«Մենք հետաքրքրություն չենք ներկայացնում` որպես սուբյեկտ». Վ. Հովհաննիսյանը` միջազգային արձագանքի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2012 15:23
Խորհրդարանում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ ելույթների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ դրական է համարում և՛ ՀՀ նախագահի հայտարարությունը, և՛ հասարակության արձագանքը, սակայն նրան անհանգստացնում է միջազգային հանրության արձագանքը. «Նույնիսկ այն երկրները, որոնք Հունգարիայի կառավարությունից զզված, ամբողջ օրը նրա պահվածքից են բողոքում, այս հարցում մեր կողքին չկանգնեցին` ո’չ Ռումինիան, ո’չ Սլովակիան»,-ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի` դրա պատճառն այն է, որ մենք հետաքրքրություն չենք ներկայացնում` որպես սուբյեկտ, որին արժե օգնել: «Ո՞վ է մինչ օրս արձագանքել. Ռուսաստանը, որի արձագանքը չի բավարարում, Ֆրանսիան` ընդամենը պատգամավորական մակարդակով, ԱՄՆ-ի կողմից էլ հնչել է ընդամենը դժգոհություն: Սա մեզ պետք է ինչ որ բան սովորեցնի»,-ընգծեց նա:
Վահան Հովհաննիսյանն անհանգստացած է նաև գերմանական մամուլում դեպքի հետ կապված «պրովոկացիոն» հոդվածներից, որտեղ հնչում է այն միտքը, թե իբր Հայաստանը սպառնում է Ադրբեջանին: «Սա նշանակում է, որ մենք չենք կարողանում աշխատել տեղի մամուլի հետ,-նկատեց նա,-որտե՞ղ են մեր դեսպանները: Առնվազն այդ երկրների պատգամավորների հետ պետք է բացատրական աշխատանք տանել, պատգամավորներն անկաշկանդ մարդիկ են»:
Վահան Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ քննադատության թիրախում չպետք է հայտնվի միայն Ադրբեջանը, այլ այն կառույցներն ու քաղաքական դեմքերը, որոնք այս հարցի վերաբերյալ չեն արտահայտվել կամ ճիշտ չեն արտահայտվել. «Եվրապառլամենտի նախագահը ելույթ է ունեցել, բայց էլի շեշտել է այն, թե Հայաստան, Ադրբեջան, ձեզ խելոք պահեք, իրար մի նեղացրեք: Ինչ այլանդակություն որ Ադրբեջանն անում է, Հայաստանին հավասարապես զգուշացնում են: Միջազգային բոլոր հայտարարությունների մեջ տոնայնությունն այն է, որ ինչ եղավ, եղավ-գնաց, հիմա ձեզ խելոք պահեք: Սրա դեմ պետք է պայքարել: Մենք մեր հայտարարության մեջ սրա մասին բան չենք ասում: Ալիևին ենք բան ասում, մարդ ե՞նք գտել»:
Հովհաննիսյանը նաև առաջարկում է դժգհություն հայտնել Մինսկի խմբի դեմ` որպես պատասխանատու կազմակերպություն. «Ամեն կրակոցից հետո Հայաստանին ու Ադրբեջանին հավասարապես են զգուշացում տալիս»,-ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
