“Ա1+”-ը կրկին եթեր կունենա… Բայց “Արմնյուզ”-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 4, 2012 13:22


Սեպտեմբերի 10-ից “Ա1+”-ը վերադառնում է եթեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին “Արմնյուզ” հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանն ու “Ա1+” ՀԸ նախագահ Մեսրոպ Մովսիսյանը:
“Արմնյուզ”-ը համագործակցության պայմանագիր է ստորագրել “Մելտեքս” ընկերության հետ, համաձայն որի “Ա1+”-ը իր լրատվական հաղորդմամբ ամեն օր կլինի “Արմնյուզ”-ի եթերում: Պայմանագրով շաբաթը 5 օր`երկուշաբթիից ուրբաթ, “Ա1+”-ի “Այբ-ֆե” լրատվական-վերլուծական ծրագիրը կհեռարձակվի “Արմնյուզ”-ի Prime time-ում երեկոյան 9-ին”-ասաց “Արմնյուզ”-ի գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը:
Արտակի խոսքով այս նախաձեռնությունը “Արմնյուզ”-ինն է, որի նպատակն է հեռուստադիտողին տալ հնարավորություն ստանալ ինֆորմացիոն ժանրի առավել մրցակցային ու բազմազան հեռուստապրոդուկցիա:
“Այս նախաձեռնությունը նաև տրամաբանական արտահայտությունն է այն եթերային քաղաքականության, որ որդեգրել է “Արմնյուզ”-ը այս եթերաշրջանին` 2012-2013: Մենք նպատակ ունենք հատկապես Prime time-ում ներկայացնել հաղորդումներ, որոնք հնարավորինս բազմազան և տարբեր սպեկտրով կներկայացնեն լրատվական ու սոցիալ-հանրային կյանքը մեր երկրում”-ավելացրեց հյուրընկալող հեռուստաընկերության գործադիր պրոդյուսերը:
Վերջինս վստահեցրեց, որ “Արմնյուզ”-ը չի միջամտելու “Ա1+”-ի պատրաստած հաղորդումների խմբագրական քաղաքականությանը: Պայմանագիրը կնքվել է 1 տարով, և կերկարացվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
“Ա1+”-ի “Այբ-ֆե” լրատվական-վերլուծական ծրագրի պրեմիերան “Արմնյուզ”-ի եթերում տեղի կունենա 2012 թվականի սեպտեմբերի 10-ին, երեկոյան ժամը 9-ին:

Վահե Մակարյան

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply