Azertac-ը հնարել է նոր ԱՍԱԼԱ. ադրբեջանական հերթական սուտը մերկացված է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2012 13:13

Հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ոճրագործին Բաքվում ներում շնորհելն իրական պատուհաս է դարձել ադրբեջանական իշխանությունների գլխին: Ադրբեջանական հիստերիայի հերթական դրսևորումը հայկական նոր «ԱՍԱԼԱ» կազմակերպության «հիմնումն» ու այդ կազմակերպության անունից հաղորդագրություններ տարածելն է: Ադրբեջանական քարոզչությունը, սակայն, հերթական անգամ ձախողվեց հենց այն ժամանակ, երբ փորձ արվեց «ԱՍԱԼԱ»-ի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի թիվը 600 հազար ներկայացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Azertac գործակալության կայքում հայտնվել է հայկական կազմակերպության, այսպես կոչված, նամակ-ուղերձը, որը, ըստ ադրբեջանական կողմի, սեպտեմբերի 3-ին ուղարկվել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատուն:

Նամակում իբր հայերը սպառնացել են Գուրգեն Մարգարյանի մարդասպանին ազատ արձակելու դիմաց թիրախի տակ առնել օտար երկրներում աշխատող ադրբեջանցի դիվանագետներին, արտասահմանում գտնվող ադրբեջանցի ուսանողներին և ակտիվիստներին: Սա պետք է համարել Ադրբեջանի սկսած խաղի շարունակությունը: Ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկության շինծու լինելը վկայում է այն, որ նամակում «ԱՍԱԼԱ»-ն, խոսելով Հայոց ցեղասպանության զոհերի մասին, նշում է. «Թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը, որին զոհ է գնացել 600 հազար հայ, այսօր կենդանի է հայերի հիշողություններում»: Դժվար է հասկանալ ադրբեջանական տրամաբանությունը. այն դեպքում երբ «ԱՍԱԼԱ»-ն Թուրքիայում և Ադրբեջանում մշտապես հայտարարվում է որպես հայկական ազգայնական կազմակերպություն, ինչպես այն կարող է հրապարակայնորեն հայտարարել ցեղասպանության ընդամենը 600 հազար զոհերի մասին. ողջ աշխարհում մեկ ու կես միլիոն զոհված հայերի փաստն արդեն իսկ ճանաչված իրողություն է:

Ադրբեջանում ոճրագործին «հերոսացրած» իշխանությունները հող են նախապատրաստում վերջին օրերին ակտուալ դարձած սաֆարովյան գլխացավանքից ազատվելու համար: Այս հարցում առաջացած ադրբեջանական խուճապը հերթական անգամ Ադրբեջանին ստիպել է գնալ սխալ քայլի: Այն, որ Ալիևի հերթական հակաօրինական գործունեության մեջ «փոքր եղբորը» օգնում է Թուրքիան, վկայում է այն, որ նամակը գրվել է հենց թուրքերեն լեզվով:

Նման պայմաններում անհրաժեշտ է միայն, որ միջազգային հանրությունն ավելի աչալուրջ լինի ադրբեջանական խաղերի նկատմամբ ու գոնե այս դեպքում չենթարկվի ադրբեջանական սադրանքներին և անտեսելով նավթային գայթակղությունները` առաջնորդվի ժողովրդավարական հասարակությանը բնորոշ արժեքներով:

Դիտվել է 1932 անգամ:
Print Friendly

Leave a Reply