«Էնքան դատափետեմ, բոլորդ զարմանաք…». Ն. Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 14:57

Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ պատգամավորների մտքերի փոխանակման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մինչ իր ելույթին անցնելը, նկատեց. «Հատկանշական է, որ ԱԳՆ նախարարն ու փոխնախարարը հոգնեցին և գնացին»: ԱԺ նախագահն էլ հակադարձեց, թե նրանք չեն  հոգնել ու գնացել, այլ աշխատում են ԱԺ հայտարարության վրա:

Անցնելով բուն ելույթին` Զոհրաբյանը ներկաներին հիշեցրեց նման ցավալի հետևանքին նպաստող մի պարզ օրինակ. «Երբ 2012 . բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ-ն ընդամենը մեկ առաջարկ ներկակայացրեց, այն է` ավելացնել մեր արտաքին գերատեսչության`  քարոզչությանը նվիրված բյուջեն` 21 միլինոնից դարձնելով 100 միլիոն դրամ, մեզ ասացին, թե ավելի կարևոր ծախսեր կան»:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց լինել անկեղծ, ազնիվ և պարզ խոսել` խոսել այն մասին, թե ինչ կարող էինք անել մենք, որ չարեցինք: Նրա խոսքով, անձամբ է զրուցել Հունգարիայի հայ համայնքի փոխնախագահի հետ և տեղեկացել, որ ս.թ. օգոստոսի 20-ին հայ համայնքը պաշտոնական հարցում է արել Հունգարիայի խորհրդարանին Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ և ստացել դրական պատասխան:

«Խորհդրարանի նախագահի մակարդակով նրանց ասվել է, որ նման բան նախատեսվում է, ինչո՞ւ մեր ԱԳՆ-ն խորհրդարանին այդ մասին տեղյակ չի պահել,-հարցրեց Զոհրաբյանը,-ԱԳՆ-ի և ԱԱԾի-ի մեր հարգարժան ներկայացուցիչներ, ինչո՞վ էիք զբաղված դուք»:

Նրա կարծիքով, անիմաստ, անգամ անպատվաբեր է այսօր խոսել Ադրբեջանի մասին և քննադատել Ադրբեջանի գործողությունները. «Էնքան դատափետեմ, բոլորդ զարմանաք, բայց սա դրա տեղը չէ,-ասաց Զոհրաբյանը` կրկին խորհուրդ տալով լինել անկեղծ ու ազնիվ և «մեր ներսը նայել, ասել, թե ինչ կարող էինք անել, որ չարեցինք»:

Նաիրա Զոհրաբյանը վրդովված է նաև Եվրոպայում հայ դեսպանների անգործությունից. «Ես Նալբանդյանին կհարցնեի` ընդհանրապես նա գիտե՞, թե ինչով են զբաղված Եվրամիության անդամ երկրների մեր որոշ դեսպաններ,-ասաց նա,-իմ տպավորությամբ, նրանք խորպես սխալ են հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները: Երևի մտածում են, թե դա 2 միջոցառում է` ապրիլի 24-ին լացակումած կանգնել Ցեղասպանության հուշարձանների մոտ և սեպտեմբերի 21-ին անկախության ֆուրշետ անել»:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply