Cafe4tune սոցիալական կայքը կարգելափակի Սաֆարովին հերոսացնող բոլոր «կաֆեները»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2012 21:36
Cafe4tune ամերիկյան սոցիալական ցանցի ադմինիստրացիան հայտարարություն է տարածել, որում իր վրդովմունքն է արտահայտել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու և ներում շնորհելու առթիվ: Հայտարարությունում նշված է, որ Սաֆարովը հայտնի դարձավ 2004 թվականին Բուդապեշտում կատարած հանցագործությամբ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարությամբ: Սոցիալական ցանցի ադմինիստրացիան համամիտ է հակաօրինական և հակամարդկային գործողությունները դատապարտող ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությանը:
Վերջին օրերին ստացված բողոքների հետ կապված՝ կայքի ադմինիստրացիան նշել է, որ հետագայում նույնպես շարունակելու է հետևել օգտատերերի կողմից բռնություն և ծայրահեղություն քարոզող Կաֆե-խմբերին:
«Այն բոլոր Կաֆեները, որոնք ստեղծված են Սաֆարովին հերոսացնելու համար, նպաստում են հասարակության մեջ ծայրահեղական տրամադրությունների զարգացմանը և խոչընդոտում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ` ողջ աշխարհում: Ելնելով վերը նշվածից՝ սոցիալական ցանցի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հեռացնել նման տեսակի Կաֆեները` առանց որևէ նախազգուշացման»,–ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Անկախ»-ը վերջերս անդրադարձել էր Cafe4tune-ի գործունեությանը` գրելով, որ կայքի հիմնադիրների մեջ նաև հայեր կան: Կարելի է ենթադրել, որ Սաֆարովի վերաբերյալ Cafe4tune-ի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև այդ հանգամանքով:






Facebook
Tweet This
Email This Post
