Միջոցառումների հատուկ շարք Նարեկացի արվեստի միության 8-րդ տարեդարձի կապակցությամբ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | September 5, 2012 15:09
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գրիգոր Նարեկացուն նվիրված միջոցառումների հատուկ շարքի մեկնարկով՝ Նարեկացի արվեստի միությունը կնշի իր Երևանի կենտրոնի հիմնադրման 8-րդ տարեդարձը:
Սեպտեմբերի 5-ից 9-ը հանդիսատեսին կընձեռնվի Նարեկացու «ծովաձայն բառի» հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն: Համերգների, դասախոսությունների, կինոդիտման և ցուցահանդեսի հագեցած ժամանակացույց, որ Նարեկացի արվեստի միությունը նախաձեռնել է հույսով, որ այս կերպ մեկ քայլ ավելի ենք մոտենալու մեր «անմատչելի հեռավոր ու անընդմիջելի մերձավոր» ու միևնույնն է, ինչպես Սևակն է նշում, «երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող» Նարեկյան լեռնապարին:
«Նարեկացու հետ» խորագրի ներքո տարեդարձյան միջոցառումների հատուկ այս շարքն իր շուրջ է համախմբել տեսողական ու կատարողական արվեստների առաջատար գործիչների և անվանի նարեկացիագետների: Այսպես, շարքի շրջանակում ելույթներով ու դասախոսություններով հանդես կգան Նարեկացու «Մատեան ողբերգության» երկի անգլերեն թարգմանության հեղինակ Թոմաս Սամուելյանը ու պոեմի արաբերեն թարգմանության խմբագիր Հայր Անտոնը Ադամյանը (Կանադա), ՝ երաժշտագետ Մհեր Նավոյանը, ազգագրագետ ու բանագետ Արուսյակ Սահակյանը:
Կազմակերպված դասախոսությունների շարքը, որ նախատեսված է թե մասնագիտական, և թե հանրության լայն շրջանակների համար, Նարեկացու բանաստեղծական, փիլիսոփայական ու աստվածաբանական հանճարը կներկայացնի ամենատարբեր դիտանկյուններից` անդրադառնալով ոչ միայն նրա բուն ժառանգությանը, այլ նաև` Նարեկացի – երաժշտություն – բանահյուսություն բազմաչափ առանցքին հայ միջնադարյան ու ժամանակակից մշակութային համատեքստում:
Գիտական այս լիցքից զատ` «Նարեկացու հետ» միջոցառումների շարքը հարուստ է նաև իր գեղարվեստականությամբ, քանզի այս օրերին Նարեկացու երաժշտական ավանդը` մասնավորապես նրա տաղերը, Նարեկացի արվեստի միության բեմահարթակից կհնչեն ամենատարբեր մեկնաբանություններով. վոկալ մշակումներ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ, փոխադրումներ հայկական վիոլայի համար`Գրիգոր Առաքելյանի մեկնաբանությամբ, գործիքային մշակումներ դուդուկի համար` Նարեկացի ժողնվագարանների համույթի մենակատար Արսեն Պետրոսյանի կատարմամբ:
Դե, իսկ շարքի գեղարվեստական առանցքը «Նարեկյան պատկերակերտումներ» ցուցահանդեսի բացումն է, որտեղ Գրիգոր Նարեկացին ու նարեկյան թեմաները վերհառնում են տեսողական վերընծայումների տեսքով` գեղանկարից քանդակ ու կոլաժ ժանրային բազմազանությամբ: Ցուցահանդեսի պատվո մասնակիցն է մեծանուն Հակոբ Հակոբյանը, ում աշխատանքի կողքին կներկայացվեն նաև Տիգրան Ասատրյանի, Նարեկ Ավետիսյանի, ՀերիքնազԳալստյանի, Գոհար Թումասյանի, Արմեն Խաջոյանի, Արամ Հունանյանի, Մուշեղ Մխիթարյանի, Սևան Նագգաշյանի և Հովնան Սարգսյանի գեղարվեստական պատկերակերտումները:
Կինոսերներին նույնպես հաճելի անակնկալ է սպասվում, քանզի սեպտեմբերի 7-ին «Նարեկացի որոնելիս» կինոնկարի ցուցադրությանը կհաջորդի հանդիպում ֆիլմի ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հետ:
Սեպտեմբերի 5-ի հանդիսավոր բացման մուտքը հրավիրատոմսերով է, շարքի մնացած միջոցառումների մուտքն ազատ է:






Facebook
Tweet This
Email This Post
