Բուդապեշտում ցուցարարները մեղադրել են երկրի կառավարությանը հասարակությանը «սպանել» սովորեցնելու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 5, 2012 10:04
Բուդապեշտում Հունգարիայի խորհրդարանի առաջ ավարտվել է բազմամարդ բողոքի ցույցը, որով դատապարտվել է Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչ Արայիկ Գրիգորյանը` Հունգարիայի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրճանի կազմակերպած ցույցի մասնակիցների թիվը հասել է երեք հազարի: «Ցույցին հիմնականում մասնակցում էին ազգությամբ հունգարներ, ովքեր պահանջում էին երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականը: Հունգար ժողովրդի մոտ Սաֆարովին արտահանձնելու որոշումն ընկալվել է որպես հանցագործություն, և զանգվածային լրատվամիջոցները, և հասարակությունը քննադատաբար է մոտենում Հունգարիայի կառավարության այդ քայլին: Հունգար ժողովուրդը մեղադրում է կառավարությանը` հասարակությանը «սպանել» սովորեցնելու համար»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով` մեկ ժամ տևած բողոքի ցույցի մասնակիցները ներողություն են խնդրել հայ ժողովորդից և հույս հայտնել, որ երբևէ կարժանա եղբայրական հայ ազգի ներողամտությանը: Ցույցի մասնակիցները պարզել են «Հունգարացիների պատիվը վաճառքի առարկա չէ», «Մենք ներողություն ենք խնդրում հայերից» վերտառությամբ պաստառներ:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
