Համգործակցության հեռանկարներ բարձր տեխնոլոգիաների առաջատարների հետ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 17:14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի “Ինթել” կորպորացիայի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացվել է, սակայն ոլորտը դիտվում է հեռանկարային և պահանջում է մշտական զարգացում: Նախարարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում “Ինթել”-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերով: Ներկայացնելով կրթության ոլորտի գերակայությունները՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ՀՀ կառավարության 2012-17 թվականների գործունեության ծրագրում ներառված է առաջին դասարանցիներին համակարգիչներ հատկացնելու ծրագիրը: “Ինթել” ընկերությունը այս ասպարեզում հաջող փորձ ունի: Կրթության և գիտության նախարարը ընդգծելով, որ համակարգչային հագեցվածության ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում առաջնային է դիտարկվում,  կարևորել է համագործակցությունն  ուսուցիչների վերապատրաստման և հայերենով էլեկտրոնային կրթական բովանդակություն ստեղծելու հարցերում: “Մենք շահագրգիռ ենք հատկապես ուսուցիչների վերապատրաստաման ծրագրով, որը կնպաստի էլեկտրոնային դասընթացներ  վարելու նրանց հմտության բաելավմանը, ինչպես նաև աշակերտ-համակարգիչ ցուցանիշի բարելավմամբ: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ”,-նշել է նախարարը:  Անդրադարձ է եղել նաև  բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների հենքային լաբորատորիայի ստեղծմանը: Հանդիպմանը ներկա ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանն ու ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը ներկայացրել են կրթության ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերն ու հեռանկարները:
“Ինթել” կորպորացիայի փոխնախագահ Քրիստիան Մորալեսը նշել է, որ տպավորված է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ակտիվ տեմպերով և հույս հայտնել, որ համագործակցությունը կողմերի համար կլինի արդյունավետ:
Հանդիպման արդյունքում  որոշվել է ՀՀ ԿԳ նախարարության և “Ինթել” կորպորոցիայի միջև  համագործակցության հուշագիր նախապատրաստել՝ հստակեցնելով ծրագրերի իրականացման ժամանակացույցն ու եզրերը:

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply