Անկախ Արցախը դեռ անելիքներ ունի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | September 7, 2012 12:46

Սեպտեմբերի 2-ին անկախ Արցախը դարձավ 21 տարեկան: Սա բավական քիչ է լուրջ ու շոշափելի արդյունքներ ունենալու և բազմաթիվ ու բազմապիսի խնդիրները լուծելու համար, սակայն բավական երկար` թշնամու մշտական սպառնալիքի ներքո ժողովրդավարություն և պետականություն կերտելու համար:

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին: Մի քանի օր անց` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»; Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, և մասնակիցների ավելի քան 99%-ը քվեարկեց հօգուտ անկախության:

1991 թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին: Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը: Իսկ 1992 թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը: ԼՂՀ դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով:

Իհարկե, ոչ ոքի համար նորություն չէ, թե ինչպիսի ծանր ժամանակներում ու պայմաններում է իր առաջին քայլերը սկսել հայկական երկրորդ հանրապետությունը. պատերազմ, տնտեսական շրջափակում, զրկանքներ և այլն: Բայց նորանկախ ու փոքրիկ պետությունն իր մեջ ուժ գտավ մեկ անգամ միջազգային հանրությանն ու պատմությանն ասելու` ես այլևս ինքնուրույն եմ ցանկանում շարունակել իմ ուղին: Ու անկախությունը կերտվեց արյունով, ամրագրվեց պատերազմում տարած հաղթանակով:

Այսօր արդեն Արցախը աշխարհին է ներկայանում որպես կայացած պետականությամբ, ինքնիշխան ու ժողովրդավարական արժեքների հետևող երկիր` անկախ ճանաչումից: Ու այսօր` 21 տարիների հեռվից, արդեն մի հարց է առաջանում` ի՞նչ ձեռքբերումներ ու ի՞նչ ձախողումներ ունեցավ ազատ Արցախն իր անկախության 21 տարիներին:

«Հայաստանի ձեռքբերումն այն է, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տարանք, որը բավականին մեծ դեր է խաղալու Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, որովհետև  գրեթե առաջին անգամ երկարատև պատերազմում լուրջ հաջողության հասանք` ունենալով ավելի քիչ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներ, քան հակառակորդը: Եվ այդ իմաստով մենք մեր  գլխավոր խնդիրը լուծել ենք: Մնում է դիվանագիտական ասպարեզում ԼՂՀ դե ֆակտո անկախությունը հասցնենք դե յուրեի: Այս հարցում, ես կարծում եմ, մենք բավականին հակասական կարծիքների ենք հասել: Մի կողմից` ըստ էության, համաձայն Մադրիդյան սկզբունքների, միջազգային հանրությունն ընդունում է, որ ղարաբաղցիներն ունեն ինքնորոշման իրավունք: Մյուս կողմից` այդ ինքնորոշման  իրավունքի հստակ տեխնոլոգիան դեռ ոչ ոք չի պատկերացնում, այդ թվում նաև միջազգային հանրությունը: Հենց այստեղ է, որ մենք հայտնվում ենք մի հակասական վիճակում, որովհետև այդ նույն  մադրիդյան սկզբունքները բավականին հեղհեղուկ սկզբունքներ են, որովհետև այդ սկզբունքների համաձայն` մենք կարող ենք  հաջողության հասնել և դե յուրե իրականություն դարձնել ԼՂՀ-ի անկախությունը, և ճիշտ  հակառակը, եթե չկարողանանք այս սառը պատերազմում, որ գոյություն ունի  Հայաստանի և Ադրբեջանի միջև, հասնել հաջողության, ապա կարող ենք տանուլ տալ ղարաբաղյան խնդրում»,- ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Աշխարհի դիվանագիտական պատմության մեջ, ուզենք թե չուզենք, համաձայնվենք, կամ` ոչ, ամրագրվել է «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Այդպես է նաև այսօր Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Ասիայում և բոլոր այն տեղերում, որտեղ դեռ տաք հակամարտություններ կան: Ու, վերջիվրջո, դիվանագիտությունն ամրագրում է այն սահմանները, որ զենքով ու արյունով են գծվել: Սա արդեն դարձել է անհերքելի ճշմարտություն: Բայց Արցախյան ճակատում հաղթանակ տանելու դերն ու նշանակությունը կարևոր է ոչ միայն դիվանագիտական ասպարեզում ու ԼՂՀ-ի` միջազգային ճանաչման գործընթացում: Տևական անհաջողություններից ու պարտություններից հետո առաջին անգամ հայ ազգը զենքով ու իր սեփական կյանքը զոհաբերելով ապացուցեց, որ ինքն այս աշխարհում դեռ ապրելու իրավունք ունի: Արդեն անկախության սերունդը մեծացավ որպես հաղթած ժողովրդի սերունդ:

Բայց այլ ձեռքբերումներ ևս կան, որոնց մասին արժե խոսել:

«Հիմնական ձեռքբերումներից մեկն այն է, որ ԼՂՀ-ն` որպես  անկախ պետություն ու պետականություն, կայացած է  միջազգային նորմերի տեսանկյունից: Այն վերջնականապես կայացած պետություն է թե՛ բանակի իմաստով, թե՛ պետական ինստիտուտների ու կառույցների իմաստով, թե՛, առավել ևս,  ժողովրդավարության չափանիշների հաստատման իմաստով: Այս տեսանկյունից Արցախը չի զիջում ժամանակակից եվրոպական երկրներին, և նույնիսկ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների որակի տեսանկյունից ուղղակի գերազանցում է այդ երկրներին. Եվրոպան կնախանձի այն ընտրություններին, որոնք  իրականացվում են Արցախում: Ինչ վերաբերում է  բացթողումներին, ապա մենք խնդիրներ ունենք քարոզչության  բնագավառում, որոնք դեռ չենք լուծել, որովհետև այսօր էլ մեզ չի հաջողվել հակամարտության կերպարին  համարժեք կերպար արմատավորել միջազգային շրջանակներում: Եվ երկրորդ` ես կարծում եմ, որ մեծ խնդիրներ ունենք Արցախի տնտեսական զարգացման առումով և գիտության բնագավառում: Մենք պետք է  փորձենք թե՛ տնտեսական և թե՛ հասարակական-քաղաքական կյանքը շրջել դեպի գիտությունը: Այս բնագավառում ևս դեռ անելիքներ կան: Եվ դեռ հորիզոնում չի երևում, որ մենք այդ շրջադարձի կատարման վճռականություն ունենք: Եվ վերջապես, կա մի խնդիր, որը շատ հրատապ է. մենք միջազգային ատյաններում աշխատող դիվանագիտական կադրերի պատրաստման խնդիր ունենք, որն ավելի քան հրատապ է այսօր»,- տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Եվ չենք կարող չհամաձայնել նրա մտահոգություններին: Այո, այսօր անելիքներ ունենք քարոզչական ասպարեզում: Հատկապես այս օրերին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Սաֆարովին, ու Ադրբեջանում միանգամից հերոսացրեցին քնած հայ սպային կացնով սպանողին: Չնայած այդ դեպքի ունեցած վատ ու բացասական կողմերին` Ադրբեջանը մի կարևոր հաղթաթուղթ տվեց հայկական կողմին` ամբողջ աշխարհին ապացուցելու, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ որևէ ճանապարհ չունի անցնելու, որ այդ երկրում պետական մակարդակով հայատյացություն է քարոզվում, և հային սպանելը` թեկուզ ստորաբար, թեկուզ քնած վիճակում, հասցվում է հերոսության: Այս առումով ժամանակն է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը սկսվի և առաջինը Հայաստանի Հանրապետության կողմից: Առավել ևս, որ դրա առիթն էլ կա, ու հարց է` կլինի՞ արդյոք այդպիսի մեկ այլ առիթ, թե՞ ոչ:

Իսկ Արցախը շարունակում է կերտել իր պետականությունն ու ամրապնդել անկախությունը` զարգացնելով ժողովրդավարություն: Ու այդ ժողովրդավարությունը նախանձելի է անգամ Հայաստանի համար:

 

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply