Եվա Ռիվասի հաղթանակը. sms-ը հաղթեց շոու բիզնեսի տուսովկային

ԷՍՍԵ | | February 18, 2010 9:44

Ոչ ժամը գիտեի, ոչ օրը Եվրատեսիլի ազգային ընտրության մրցույթի, եթե Քրիստինեն կիրակի չհրավիրեր նայելու: Շնորհակալ եմ, ոչ միայն նրա համար որ նոր մարդկանց հետ ծանոթացա, խմեցի գինի, այլև որ տեսա մի համերգ, որը էդպես աղմուկ պիտի հաներ:

Հաշվեցի, 12 հյուր կար` հեռուստացույցի դեմը նստելու տեղ չեր մնացել: Մինչև երգիչները կերգեին  ամեն մեկը ասում էր, թե ով կուզեր հաղթի, մի քանիսը Էմմիին էին գովում, մեկ-երկուսը Ռազմիկ Ամյանին, մի քանիսն էլ գովում էին Եվա Ռիվասին: Համերգը հենց պրծավ բոլորը, տասներկու հյուրերն էլ միաբերան ասին որ արժանին Եվա Ռիվասն ա: Մի քանիսը սկսեցին sms ուղարկել Եվայի օգտին, բայց  մեկին հաջողվեց, մյուսներինը չէր գնում: Ես չուղարկեցի, ինչի՞ ուղարկեմ, որ գիտեմ Եվան հաղթելու ա:

Ու որ Արշակյան քույրերը հայտարարեցին` հաղթել է Եվա Ռիվասը, ես ասի էս ի՞նչ ռեժիսոր ա հանրայինում աշխատում, որ ցույց չի տալիս Էմմիին: Կարծես Օսկարի մրցանակաբաշխություն տեսած չլինեն, ուր երբ հայտարարում են հաղթողին, օպերատորը խոշոր պլանով ցույց ա տալիս մանթրաշ մյուս հավակնորդին: Բանից պարզվեց, որ օպերատորը ավելի հետաքրքիր կադր ցույց չտվեց, թե ինչպես են Էմմին ու Ռազմիկ Ամյանը որպես բողոք լքում բեմը: Ու երբ հաջորդ օրը Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը շուխուր արեց թե sms քվերակությունը կեղծվել է, կարելի էր ենթադրել թե Էմմին հենց լսեց Եվայի անունը միևնույն ժամանակ իմացավ կեղծիքների մասին ու գնաց բեմից: Ուրեմն կեղծվեր թե չկեղծվեր մեկ ա Էմմին չէր ընդունելու արդյունքները: Իսկ Ռազմիկ Ամյանն էլ, որ Կենտրոնի եթերով ասեց թե արժանին Էմմին էր, կարծես մատներ որ մասնակցում էր մրցույթին Եվայից ձայն փախցնելու համար, ինչպես 2003-ին Գեղամյանն էր Դեմիրճյանից ձայն փախցնելու համար մասնակցում նախագահական ընտրություններին: Դա ապացուցեց նաև Ամյանի պրոդյուսերը, ով եթերով ասեց թե sms է ուղարկել Էմմիի օգտին: Պարզ չի՞, եթե ուզում ես հաղթել չես ավելացնի նրա ձայները ով քո մրցակիցն է:

Թե չէ ի՞նչն էր Էմմիի երգի լավը, կարծես պրոֆեսիոնալ բոքսի ընդմիջմանը ռինգ դուրս թռած պատանիների խումբ լիներ, որ պիտի զբաղեցներ հանդիսատեսին «հեյ հեյ»-ներով մինչև բռնցքամարտիկները վերադառնային:

Ի հարկե այդ «հեյ-հեյներն» ավելի լավ էին նայվում ու լսվում քան Ռազմիկ Ամյանի երգը, որը նույնիսկ բռնցքամարտի ընդմիջմանը չէին թողնի ռինգում զլել ու դա մենակ ստիպված կլսեին ֆայլաբազարում պարապ կանգնած աշխատանք փնտրողները:

Եվ էս կատարումների ֆոնին եթե Եվա Ռիվասը մրցակից ուներ ապա Անի Արզումանյանն էր, որի մայրը հաստատ Նադեժդայի պես հզոր չէր ու վերևից խոստում չէր ստացել թե իր դուստրը «հեյ հեյ»-ով կհասնի Օսլո:

Անի Արզումանյանի անունն էլ մի քիչ պտտեցվեր ու Ռիվասի պես, մի «Թամամ աշխարհ» էլ ինքը երգած լիներ(թեկուզ ոչ էդքան հզոր ձայնով) sms-ներով կանցներ Էմմիից ու Ամյանից, որոնց ձայները ավելի շատ նրանց անվան համար էին քան երգի:

Էմմին «Մաքսլբերտի» ռադիոյին հայտնել էր, թե նախապես Հանրային հեռուստատեսությունը խոստացել էր, որ ինքը կմեկնի Եվրատեսիլի եզրափակիչ ու փաստորեն խաբել էր: Այսինքն, հանրայինը դեռ երգը չլսած խոսքը տվել էր: Չէր խաբել, ուղղակի Եվան խառնել էր հայկական շոու բիզնեսի քարտերը` ժյուրին իրենց տուսովկայից, ի՞նչ էր մնում հաղթելու համար` մենակ «հեյ-հեյ» գոռալը: Բայց sms քվեարկության վրա, թեկուզ որ այն տեխնիկական թերություններ ուներ, Նադեժդան չէր կարող կանտրոլ անել: Ի՞նչ է մնում անել, ի՞նչ ասել որ բոլորը հավատան, թե Էմմիի երգը մի բան ներկայացնում է. հայտարարել թե sms քվեարկությունը կեղծվել է, որ համոզիչ կլինի մի երկրում, ուր քաղաքական ընտրությունները կեղծվում են: Ու լրագրողները հրճվանքով տարածում են Նադեժդայի ասածները, որ եւս մի անգամ ապացուցեն, թե կեղծիքների դեմ են ու չեն էլ փորձում պարզել ճշմարտությունը, թե գուցե նաև Եվա Ռիվասի համար քվեարկված sms-նե՞րը չեն հասել: Ու եթե բոլոր sms-ները հասնեին, Քրիստինեի հյուրերինն էլ միասին, ապա Եվայի ձայները ոչ թե երկու այլ երեք անգամ ավել կլինեին ու ավելի կշեշտվեր, որ Էմմիի բեմից հեռանալը պարզ մանթրաշ է, որ հանրայինը չկարողացավ խոստումը պահել ու դրա համար էլ բեմից գնալը ցույց չտվեց:

Մրցույթը ապացուցեց, որ ազգային Եվրատեսիլը արժի անցկացնել միայն sms քվեարկությամբ. մի երկրում ուր շոու բիզնեսը ավելի շատ ժանրի անվանում է(շոու բիզնեսի աստղերից շատերը ավելի շատ հարսանաիք ու ռեստորանում են փող աշխատում քան cd-ով ու համերգով), ու եթե բիզնես է ապա մոնոպոլիզացված, ուրեմն ժյուրիները անաչառ չեն կարող լինել: Ուրիշ բան Եվրատեսիլի եզրափակիչը, ուր ժյուրի մտցրին պոստսովետական նացիոնալիստ ընտրազանգվածի պատճառով, որ ոչ թե երգ է քվեարկում այլ ազգություն:

Ռիվասի մասին բամբասանքներից մեկն էլ այն է, որ փող է ծախսել շատ sms-ներ ստանալու համար: Քրիստինեի հյուրերը հաստատ բաժին չեն ստացել էդ փողից: Եթե ի սրտե քվեարկողներ չլինեին ինչքան ուզում ես ծախսի, հաղթանակը չի ստացվի: Իսկ եթե ծախսվել է ապա ծախսողը ապուշ չի եղել, խախսել է տպավորիչ երգի ու կատարման վրա ու դրանով չեզոքացրել ժյուրիի տոսովչնի քվեարկությունը: Համ էլ, նույն բամբասանքը կարելի ա տարածել Էմմիի համար, որի երգի վրա քիչ ծախս չէր արված ու ծախսողը մի քիչ էլ sms-ի վրա կարար ծախսեր:

Պատահական չի, որ «Կենտրոնի» եթերով Ռազմիկ Ամյանը ասեց որ պետք է վերացնել sms քվեարկությունը և միայն ժյուրիով ընտրել Եվրատեսիլի մասնակցին: էս դեպքում հանրայինի խոստումը հարյուր տոկոսանոց ա դառնում, շոու բիզնեսի աստեղերը հերթով կմասնակցեն եվրատեսիլին ու մի օր էլ անպայման հերթը կհասնի Ամյանին անկախ նրանից երգածը ռինգում երգելո՞ւ երգ ա, թե ֆայլաբազարում:

Դիտվել է 8874 անգամ:
Print Friendly

Leave a Reply