվում էր, հանցագործին իր հայրենքում ցնծությամբ դիմավորեցին. նախագահ Ալիևը նրան ներում և բազում պարգևներ շնորհեց: Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա նա շտապեց արդարացնել իր քայլը` եվրոպական կոնվենցիաներից կառչելով, սակայն ակնհայտ էր, որ Սաֆարովի արտահանձնումը մութ ու կեղտոտ ֆինանսական գործարքի հետևանք է:

Հայաստանի Հանրապետության արձագանքը չուշացավ. նույն օրը ՀՀ նախագահն արտակարգ խորհրդակցություն հրավիրեց Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ և հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն ու բոլոր պաշտոնական կապերը կասեցնելու մասին:

Հայ հասարակությունը սոցցանցերում և Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց արտահայտեց իր խոր վրդովմունքը. հյուպատոսարանի շենքին նետված լոլիկներով` բողոքի ակցիայի մասնակիցներն ամոթանք տվեցին Հունգարիայի իշխանություններին և հրապարակավ այրեցին պետական գործարքի մեջ մտած պետական այրերի լուսանկարները:

Միջազգային հանրության արձագանքը նույնպես չուշացավ. մասնավորապես դատապարտող հայտարարություններով հանդես եկան ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը և այլ երկրներ ու միջազգային կառույցներ:

Չնայած դրան` հայաստանյան որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ կարծում են, որ միջազգային արձագանքը` պետական մակարդակով, թույլ էր և ոչ համարժեք: Փոխարենը բավականին ակտիվ գտնվեցին արտերկրի հասարակական սեկտորի ներկայացուցիչները` իրողությունը բնութագրելով ամենակոշտ ձևակերպումներով:

Նշենք, որ Հայաստանում իր դիրքորոշումն արտահայտեց նաև հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը, որը դեպքից անմիջապես հետո Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ ամաչում է հունգարացի լինելու համար: Իսկ երբ Հունգարիայում բողոքի ակցիաների մի ողջ շարք սկսվեց, և հունգար ժողովուրդը ներողություն հայցեց հայերից իր ղեկավարության կողմից կատարած ստոր արարքի համար, Ժիգմոնդը հայտարարեց. «Կրկին հպարտ եմ, որ հունգարացի եմ, որովհետև հունգար ազգը ցույց տվեց, որ իսկապես հայ ազգի բարեկամն է նաև այս շատ դժվար պահին»:

Միջազգային մամուլի արձագանքը

 

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի կողմից հերոսացնելու ճղճիմ փաստին անդրադարձավ թուրքական Radikal պարբերականի սյունակագիր, իրավաբան Օրհան Քեմալ Ջենգիզը. «Ադրբեջանում Սաֆարովին ընդունում են որպես ազգային հերոսի, ներում, վերադարձնում պաշտոնին, տուն նվիրում, վճարում հավաքված աշխատավարձը։ Հայ սպային վայրենաբար սպանած Սաֆարովի շուրջ սկսում են հերոսական պատմություններ շրջանառվել։  Եթե սա կոլեկտիվ խելագարություն չէ, ապա  ի՞նչ է։ Այժմ այս կոլեկտիվ խելագարության պատճառով ամբողջ Կովկասը սկսում է եռալ, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը արագ աճում է»:

Իտալական ամսագրերից մեկում հրապարակվեց Հռոմի Գվիդո Կառլիի անվան սոցիալական հետազոտությունների միջազգային համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դոցենտ Աննա Մացոնեի նյութը. «Ապշեցուցիչն այն է, որ 2004-ից Ադրբեջանում շատ երեխաների անվանել են Սաֆարով, կարծես նա սուրբ լինի իր հայրենիքում: Սակայն իրականում նա դահիճ է, անխիղճ մարդասպան, որը պատասխան չի տա իր գործած ահավոր արարքի համար շնորհիվ Եվրամիության անդամ երկրի անպատասխանատու քայլի: Չնայած վարկանիշի բարձրացման համար ներդրած մեծ գումարներին` Ադրբեջանը զարգացած աշխարհում հաստատվել է որպես դաժան ավտորիտար պետություն, որի ղեկավարությունը Հայաստանին թշնամի է համարում և ցանկանում է ոչնչացնել, ոչ թե հաղթել, այլ հենց ոչնչացնել, և եթե հնարավոր է, ջնջել երկրի երեսից:

Ադրբեջանցիները մահմեդական են, իսկ հայերը՝ քրիստոնյա, բայց այս երկու ազգերին կրոնը չի բաժանում: Վեճի հիմքում ընկած է հողը, որը հայերի համար հայրենիք ու իրենց տեսակը պահպանելու միջոց է, որը, ի դեպ, XX դարի սկզբում ամբողջությամբ վերանալու վտանգի տակ էր, քանի որ Թուրքիայում ցեղասպանություն կատարվեց նրա նկատմամբ:

Թուրք բլոգեր. «Մենք անհասկանալի քանակի միլիարդներ մսխեցինք, որպեսզի ազատենք մի անգրագետ անադեկվատի, բարձրացրեցինք նրա կոչումը, նեղացրեցինք հայրենասեր զինվորներին ու թողեցինք մի ք…քի կույտ, որի մեջ հայերը մեզ դեռ շաաաաատ երկար են դեմքով կոխելու միջազգային հարթակներում։ Կարճ ասած, հայերը մեզ մեր փողով ունեցան, իսկ մենք դեռ ուրախանում ենք…»:

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադե -«Էխո Կավկազա» ռադիոկայան. «Ես կարծում եմ, որ Ալիևի խորհրդականներն ապաշնորհ են: Այս գործողությունները բացարձակապես չեն նպաստում ղարաբաղյան խնդրի լուծմանը: Ռազմական լուծմանը՝ այո, նպաստում են, բայց մենք գիտենք` ինչպիսի իրավիճակ է բանակում. նման բանակով, նման պաշտպանության նախարարով և այսպիսի սպայական կազմով խնդրի ռազմական լուծման մասին խոսք անգամ չի կարող լինել»:

Հայաստանյան արձագանքներ

Դատապարտող հայտարարություններով հանդես եկան հայաստանյան գրեթե բոլոր պետական ու հասարակական կառույցները, իրենց տեսակետներն ու առաջարկները ներկայացրին պետական, քաղաքական գործիչները:

Որպես քաղաքական գործիչ և ԱԺՄ նախագահ` Վազգեն Մանուկյանը կոչ արեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին. «1-ին` դադարեցնել բանակցություններն Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, 2-րդ` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և 3-րդ` Հայաստանի ու Ղարաբաղի միջև կնքել ռազմական դաշինք»:

ԼՂՀ ճանաչման հարցը դարձավ քաղաքական և հասարակական շրջանակների ամենահրատապ հարցերից մեկը: «Ժառանգությունը» հանդես եկավ հարցը ԱԺ օրակարգ մտցնելու առաջարկով: ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները նույնպես խոսեցին հարցը բարձրացնելու անհրաժեշտության մասին: Իսկ ՀՀԿ մամլո քարտուղարը ներկայացրեց Հանրապետականի տեսակետը. «Հայաստանը ԼՂՀ-ի անկախությունը կճանաչի այն դեպքում, եթե դա հանգեցնի Ղարաբաղի միջազգային ճանաչման: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միակողմանի ճանաչումը  չպետք է ժամանակից շուտ տեղի ունենա և խանգարի  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչմանը»:

Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի Հայաստանը ստեղծված իրավիճակում հարցին «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն իր տեսակետն առաջարկեց. «Հայկական իշխանությունների նվազագույն պատասխանը պետք է լինի մադրիդյան սկզբունքներից և դրանցում արտացոլված հայակործան գաղափարներից վերջնականապես հրաժարվելը»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հայտարարեց, որ ժամանակն է մտածել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ բերելու մասին:

Արցախյան պատերազմի հերոս Կոմանդոսն էլ` որպես փորձառու զինվորական, ասաց, որ այս ամենից «վառոդի հոտ է առնում»: Նրա կարծիքով` Ադրբեջանը հայի կամ հայկական ազգանուն ունեցողի ձեռքով կվերացնի Սաֆարովին, որպեսզի սանձազերծի նոր պատերազմ:

Հունգարաադրբեջանական սև գործարքը` ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

ՀՀ ազգային ժողովը սեպտեմբերի 5-ին արտահերթ նիստ հրավիրեց և քննարկեց դատապարտող հայտարարությունը, որը գրեթե միաձայն ընդունեց (միակ դեմ քվեարկողը Զարուհի Փոստանջյանն էր): Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, և կասեցվում են Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները. սա էր այն հիմնական ասելիքը, որն ամրագրելու համար հրավիրվել էր արտահերթ նստաշրջանը:

Սակայն քվեարկությանը նախորդեցին պատգամավորների ելույթները, նրանք իրենց դիրքորոշումն արտահայտեցին ստեղծված իրավիճակի և ԱԺ հայտարարության վերաբերյալ:

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ելույթի ժամանակ նշեց, որ թեև հայաստանյան կողմի բոլոր հայտարարությունները խիզախ քայլեր են, բայց եթե դրանք լինեին 15 օր առաջ, Սաֆարովը թերևս կլիներ իր խցում:

Օսկանյանը կոչ արեց այս ամենից դասեր քաղել, քանի որ համոզված է` նման «անակնկալներ» նորից կարող են լինել, բայց արդեն` ճակատագրական»:

ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ դրական է համարում և՛ ՀՀ նախագահի հայտարարությունը, և՛ հասարակության արձագանքը, սակայն իրեն անհանգստացնում է միջազգային հանրության արձագանքը. «Նույնիսկ այն երկրները, որոնք, Հունգարիայի կառավարությունից զզված, ամբողջ օրը նրա պահվածքից  են բողոքում, այս հարցում մեր կողքին չկանգնեցին` ո՛չ Ռումինիան, ո՛չ Սլովակիան»,- ասաց նա:

Ըստ Հովհաննիսյանի` դրա պատճառն այն է, որ մենք հետաքրքրություն չենք ներկայացնում` որպես սուբյեկտ, որին արժե օգնել: Վահան Հովհաննիսյանին անհանգստացնում է նաև հետևյալը. «Ինչ այլանդակություն Ադրբեջանն անում է, Հայաստանին հավասարապես զգուշացնում են: Միջազգային բոլոր հայտարարությունների մեջ տոնայնությունն այն է, որ ինչ եղավ, եղավ-գնաց, հիմա ձեզ երկուսդ էլ խելոք պահեք: Սրա դեմ պետք է պայքարել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց լինել անկեղծ, ազնիվ և խոսել այն մասին, թե ինչ կարող էինք անել, որ չարեցինք: Նրա խոսքով` անձամբ է զրուցել Հունգարիայի հայ համայնքի փոխնախագահի հետ և տեղեկացել, որ ս.թ. օգոստոսի 20-ին հայ համայնքը պաշտոնական հարցում է արել Հունգարիայի խորհրդարանին Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ և ստացել դրական պատասխան: «Խորհրդարանի նախագահի մակարդակով նրանց ասվել է, որ նման բան նախատեսվում է, ինչո՞ւ մեր ԱԳՆ-ն խորհրդարանին այդ մասին տեղյակ չի պահել,- հարցրեց Զոհրաբյանը,- ԱԳՆ-ի և ԱԱԾի-ի մեր հարգարժան ներկայացուցիչներ, ինչո՞վ էիք զբաղված դուք»:

Նրա կարծիքով` անիմաստ, անգամ անպատվաբեր է այսօր խոսել Ադրբեջանի մասին և քննադատել Ադրբեջանի գործողությունները. «Էնքան դատափետեմ, բոլորդ զարմանաք, բայց սա դրա տեղը չէ»,- ասաց Զոհրաբյանը: Նա վրդովված է նաև Եվրոպայում հայ դեսպանների անգործությունից. «Ես Նալբանդյանին կհարցնեի` ընդհանրապես նա գիտի՞, թե ինչով են զբաղված Եվրամիության անդամ երկրների մեր որոշ դեսպաններ: Իմ տպավորությամբ` նրանք խորապես սխալ են հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները: Երևի մտածում են, թե դա 2 միջոցառում է` ապրիլի 24-ին լացակումած կանգնել Ցեղասպանության հուշարձանների մոտ և սեպտեմբերի 21-ին անկախության ֆուրշետ անել»:

Խորհրդարանում հայտարարությամբ հանդես եկավ նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա մեկ անգամ ևս հայտնեց, որր Հունգարիայի կողմից բազմիցս հավաստիացումներ են ստացվել, որ արտահանձնումը բացառված է: «Այս հավաստիացումները, մեր հարցումներին ի պատասխան, պնդել են նաև օգոստոսի 2-րդ կեսին` Հունգարիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններից ու նաև Հունգարիայի խորհրդարանից,- ասաց նա,- դրանք վերահաստատելու համար օգոստոսի 24-ին մեր կողմից գրավոր հարցում է իրականացվել Հունգարիայի իշխանություններին: Այդ հարցման պատասխանի ուշացման պատճառով օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում: Որոշ ժամանակ անց կրկին ասվել է, որ նման բան չկա: Հետագա զարգացումները հայտնի են»:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտնեց, որ հանցագործության առաջին իսկ օրվանից հունգարական իշխանությունները քաջատեղյակ էին, որ Ադրբեջանը փառաբանում է այս ոճրագործությունը, հերոսացնում է կատարողին, անգամ այն աստիճան, որ մարդասպանը ներկայացվում է որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար: «Բնական է, որ հունգարական կառավարությունն այսօր չի կարողանում որևէ հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու նման կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ իրենց որոշման մեջ, և թե ինչու այդքան դյուրահավատորեն ընդունեցին ադրբեջանական ստերը»,-նշեց Նալբանդյանը:

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply