Մեկնարկել է «ԱՊՀ-Եվրոստուդենտ» միջազգային խորհրդաժողովը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 6, 2012 15:34

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է եղել սեպտեմբերի 6-ից 7-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված “ԱՊՀ-Եվրոստուդենտ” երկօրյա միջազգային խորհրդաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է “Եվրոստուդենտ 5 –րդ կոնցորսումի” ծրագրին: “Հայաստանը միանալով այս ծրագրին պատրաստ է ծառայել որպես կամուրջ այլ երկրների համար”,- բացման խոսքում նշել է նախարարը և հավելել, որ “ԱՊՀ-Եվրոստուդենտ” ծրագրի մեկնարկը մեր երկրում համընկնում է կարևոր ժամանակահատվածի հետ, երբ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը: “Լինելով ԱՊՀ անդամ և միաժամանակ Բոլոնիայի գործընթացի մասնակից` մեր երկիրը կարևորում է Եվրասիական մեծ մայրցամաքի գիտակրթական ընդհանուր տարածքի ստեղծումը և պատրաստ է իր նպաստը բերել այդ գործընթացին”,- նշել է նախարարը:
Նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ ծրագիրը կնպաստի ՀՀ ուսանողների հնարավորություննեի ընդլայնմանը և սոցիալական իրավունքների ամրապնդմանը. “Մենք գիտենք, որ մեր ուսանողների սոցիալական խնդիրները տարբեր են և այդ առումով բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական պատասխանատվության բեռը գնալով ավելնում է: Մեր շատ ուսանողների կենցաղային պայմանները հեռու են բավարար լինելուց, մենք ունենք ժամանակակից հանրակացարանների անհրաժեշտություն՝ մարզերից եկած ուսանղների համար, կրթաթոշակների բարելավման և բազմաթիվ այլ խնդիրներ”,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Միաժամանակ Ա. Աշոտյանը շեշտել է, որ վերջին մի քանի տարում բուհական համակարգում նկատելի նորարարական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես ուսանողակենտրոն կրթական համակարգի ներմուծումը, որը Բոլոնիայի գործընթացի գլխավոր գաղափարախոսություններից է: “Վերջին տարիներին իրականացված իրավական փոփոխությունները և ընդունված նոր կարգերը միտում ունեն ամրապնդել ուսանողների իրավունքները և նպատակ են հետապնդում ուսանողին դիտարկել որպես բարձրագույն կրթություն իրականացնող, կրթական գործընթացի վերջնական սպառող և կրթական ծառայությունների հիմնական վերահսկող”,- ընդգծել է նախարարը և հույս հայտնել, որ Հայաստանի մասնակցությունն “ԱՊՀ-Եվրոստուդենտ” գործընթացում մեր երկրին կբերի նոր գործընկերներ եւ կարևոր հարթակ կդառնա` առկա խնդիրների ուսումնասիրման եւ բացահայտման համար:
Հայաստանը ” Եվրոստուդենտ” ծրագրի հինգերորդ փուլի աշխատանքներին մասնակցելու է 2012 թվականից : Երկօրյա խորհրդաժողովի նպատակն է ոլորտի պատասխանատուներին իրազեկել ծրագրի մասին:
“Եվրոստուդենտ”-ը հետազոտական մեծ ծրագիր է, որի նպատակն է ուսումնասիրել ուսանողների կյանքի այլ կողմերը, օգնել տարբեր պետություններին` ազգային կրթության զարգացման համար պայմաններ ստեղծելու հարցում:
Երկօրյա խորհրդաժողովին մասնակցում են բարձրագույն կրթության պատասխանատուներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից:

Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply