ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը Սաֆարովի գործում մեղադրում է ոչ միայն մեր երկրի գործադիր մարմնին, այլ նաև օրենսդիր մարմնին` ՀՀ խորհրդարանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 17:19

ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ տարածված հայտարարության քննարկումը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում բավականին կոշտ դիրքորոշում հայտնեց Հունգարիայի իշխանությունների կողմից իրականացված այս  քայլի և դրան ի պատասխան Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի նկատմամբ` խիստ կերպով քննադատելով հայկական դիվանագիտության և Հայաստանի իշխանությունների ոչ հետևողական աշխատանքը:

Այս հարցի շուրջ  «Անկախ»-ը ճեպազրույց ունեցավ տիկին Զոհրաբյանի հետ:

Տիկին Զոհրաբյան, Էդվարդ Նալբանդյանը նոր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց կողմից ամեն ինչ արվել է, և ինքն իր ելույթում այդ մասին մանրամասն կասի: Ի՞նչ կասեք այս մասին, ի՞նչ է արվել ըստ Ձեզ և ի՞նչ չի արվել:

-Նախ ես չեմ կարծում, որ ամեն ինչ արվել է, եթե ամեն ինչ արվեր, մենք այս հարցի և իրողության առջև միգուցե չկանգնեինք, ԱԳ-ն ինքն է խոստովանում, որ վերջին երկու շաբաթն է իրազեկված եղել, մինչդեռ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են այն մասին, որ մեկ տարի տարվել են բանակցություններ, և ակնհայտ էր, որ հենց հանցագործության առաջին օրվանից Ադրբեջանն ամեն օր աշխատել է այդ ուղղությամբ, որպեսզի հրեշ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկի Ադրբեջան: Բացի այդ, ես իմացա,  որ մարդեսպանը մեկ ամիս շարունակ փորձել է իր հավատարմագրերը հանձնել Հունգարիայի նախագահին, բայց վերջինս նրան չի ընդունել: Ես կարծում եմ` ցանկացած մտածող մարդ պիտի տրամաբանական հարց առաջանար` ինչն է պատճառը, որ Հունգարիայի նախագահը խուսափում է մարդասպանին ընդունելուց: Երբ որ այս հարցն առաջանար, այդ ժամանակ էլ կփորձեինք պարզել, թե ինչն է պատճառը:

Հունգարիայի հայ համայնքի կողմից պաշտոնական տեղեկատվություն եղել է Հունգարիայի իշխանությունների նման քայլի ծրագրման մասին, և ինչպե՞ս է արձագանքել այդ տեղեկությանը մեր ԱԳն:

-Նախ նշեմ, որ ես ինքս անձամբ զրուցել եմ Հունգարիայի Ազգային հայ ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանի հետ, և ինքն ասել է,  որ համայնքը պաշտոնական դիմում է հղել Հունգարիայի խորհրդարանին,  և խորհրդարանի ղեկավարը դեռևս օգոստոսի 20-ին հաստատել է էքստրադիցիա իրականացնելու փաստը: Բացի այդ, օգոստոսի 20-21-ին Հունգարիայի հայ համայնքը Երևան էր ուղարկել իրենց փոխնախագահին,  ով այստեղ հանդիպումներ է ունեցել մեր սփյուռքի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների հետ:

-Իսկ մեր սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունները պաշտոնապես հաստատե՞լ են, որ իրենք հանդիպել են Հունգարիայի հայ համայնքի փոխնախագահի հետ, և ինչ են արել դրանից հետո:

-Այո, հաստատում են, որ եղել է նման հանդիպում, սակայն կարծում եմ, որ իրենք ընդամենը դիմել են Հունգարիային այս հարցով, և Հունգարիան էլ ասել է, որ նման բան չկա: Սակայն, ես նշեցի, որ եկեք մեղավորներ չփնտրենք, որովհետև արդեն իսկ շատ խայտառակ փաստ է կատարվել, ուղղակի պետք է փորձենք ստեղծված իրավիճակը շտկել:

-Ինչպե՞ս:

-Նախ պիտի շատ հստակ ու ակտիվ աշխատի Հայաստանի արտգործնախարարություն-խորհրդարան-խորհրդարանական միջազգային կազմակերպություններ կապը, ինչը չի արվում: Արտգործնախարարությունը ստեղծել է նման համակարգող մարմին, որը ղեկավարում է Շավարշ Քոչարյանը, բայց ես չեմ տեսել, որ այդ մարմինը ակտիվ կապեր ունենա միջխորհրդարանական մեր պատվիրակությունների հետ, երբ նրանք մեկնում են տարբեր վեհաժողովների: Երկրորդ, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, թե ինչ ենք միայն գործադիրի մեղավորությունը ուզում տեսնել, այլ ոչ  նաև խորհրդարանինը: Ես կարծում եմ, որ եթե արտգործնախարարությունը գոնե վերջին երկու շաբաթում ունեցած ինֆորմացիան փոխանցեր խորհրդարան, ապա միջազգային կառույցներում աշխատող պատգամավորներս, ովքեր լավ կապեր ունեն տարբեր երկրների խորհրդարանների մեր գործընկերների հետ, կփորձեինք այս հարցը միջազգայնացնել: Եթե մեր իշխանությունները ոչինչ չէին կարող անել, ապա խորհրդարանը, որ ավելի  ազատ է խորհրդարանական դիվանագիտության իր գործիքներում, մենք այս հարցը կարող էինք բարձրաձայնել, եթե հարցը փոխանցեին խորհրդարան:

Վերջում Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց ձեռնպահ մնալ հուզական ելույթներից ու պատմական բարեկամության մասին անընդհատ հիշեցնելուց:

-Իհարկե դա շատ կարևոր է, թե քանի զորավար է կռվել Հունգարիայի անկախության համար, այստեղ Հունգարիայի բարոյականության հարցը կա, բայց մենք հիմա գտնվում ենք  ռեալ պոլիտիկի դաշտում և խոսում ենք ռեալ քաղաքականությունից: Վանո Սիրադեղյանը մի շատ լավ խոսք ուներ. “Մեռանք Ռուսաստանին բացատրելով իր շահը”: Եկեք ձեռնպահ մնանք ամեն երկրին բացատրելու իր շահը, հասկանալի է, որ Հունգարիան ուներ իր տնտեսական շահերը, բայց եկեք մենք մեր գործն անենք և այս ամենի մասին չլռենք միջազգային կառույցներոմ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply