Խորհրդարանում քննարկվեց Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ ԱԺ հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 13:47

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարությունից հետո խորհրդարանում ծավալվեց քննարկում:

Վահան Հովհաննիսյանը բարձրացրեց այն հարցը, թե արդյո՞ք նպատակահարմար է հայտարարության մեջ շեշտել Հունգարիայի մեղավորությունը` հանցագործությունը կատարելու ժամանակ: Ըստ նրա, սրանով Հայաստանը հիմք է ստեղծում շեղել ուշադրությունը բուն խնդրից և վեճ սկսել այս և ոչ հիմնական հարցի շուրջ:

Հովհաննիսյանը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք հանձնաժողովը փորձել է պարզել` հնարավորություն ունե՞նք դիմել միջազգային ֆինանսական կազմակերպություններին` մոնիտորինգ անելու և պարզելու, թե այդ գործարքն ընթացքի մե՞ջ է և եթե այո` փորձենք կանխել: «Դրանց միայն մի ձև կա պատժելու, որ փողը չստանան»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, որ հայտարարության մեջ խոսք չկա ԼՂՀ անվտանգության երաշխավորման վերաբերյալ Հայաստանի պատասխանատվության մասին: Նա նաև առաջարկեց գործարք եզրույթը օգտագործել ավելի հստակ և նպատակային` հատկապես, եթե այն օգտագործվել է քաղաքական իմաստով:

Առաջարկներից մեկն էլ այն էր, որ ԱԺ-ն դիմի նաև ՆԱՏՕ-ին, ինչպես նաև հայտարարության մեջ շեշտադրում լինի համայն հայությանը դիմում հղելու վերաբերյալ:

Արծվիկ Մինասյանին անհանգստացնում է նաև այն, որ հայտարարության մեջ խոսք չկա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին. «Պետք  է խոսք լիներ Հայաստան-Թուրքիա նախաստորագրված արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԼՂՀ անկախության ճանաչման հարցի վերաբերյալ մասնագիտական քննարկում իրականացնելու իրենց առաջարկը չի ընդունվել և տեղի չի ունեցել: Բացի այդ նա բարձրացրեց ԱԳՆ-ի կողմից պատագմավորներին պաշտոնական տեղեկանք տրամադրելու հարցը. «Մինչ օրս մենք ամբողջական տեղեկատվություն չունենք, թե ի՞նչ է իրականացրել ԱԳՆ-ն մինչ Սաֆարովի արտահանձնումը և ի՞նչ է անում հիմա»:

Հակոբյանի խոսքով, հիմնական տեղեկատվական աղբյուրները կայքէջերն են, որոնց սակայն, նա չի վստահում:

Ընդհանրացնելով ԱԺ հայտարարության վերաբերյալ իր տեսակետը` Հակոբյանը նշեց, որ ՀՀ Նախագահի հայտարարությունը շատ ավելի բարձր նշաձող էր, քան այս հայտարարությունը:

«Ժառանգության» քարտուղար Զարուհի Փստանջյանի կարծիքով, եթե հայտարարությունը չի վերաբերում ԼՂՀ ճանաչմանը, ապա այնտեղ ընդհանրապես պետք չէր ներառել ԼՂՀ-ին առնչվող որևէ միտք: Նրան վրդովեցրել է Հայտարարության 3-րդ կետը, որտեղ նշված է.« Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Ըստ Փոստանջյանի, այս ձևակերպումը նման է երկակի ստանդարտներով առաջնորդվողների ձևակերպմանը. «Այսինքն, դեռ կասկածնե՞ր ունեք, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող  որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինել»,-զարմանում է Փոստանջյանը:

Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply