Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում պարզաբանումներ տվեց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 19:38

Այսօր ԱԺ-ում կայացած Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու վերավերյալ ԱԺ-ի տարածած հայտարարության քննարկման համար հրավիրված արտահերթ նիստի ժամանակ վերջապես ելույթ ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես, նշեց. «2004 թվականին Սաֆարովի կատարած ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում դատավճռի հրապարակումից հետո այս տարիների ընթացքում Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար: Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի այս գործերի մասին` Հայաստանը Հանրապետության նախագահի, Խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա»:

ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում ընգծեց, որ Հունգարիայի կողմից բազմիցս հավաստիացումներ են ստացվել, որ արտահանձնումը բացառված է:

«Այս հավաստիացումները, մեր հարցումներին ի պատասխան, պնդել են նաև օգոստոսի 2-րդ կեսին` Հունգարիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններից ու նաև Հունգարիայի խորհրդարանից,-ասաց նա,-դրանք վերահաստատելու համար օգոստոսի 24-ին մեր կողմից գրավոր հարցում է իրականացվել Հունգարիայի իշխանություններին: Այդ հարցման պատասխանի ուշացման պատճառով օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում: Որոշ ժամանակ անց կրկին ասվել է, որ նման բան չկա: Հետագա զարգացումները հայտնի են»:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հայտնեց, որ հանցագործության առաջին իսկ օրվանից հունգարական իշխանությունները քաջատեղյակ էին, որ Ադրբեջանը փառաբանում է այս ոճրագործությունը, հերոսացնում է կատարողին` անգամ այն աստիճան, որ մարդասպանին ներկայացվում է` որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար: «Բնականաբար, այս տարիների ընթացքում Հունգարիայի իշխանությունները տեղիք չէին տալիս Ադրբեջանի կեղծ խոստումներին առ այն, որ մարդասպանը կշարունակի սահմանված պատիժը կրել տեղափոխման դեպքում: Ադրբեջանի հետ այս կասկածելի գործարքում մասնակցած Հունգարիայի ներկա կառավարությունը փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմից ստացված շինծու նամակ` ասելով, որ հավատացել է Ադրբեջանի կեղծ հավաստիացումներին: Բնական է, որ հունգարական կառավարությունն այսօր չի կարողանում որևէ հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու նման կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ իրենց որոշման մեջ, և թե ինչու այդքան դյուրահավատորեն ընդունեցին ադրբեջանական ստերը: Հունգարիայի կառավարությունը նաև չի կարողանում որևէ համոզիչ փստարկ ներկայացնել, թե ինչու է գործել գաղտագողի »,-նշեց նախարարը:

Ամփոփելով իր ելույթը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ հազարավոր հունգարացիների, կրոնական առաջնորդների, տարբեր հասարակական-քաղաքական կառույցների արձագանքները, նամակներն ու հայտարարությունները, բողոքի ակցիաները վկայում են այն մասին, որ Հունգարիայի ժողովուրդը խստորեն դատապարտում է կառավարության այս անընդունելի քայլը, և իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին:

Նա վստահեցրեց, որ Հայաստանը գործադրել և շարունակելու է ինտենսիվ ջանքեր գործադրել միջազգային կառույցների և գործընկերների, գործընկեր երկրների հետ համատեղ այս հարցը միջազգային հարթության վրա լուծելու ուղղությամբ` թույլ չտալով, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի իր արկածախնդիր քաղաքականությունը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 2261 անգամ:
Print Friendly

Leave a Reply