Արտգործնախարարը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2012 14:35


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 4-ին այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաեւ մայր ԲՈւՀ-ի եւ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ ԱԳ նախարարն ասաց. «Փաստ է, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասն ավարտել է Միջազգային
հարաբերությունների ֆակուլտետը: Հաճելի է նշել, որ ուսանողների մի մասն
ընտրում է դիվանագետի մասնագիտությունը, ընդունվում Դիվանագիտական դպրոց եւ համալրում արտգործնախարարության շարքերը»:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Անդրադառնալով հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը` ԱԳ նախարարն ասաց.

«2004թ. ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին տեղափոխելու համար: Հունգարիայի իշխանությունները կտրականապես մերժում էին այդ բոլոր փորձերը: Ի՞նչ պատահեց, որ Հունգարիայի ներկայիս կառավարությունը հանկարծակի հավատաց Ադրբեջանի ստերին:

Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը, հերոսացնում էր մարդասպանին: Հիմա, ինչպես կարող է Հունգարիան ձեւացնել, որ հավատացել է ադրբեջանական կեղծ խոստումներին եւ գնացել նման կասկածելի քայլի:

Ադրբեջանի իշխանությունները իրենց երկրում խորապես արմատավորված կոռուպցիան փորձում են բարձրացնել միջպետական հարաբերությունների մակարդակի:

Տեղյակ լինելով, Ադրբեջանի փորձերին, Հայաստանը բոլոր՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակներով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու միանշանակ հավաստիացումներ ստացել, որ նման քայլը բացառված է:

Ադրբեջանի ղեկավարության այս խայտառակ քայլը միջազգային հանրության մոտ շոկ է առաջացրել, բայց ոչ պակաս շոկ է առաջացնում Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության նկատմամբ: Միջազգային հանրության կողմից նման երեւույթների հանդուրժումն է ձեւավորում սադամհուսեյների»,- ընդգծեց նախարարը:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply