Կարինե Դանիելյան. «Ընդերքօգտագործումը Հայաստանում չարիքի է վերածվել»

Օրվա լուր | | February 16, 2010 17:27

«Մի կողմից Հայաստանը  միանում է միջազգային բնապահպանական կոնվենցիաներին, մյուս կողմից էլ կոպիտ կերպով խախտում դրանք»,- ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ նշելով,  որ  չնայած վերջին տասնամյակում Հայաստանում ավելացել են պահպանվող տարածքները, սակայն նոր  Կարմիր Գիրքը ցույց է տալիս, որ աճել  են նաև կորուստները:

«Շատ դեպքերում Հայաստանում արգելավայրերը ֆորմալ բնույթ են կրում: Հայտնի են դեպքեր, երբ ուղղաթիռից որսացել են Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ կենդանիների նորածիններին»,- ասում է Դանիելյանը:

2012-ին Հայաստանը մասնակցելու է Ինդոնեզիայում կայանալիք «Ռիո 20+» էկոլոգիական միջազգային խորհրդաժողովին. այստեղ յուրաքանչյուր երկիր զեկույց է ներկայացնելու, թե վերջին 10 տարիների ընթացքում ինչ պայքար է մղել էկոլոգիական խնդիրների դեմ, որքանով է իրականացրել բնապահպանական հազարամյակի և ազգային նպատակները:

Դանիելյանն ասում է, որ Հայաստանը խնդիրներ է ունենալու այդ զեկույցին պատրաստվելիս:

Ըստ Դանիելյանի՝  2000-ին ՄԱԿ-ին ներկայացված հաշվետվությունում նշվել է, որ Հայաստանում անտառածածկ տարածքները 10 տոկոս են կազմում, և  մեր երկիրը պարտավորվել է 2015-ին ապահովել 15 տոկոս անտառածածկ տարածք: «Իրականում անտառածածկ տարածքն այն ժամանակ Հայաստանում 8 տոկոս էր կազմում և հիմա Հայաստանը ծուղակում է հայտնվել. պետք է ավելի շատ անտառածածկ տարածք ապահովի »,- ասում է Դանիելյանը:

Դանիելյանի խոսքով՝  Հայաստանի առաջնային  էկոլոգիական խնդիրը հիմա հանքարդյունաբերությունն է: Դանիելյանը նշում է, որ բաց հանքարդյունաբերության զարգացումն անթույլատրելի է, ինչը, սակայն, տեղի է ունենում Հայաստանում. «Ընդերքօգտագործումը հիմա չարիքի է վերածվել»,- ասում է Դանիելյանը՝ հավելելով, որ դա Հայաստանի համար լուրջ էկոլոգիական վտանգներ է ներկայացնում:

Դիտվել է 2231 անգամ:
Print Friendly

Leave a Reply