«Բանդայի» պարագլուխ Արտյուշա Հակոբյանը 16 տարեկանում ծեծել է Ալիկ Սարգսյանին, ինչի համար էլ վերջինս վրեժխնդիր է եղել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 6, 2012 11:10

2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված  եւ «բանդայի»  պարագլուխ ճանաչված Արտյուշա Հակոբյանը ,երբ 16 տարեկան է եղել նրա եւ Ալիկ Սարգսյանի միջեւ ծեծկռտուք  է տեղի ունեցել,  ինչն էլ պատճառ է դարձել, որ Ալիկ Սարգսյանը  տարիներ անց  նրա նկատմամբ անհիմն մեղադրանք առաջադրի եւ այդ կերպ վրեժխնդիր լինի: Ալիկ Սարգսյանը Սուրիկ Հակոբյանի հորեղբոր տղայի` մորաքրոջ տղան է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:

Նրա խոսքով, Ալիկ Սարգսյանը այն ժամանակ դեռ երաժիշտ է եղել: Սակայն Սուրիկ Հակոբյանը նշեց, որ այդ պատմությունից հետո շարունակել են իրենց բարեկամական հարաբերությունները մասնակցել առիթներին, իրար տուն գնալ-գալ է եղել: « Մենք չէինք մտածել, որ իրա էտ թույնը 20, 30 տարի պահել էր, որ հետո թափեր»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով վերը նշված մեղադրանքին, հետեւյալ կերպ արձագանքեց. «Արտյուշա Հակոբյանին նույնիսկ նրա ձերբակալությունից հետո չեմ հանդիպել: Այդ պատմությունը իմ հետ կապված հերթական ֆիզզարյադկան է: Պարապ են մնում, իմ անունն են շրջանառության մեջ դնում: Այս երկրում արդեն ամեն տեսակի սուտ կարելի  է հորինել եւ տարածել: Դա ինչ տափակ խոսակցություն է»: Նրա խոսքով, երբ մարզպետ է եղել, նոր իմացել, որ Սուրիկ Հակոբյանը Արտյուշա անունով տղա ունի: «Այ, հորը վաղուց եմ ճանաչում: Արտյուշան հիմա էլ գա դեմս կանգնի, չեմ ճանաչի: Չեմ տեսել, չեմ ճանաչում: Դա բացահայտ հորինվածք ա: Ի՞նչ վիճաբանություն, ի՞նչ երիտասարդ տարիներ, ի՞նչ վրեժխնդրություն: Հորը` Սուրիկին ճանաչում եմ, շատ էլ հարգում եմ: Դեռեւս, երբ ես օպերլիազոր էի, Սուրիկը Շահումյանում էր աշխատում եւ մեր հարաբերությունները շատ նորմալ էին: Երջանկահիշատակ քեռի ունեի, քեռուս հետ շատ մոտիկ էր, ես էլ իրան շատ հարգում էի եւ հարգանքով էի վերաբերում: Ու իմիջիալյոց Սուրիկին միշտ տեսնում էի Երեւանում: Գառնիում չեմ էլ տեսել, կարող է  մի անգամ տեսած բարեւած լինեմ: Բայց տղայի նկարն էլ ցույց տան, չեմ ճանաչի»,- ավելացրեց Ալիկ Սարգսյանը: Ալիկ Սարգսյանը առաջարկեց, որ եթե Սուրիկ Հակոբյանի հիշողության մեջ ինչ-որ բան է մնացել, թող նորից մտաբերի: «Ես չեմ մասնակցել, չեմ եղել, ես ընդհանրապես կապ չունեմ, չգիտեմ, թե ինչ է ինձանից ուզում: Կարող է` այդ տղայի հետ մի պատմություն ա եղել, բայց դա իմ հետ կապ չի ունեցել: Դա անհասկանալի ցնորք է: Ես էն մարդը չեմ, որ հրաժարվեի: Հիմա ես ձեզ եմ հարցնում Սիմավոնին ճանաչում եք, իրար հետ էլ վիճել եք ինչ-որ մի անգամ: Այ քեզ բան, դե արի հիշի: Բա կարելի է ըտենց բան»,- լրացրեց Ալիկ Սարգսյանը:

NEWS.am-ը կրկին զրուցեց Սուրիկ Հակոբյանի հետ, ով ասաց, որ ինքը հիշողության հետ խնդիր չունի եւ առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնի պատմության մանրամասները եւ, թե այլ հայտնի դեպքերից ովքեր են կանգնած այդ շինծու պատվերի հետեւում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  նախաքննությունը եւս ավարտվել է: Իսկ 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել:  Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  նախաքննությունը եւս ավարտվել է: Իսկ 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

News.am

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply