ԱԺ նստաշրջանի ընթացքում հրապարակվեց Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 13:51

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` հուլիսի 4-ին ներկայացրած հրաժարականի գրավոր դիմումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով, եւ այդ մանդատը թափուր մնալուց հետո՝ 80-օրյա ժամկետում։ Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել թիվ 1 ընտրատարածքից (ընդգրկում է Ավան վարչական շրջանը):

Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 3-ին հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մտադրության մասին: Նրա որոշումը պայմանավորված է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հետ, որի հետեւանքով մահացավ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը:

Դիտվել է 1947 անգամ:
Print Friendly

Leave a Reply