Սուրբ Սարգսին նվիրված ցուցահանդեսը գրաքննության պայմաններում ստեղծված արվեստի օրինակներ է տալիս

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 17, 2010 17:04

Հատված Արաքս Ներկարարյանի «ԱնտԱկտ» կտավից

«Հրեշտակը», «Մարիամ Աստվածածինը», «Ընտանիք», «Համբույր», …այս գործերի վերնագրերից արդեն իսկ կարելի է կռահել, որ դրանք Սուրբ Սարգսի վաղուց արդեն անցած տոնի ցուցահանդեսին ներկայացված գործեր են: Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմը:

Նկարները դեռ մնացել են կախված Նկարիչների Միությունում, չնայած այն բանին, որ «վաղեմության ժամկետն» արդեն անցել է: Շուտով դրանց տեղը կգրավի մրցակից սրբի` Վալենտինի օրվան նվիրված մեկ այլ ցուցահանդես, որը սովարաբար ավելի ազատ է անցնում, ցուցահանդեսների թեման էլ սերն է` իր ամենատարբեր դրսևորումներով, ոչ թե սիրո մասին քրիստոնեական պատկերացումները` միախառնված միջնադարյան եկեղեցական վերնագրեր կրող գործերի հետ:

Սուրբ Սարգսի օրվան նվիրված  այս ցուցահանդեսը, կարելի է ասել, ոչնչով չէր տարբերվում մնացածներից` կրկին ներկայացնելով դասական գրքերի (եկեղեցական ցենզուրայի երաշխավորությամբ, թե չէ, օրինակ Մարկիզ դե Սադն էլ է դասական) կողմից հաստատված սիրո կլիշեն` նուրբ, քնքուշ, վարդագույն, անպայման ներկա են սիրո հետ ասոցացվող գարունը, թռչունները, դրանց դայլայլը և այլն: Դայլայլն էլ տեղ էր գտել իննամյա նկարչուհի  Էլեոնորա Կոպոյանի կտավին, որը նա վերնագրել էր «Սիրո մեղեդին»:

Նման ցուցահանդեսներին համբուրվող  կամ էլ այլ բնական ու բարոյական բաներով զբաղվող  զույգ պատկերելը ռիսկային է և հավակնում է դառնալ Արաքս Ներկարարյանի գործի պես` «ԱնտԱկտ» (կտավն արված է 1992թ., որտեղ Արշիլ Գորկու մի պատկերի վրա նկարված են նորաձևության ամսագրային  լուսանկարներ հիշեցնող ֆիգուրներ, որոնք թաքցնում են երկրոդ պլանում  սեռական «69»- ը պոզա ն):

Սրբի հովանու ներքո համբուրվելն էլ ընդունելի չէ սրբի համար: Ուրիշ բան, եթե քանդակված տղայի և աղջկա ձեռքերին մատանի դնես, կամ էլ Արաքսի «ԱնտԱկտ» գործի դեպքում` վերևից երկու հրեշտակ ավելացնես ու նշես, որ զույգը «դա» անում է  միայն երեխա ունենալու համար (չնայած Արաքսի «69»-ի պոզայում դա բացառվում է):

Դավիթ Հովհաննիսյանի քանդակը Սուրբ Սարգսի ցուցահանդեսում

Սուրբ Վալենտինի օրն ավելի ազատ և անկաշկանդ է անցնում հայ երիտասարդների մոտ: Հավանաբար, դրան նպաստում է այն, որ Առաքելական եկեղեցին չի խառնվում ուրիշ առաքելականի գործերին, Սուրբն էլ, թեև էլի կրոնական է, բայց «իմպորտնի», եվրոպական (եվրոպա=ազատություն), դրա համար էլ, օրինակ ցուցահանդեսներին ավելի «ազատ» գործեր են ցուցադրվում:

Նմանատիպ  ցուցահանդեսներն իրենց  կաշկանդվածությամբ  շատ ներդաշնակ կերպով վերածվեցին երեկոյան հեռուստացույցով հնչած «ցենզուրայի» մասին օրինագծի պատկերային տարբերակին.  ըստ այդ օրինագծի, հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերը չպետք է հակասեն բարոյական արժեքներին: Բարոյական արժեքներ ասելով էլ, հավանաբար, նկատի ունեն քրիստոնեական բարոյականության` պատվիրանների այն մի քանի կետերը, որոնք մարդիկ ավելի լավ են հիշում, քան մնացածը` մի սպանիր, մի շնացիր… եթերով: Իսկ «էնպես»` ինչ ուզում ես արա, սպանիր էլ, միայն իշխանության տանիք ունեցիր ու էնպես արա, որ  ձեռքերիդ արյունն էլ չերևա:  Ու մի օր էլ պետությունը երկիրը կարող է էնպիսին դարձնել, որ Միքելանջելոյի «Դավիթ»-ին առանց տաբատի թույլ չտան ցուցադրել (ինչպես դա անում են ամերիկյան «Սիմփսոններ» կոմիկական մուլտսերիալում, որտեղ քաղաքապետարանն արգելում է Դավիթի արձանը տեղադրել թանգարանում առանց տաբատի): Իսկ Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսի գործերի վրա ոչինչ պետք չի խմբագրել կամ «մայկա- տրուսիկ» հագցնել, օրինագիծն անցնելուց հետո կարող են ամեն օր այն  ցուցադրել:

P.S.

Գոնե կարող ենք հանգիստ մնալ, քանի դեռ մեր սիրելի ցենզորները չեն կարդացել Ֆրեյդի «Երազների Մեկնությունը», թե չէ այդ ժամանակ հեռուստատեսությամբ կարգելվեն նաև խոհարարական հաղորդումներ` «Ի՞նչ եփել այսօր», «Քարից փափուկ»:

Դիտվել է 1958 անգամ:
Print Friendly

Leave a Reply