«Ժողովուրդ». Ծառուկյանը նախագահական ընտրություններին կառաջադրվի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 6, 2012 11:18
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր սցենարներ են մշակվում: Դրանցից ամենակարևորն առնչվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը մերթ ընդդիմադիր է խաղում, մերթ իրեն հռչակում այլընտրանքային ուժ, մերթ էլ, զգալով Սերժ Սարգսյանի կողմից իր «քցվածությունը», մերձենում է Ռոբերտ Քոչարյանին:
Ու մինչ շատերը խոսում են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն և առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, ԲՀԿ-ն արդեն կուլիսներում քննարկել և հաստատել է մի սցենար, որը, իհարկե, այդ կուսակցությունն առայժմ հրապարակավ ժխտում է: Սակայն, «Ժողովուրդի» ունեցած տեղեկություններով, հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Գյումրիում հայտարարեց, որ Բալասանյան Սամվելն իրենց` ՀՀԿ թեկնածուն է, ԲՀԿ առաջնորդը, հայտնվելով անհարմար վիճակում, որոշեց «վա բանկ» գնալ և առաջիկա ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Համենայնդեպս, Ծառուկյանը ՀՀԿ մի քանի «բերանբաց» երիտասարդների մոտ հաստատել է իր այդ մտադրությունը:
Թերթը գրում է, որ դա չի նշանակում, թե Ծառուկյանի կուսակցությունը «քաշում» է Քոչարյանին և չի կատարում նրա առջև ունեցած իր պարտականությունները: «Բարգավաճ Հայաստան» -ը երբեք չի կարող հեռու լինել Քոչարյանից, որովհետև սա նրա ստեղծած կուսակցությունն է և ամեն հարցում կատարում է քոչարյանական «դիրեկտիվները»:
Քոչարյանը շատ լավ գիտակցում է, որ այնքան էլ մեծ չեն իր հնարավորությունները նախագահական ընտրություններում, որ չունենալով համապատասխան քաղաքական և հանրային ռեսուրս` ինքը կարող է պարտվել, ինչը նրա համար քաղաքական մահ կնշանակի: Ուստի առաջ է քաշվել «պահուստային» տարբերակը, որն առավել հուսալի է: Ըստ այդմ` նախագահի թեկնածու կառաջադրվի Գագիկ Ծառուկյանը: Հանրության շրջանում նա քիչ թե շատ ունի հեղինակություն, մեծ ֆինանսական հնարավորություններ և վստահելի լծակներ` հաղթանակի համար:
PanARMENIAN.Net






Facebook
Tweet This
Email This Post
